Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը Հայոց ցեղասպանության հարցով կազմակերպված համաժողովի ժամանակ նշել է, որ թուրք ժողովուրդը հայերի հետ հազար տարվա պատմություն ունի. տեղեկացնում է Haberturk-ը:
Շեշտելով, որ Հայկական հարցի մասին չպետք է միայն 1915 թվականի իրադարձությունների ներքո խոսել, Աքդողանն ասել է, որ այդ ժամանակաշրջանը մյուս ժամանակներից առանձնացնելով մեկնաբանելը սխալ արդյունքների է հանգեցնում:
Նշելով, թե Թուրքիան բոլոր հարցերի շուրջ շատ հանգիստ կարողանում է խոսել, Թուրքիայի փոխվարչապետն ասել է. «Բան չմնաց, որ Թուրքիային չասեն: Սակայն, եթե Եվրոպայում ասեք, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, պատիժ է հասնում: Սա ինչպիսի՞ ժողովրդավարություն է: Սա ե՞րբ տաբու դարձավ, ե՞րբ դարձավ սրբազան տեքստ: Ինչո՞ւ եք վախենում: Չկա ոչ մի փաստ, կան միայն քաղաքական մանիպուլիացիաներ, լոբբիների և խորհրդարանների աշխատանքներ: Դրանց վրա ոչ մի որոշում չի կարող կայացվել: Խորհրդարանները պատմություն չեն կարող գրել կամ որոշում կայացնել»:
Կրկնելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների անգիր թեզը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին, Աքդողանն ասել է. «Այդ հարցում Թուրքիան ճանապարհներ է փնտրել, սակայն Թուրքիայի պարզած ձեռքը միշտ օդում է մնացել: Հայկական հարցի վերաբերյալ բազմիցս ասացինք, որ բացում ենք արխիվները։ Առաջարկեցինք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, մասնագետները թող աշխատեին։ Դրա համար մեծ խիզախությո՞ւն է հարկավոր։ Հայաստանի հետ հարաբերություններում կարգավորում չի եղել։ Հակառակ կողմը միշտ պատճառաբանություններ է գտնում։ Որպես ժեստ` մեր նախագահը վարչապետության տարիներին ցավակցական ուղերձ հղեց, սակայն` ապարդյուն»:
Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման և Հայկական հարցի բարձրացման համար Հայկական սփյուռքին հերթական անգամ մեղադրելով թուրք պաշտոնյան ասել է. «Մենք էլ ի՞նչ կարող ենք անել: Հայկական սփյուռքն այդ հարցերը գերի է վերցրել: Իրենց խնդիրը ոչ Հայաստանն է, ոչ էլ այդ խնդրին ինչ-որ լուծում տալը: Այս հարցը սրբազան կարծրատիպի են վերածել: Այնպես որ` ոչ ոք չի կարողանում այդ մասին խոսել, քննարկել»:
Աքդողանը ելույթի վերջում անդրադարձել է նաև Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին` պնդելով, թե իբր այդ միջոցառումների մասնակիցներն ամբողջ աշխարհին հղել են մեսիջ, թե` այո, հնարավոր է` մենք նախկինում միմյանց վրա կարկել ենք, հնարավոր է` անցյալում պատերազմել ենք միմյանց դեմ, սակայն չենք կարող ապագան ոխի և ատելության վրա կառուցել: Պետք է բարեկամության կամուրջներ կառուցենք»: