Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը այցելել է Մարսելի հայ առաքելական եկեղեցի և հանդիպել ծխական խորհրդի անդամների հետ. հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ից: Այնուհետև Կ. Միրզոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի` Մարսելի մասնաճյուղի անդամների հետ:
ԼՂՀ ԱԳ նախարարի պատվին ընդունելություն է կազմակերպվել նաև Մարսելի քաղաքապետարանում, որին ներկա են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել Մարսել քաղաքի և Արցախի միջև հաստատված բարեկամական կապերի կապակցությամբ և կարևորել դրանց զարգացման և խորացման անհրաժեշտությունը:
Հունիսի 11-ի առավոտյան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն այցելել է Մարսելի հայկական Համազգային դպրոց, որտեղ հանդիպել է մանկավարժական կազմի, վարչական խորհրդի անդամների, ծնողների և աշակերտների հետ:
Այդ օրը Լե-Պեն-Միրաբո քաղաքում Կ. Միրզոյանը մասնակցել է քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև:
Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված` Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը` կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը: