կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 15:00
Առանց Կատեգորիա

Երվանդ Օտյանի «Հայկական սփյուռքը» գիրքը

Երվանդ Օտյանի «Հայկական սփյուռքը» գիրքը

Երվանդ Օտյանի «Հայկական սփյուռքը» գիրքը  այս թեմայով առաջին վեպն է և առաջինն է, որ ներկայացնում է սփյուռքահայերի առօրյան, աքսորը, կարոտն առ հայրենիք, որպես ազգ գոյատևելու երաշխիքը և ապագան։

Հոդվածի հիմնական թեման Երվանդ Օտյանի «Հայկական սփյուռքը» վեպի հրատարակումն է «KOR Kitap» հրատարակչության կողմից, գրողի 150-ամյակի կապակցությամբ։ Այդ գիրքը Օտյանի հեղինակած վերջին ստեղծագործությունն է եղել, հայերենից թուրքերեն է թարգմանվել Գևորգ Թաշքըրանի կողմից ու հայտնվել ընթերցողների և Օտյանի ստեղծագործությունների սիրահարների սեղանին։ Կահիրեի, որտեղ Օտյանը անցկացրել է իր կյանքի վերջին օրերը, «Արև» թերթում «Հայկական սփյուռք» գիրքն սկսվել է մաս առ մաս հրատարակվել 1924 թ․ հոկտեմբերի 18-ին, հրատարակումն ավարտվել է 1925 թ․ հոկտեմբերին։ Եգիպտահայ նկարիչ Ալեքսանդր Սարուխանի (1898-1977) պատկերազարդումներով հարստացված սույն ստեղծագործությունը, ցավոք, հրատարակվել է միայն 1999 թ․։  Երևանում է տեղի ունեցել գրքի հայերեն առաջին հրատարակությունը, իսկ երկրորդ անգամ տպագրվել է Ստամբուլում՝ 2019 թ․, որտեղ տեղի են ունեցել գրքի ամենաառանցքային իրադարձությունները։

Կահիրեում հայերեն լույս տեսնող «Արև» թերթի կողմից այդ օրերին արված ծանոթագրությունները, թուրքերենով հրատարկությունն այսօր էլ նույնքան ընդունելի և զգացմունքային են. «Առաջիկա շաբաթ օրը սկսելու ենք հրապարակել մեր տաղանդավոր երգիծաբան և գրող Երվանդ Օտյանի գլուխգործոցը։ Վեպ, որը սփյուռքահայերի, ճնշումների ենթարկվող հայերի առտնին կյանքի մասին է, մեծ հետաքրքրություն կառաջացնի, իրական կյանքից վերցված այս գրքի ընթերցումը չափազանց հուզիչ է լինելու և հպարտանալու տեղիք է տալու»։

 Որոշումս կայացրեցի

«Հայկական սփյուռքը» գիրքը այս թեմայով Սփյուռքում գրված առաջին գիրքն է և  առաջին վեպը, որտեղ ներկայացվում է սփյուռքահայերի ապրելակերպը, մի տեղից մյուսը փոխադրվելը, կարոտն առ հայրենիք, ազգ մնալու առհավատչյան, առօրյան և ապագան։
Ստամբուլի արհեստավորներից և վեպի գլխավոր հերոսներից Բարսեղ էֆենդու խոսքերը կենդանի բացատրությունն են այն բանի, թե 1922 թ․ ինչպիսի պայմաններում է  ձևավորվել սփյուռքը․
«Ես որոշումս կայացրել եմ․ իմ խանութի բոլոր ապրանքները վաճառելու եմ, երկու տունս էլ եմ ծախելու, ընտանիքս վերցնելու եմ և գնամ Հայաստան։ Այնտեղ մի կերպ կգոյատևեմ, եթե անգամ որևէ գործ չանեմ՝ հոգ չէ․ իմ մոտ եղած գումարը ինձ կբավականացնի։ Թե չէ, քանի՞ տարվա կյանք է ինձ մնացել․․․ Գոնե իմ կյանքի վերջին օրերը Սուրբ Էջմիածնի ստվերի տակ, Արարատի դիմաց, մեր պապերի հնագույն հողի վրա կանցնեն, այդ հողի տակ էլ կթաղվեմ․․․ Հայաստա~ն, Հայաստա~ն ասելով՝ մեր կյանքը սպառեցինք, ազատության մասին երգեր երգեցինք, ինքնավարություն երազեցինք։  Է՜հ, հիմա Փա՜ռք Աստծո, անկախ Հայաստան ունենք, ինքնուրույն ղեկավարող կառավարություն ունենք, ինչու՞ պետք է ուրախ չլինեմ, ինչու՞ հեռու-հեռվում հոգոց հանեմ միայն․․․ Ի՞նչ գործ ունենք այստեղ, հերիք է օտար տաջիկներին «շնորհակալություն հայտնենք, գլուխ խոնարհենք, հալածվենք․․․ իմ որոշումը որոշում է, ես գնալու եմ․․․ հնարավորինս շուտ։ Խանութում եղած ապրանքը մինչև ամսվա վերջ կվաճառեմ․․․»»։
Ծանոթ մարդիկ գիտեն Երվանդ Օտյանի՝ հումորով լի, քաղցր և սուր լեզվի մասին։ Այս ստեղծագործության թեման, որի ընթերցումն սկսելուց հետո այլևս չես կարողանում կտրվել, Բարսեղ էֆենդու այդ տրամաբանական և մաքուր ցանկության հանդիպած դժվարություններն ու հայկական սփյուռքի ձևավորումն են դառնում։

1915-16 թթ․ օսմանյան կառավարության կողմից իր հպատակ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին։ Մնացած հայերը պետության կողմից օտար համարվեցին։ Նրանք տեսան, որ այնտեղ չկա կյանքի ապահովություն և կամավոր լքեցին երկիրը։ Նրանք ստիպված ապրեցին արտասահմանում և կազմեցին հայկական սփյուռքը։  Առաջին աշխարհամարտի ավարտից հետո օսմանյան տարածքում ապրած և հույսով լցված մի շարք հայ քաղաքացիներ 1922 թ․ աշնանը Իզմիրում (Զմյուռնիա) ոչ մուսուլմանների հետ պատահածների պատճառով մեծ տրավմա ապրեցին։ Թշնամու բանակը ծով լցնողները Էգեյան ծովի ավազանում և Իզմիրում ապրող հույն և հայ քաղաքացիներին էլ էին ծովը նետում։ Իզմիրում այրվող հունական և հայկական թաղամասերի ծուխը տեսանելի էր Ստամբուլից։  Այն վախը, որ նույնը կարող է իրենց հետ պատահել Ստամբուլում, 1915-16 թթ․ ողջ մնացած և Անատոլիայից (Արևմտյան Հայաստանից) Ստամբուլ եկած հայերի մոտ տեղիք է տալիս, որ իրենց ապահով նավամատույցներ նետեն։ Շատ կարճ ժամանակահատվածում Ստամբուլի նավամատույցից դեպի հարևան երկրներ մեկնող նավերը լցվում են մարդկանցով։ Աթենք, Բուխարեստ, Կոստանցա, Ալեքսանդրետտա․․․ կապ չուներ, թե ուր էին գնում։ Ահա այդ նավերից մեկում էր նաև Երվանդ Օտյանը։
Գնացողները՝ հույսով, թե մի որոշ ժամանակ անց վիճակը կհանդարտվի, և ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին,  իրենց աչքի առաջ ունենալով հետ վերադառնալու հնարավորությունը, իրենց հետ վերցնում էին բեռի համար թեթև, իսկ շուկայում բարձր արժեք ունեցող իրեր։ Միայն հիմա գիտենք, որ գնացածների ճակատագիրը ոչ թե վերադառնալն էր, այլ՝ ավելի հեռու երկրներ հեռանալը։ Գիտենք, որ մեր երկրից ամենահեռու վայրեր գնալուց հետո այսօր ձևավորվել է հայկական սփյուռքը։ Սփյուռք, որը հայտի է  թուրքերեն ազգանունների վերջում կցված «յան» մասնիկով։

Կենդանի պատմություն գրողը

Լրագրող և գրող Երվանդ Օտյանն իր հետ կատարված ամեն բան գրել է թեթև, երգիծական ոճով։ Վեպը շատ ռեալիստական է, քանի որ 1922 թ․ երկրից փախչելու ճամփան ինքն էլ էր բռնել։ Վեպի էջերում կարող ենք կարդալ հայ բոլոր համայնքերից եկած մարդկանց մեկնաբանությունները, արձագանքները այդ դեպքերի մասին։
Նույն կերպ 1896 թ․ Ստամբուլի փողոցներում կատարված հայերի սպանություններից հետո Երվանդ Օտյանը կրկին ստիպված էր եղել հեռանալ երկրից։ Դրանից հետո 12 տարի տարբեր օտար երկրներում լրագրությամբ է իր ապրուստը վաստակել։ Վերադառնալուց հետո նա գրում է «Տասներկու տարի Պոլսէն դուրս՝ 1896-1908 թթ․» վերնագրով հուշագրությունը, որում պատմում է այդ տարիների մասին։
1915 թ․ ապրիլի 24-ի գիշերը Ստամբուլում ձերբակալվածների ցուցակի մեջ էր նաև Օտյանը, որին պատահաբար ոստիկանութունը չի գտնում, սակայն նա սկսում է  ապրել փախստականի կյանքով։ 1915 թ․ սեպտեմբերին ձերբակալվում է և երեք տարով աքսորվում։ Ճանապարհորդությունից, որից բազմաթիվ մարդիկ չեն կարողացել ողջ մնալ, Օտյանը շատ դժարությունների և ստորացումների հանդիպելով՝ վերադառնում է։ Այդ ընթացքում նա հասնում է այն վիճակին, որ Դեր Զորը համարում է չարյաց փոքրագույնը։ 3․5 տարի հետո Ստամբուլ վերադառնալուց հետո ոչ թե երկիրը լքում է, այլ իր գրչին է կառչում և իր հետ տեղի ունեցածները եկող սերունդներին թողնելու համար ընտրում է այդ ամենի մասին պատմելու ուղին։ Ահա և «Անիծյալ տարիներ» վերնագրով նրա ստեղծագործությունը պատմում է այդ 3․5 տարվա ընթացքում իր հետ տեղի ունեցածները առաջին ձեռքից, կենդանի լեզվով։
«Անիծյալ տարիներ» գիրքը անճարությունը ներկայացնող ստեղծագործություն է, որը պատմում է այն մասին, թե ինչպես է հայ հեղափոխական կուսակցությունների հետ կապ չունեցող, ընդհակառակը, երգիծական լեզվով նրանց քննադատող Երվանդ Օտյանը Դեր Զորից անապատի հարավ փախչում, և թե ինչպես են նրա ճանապարհը կտրում մի խումբ արաբներ,  թալանում նրան ու մերկացնում։ Երվանդ Օտյանը, որը Կայսերիից (ԿեսարիաՍտամբուլ (Կոստանդնուպոլիս) եկած և Պալյան ընտանիքի մոտ պալատական ճարտարապետ դարձած Պողոս Օտյանի ընտանիքից էր, առաջին օսմանյան սահմանադրությունը պատրաստողներից Գրիգոր Օտյանի զարմիկը, Ռումինիայի Ջըրջովա քաղաքում օսմանյան հյուպատոս հոր որդին, Ստամբուլի ամենահայտնի գրողներից և լրագրողներից էր, անապատի մեջտեղում նորածնի էր նման և միայնակ․․․
«Հայկական սփյուռքը» գիրքը, որը բաղկացած է Ստամբուլից վերջին բաժանման ժամանակ իր հետ տեղի ունեցածներից, կենդանի վկայություններից, Երվանդ Օտյանի այն ստեղծագործություններից է, որը մինչ օրս արժանի ուշադրության չի արժանացել։ Վստահ եմ, որ ընթերցողների կարծիքը գրքի վերաբերյալ արագ կփոխվի։

Բեղուն գրիչ ունեցող Օտյանը

Ստեղծագործությունների այն ցանկը, որը ես գտա, ցույց է տալիս, թե Երվանդ Օտյանը ինչպիսի բեղուն գրիչ է ունեցել։
Վեպերը՝  «Սիրո նահատակ» (1892), «Վաշխառուն» (1892), «Կաղանդի վիպակ» (1893), «Գործ եփող մը» (1895),  «Միջնորդ տեր պապան» (1895), «Հեղափոխության մակաբույծները» (պատմություն/ 1898 – 1899), «Արյունոտ հուշեր» (հուշ, 1898), «Բարի Ջելլաթը» (1899), «Գործի մարդիկ» (1900–1901), «Ազգային բարերարներ» (1905), «Զավալլըն» (թատերական ներկայացում/ 1905), «Միքեի սիրարկածը» (1906), «Ֆրանկո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (բեմադրություն Միքայել Գյուիջյանի հետ միասին/1909), «Ընտանիք, պատիվ, բարոյական» (1910), «Ապտյուլ Համիտ և Շերլոք Հոլմս» (1911), «Ընկեր Փանջունի․ ի Ծապըլվար» (1911), «Սալիհա հանըմ կամ բանակը բռնաւորին դէմ» (1912), «Տասներկու տարի Պոլսեն դուրս՝ 1896-1908» (հուշագրություն/1912 – 1913), «Ես դրսեցի չեմ առներ»  (1913), «Մեր երեսփոխանները» / դիմանկարներ (1913), «Ընկ․ Բ․ Փանջունի․ ի Վասպուրական» (1914), «Վաճառականի մը նամակները կամ Կատարյալ մարդ ըլլալու արվեստը» (1914), «Թաղականին կնիկը» (1915), «Անիծյալ տարիներ» (Հուշագրություն/1918-1919), «Թիվ 17 խաֆիեն»  (1919 – 1921), «Նոր հարուստներ» (1919 – 1920), «Ընկեր Բ․ Փանջունին տարագրության մեջ» (1923), «Հայկական սփյուռքը» (1924–1925)։
Այս ստեղծագործություններից բացի՝ կան նաև թերթերում հրապարակված պատառիկներ, օրագրություններ և հոդվածներ։

Նեսիմ Օվադյա Իզրաիլ

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net