կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-02 11:13
Տարածաշրջան

Հայկական Սփյուռքը կեսարիացին է, մալաթիացին, պոլսեցին. Կարո Փայլանի պատասխանը` Թուրքիայի փոխնախագահին

Հայկական Սփյուռքը կեսարիացին է, մալաթիացին, պոլսեցին. Կարո Փայլանի պատասխանը` Թուրքիայի փոխնախագահին

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուհաթ Օքթայի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Օքթայը Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից կազմակերպված «Թուրքական պատմության համաժողովի» բացմանը ասել է. «Նրանք, ովքեր ցանկանում էին, 1915-ի դեպքերն օգտագործելով, մեր պատմությունը սևացվել,  չեն հասել իրենց նպատակներին, բացառությամբ մեր երկրի նկատմամբ բացահայտ թշնամանք ունեցող պետությունների»:

Bianet-ի հետ զրույցում Փայլանը նշել է, որ Թուրքիայի նոր դիրքորոշումը հիմնված է ոչ թե առերեսման, այլ ժխտողականության ու ձուլման վրա, և այս տեսանկյունից  նոր թշնամիների կարիք կա:

«Թուրքիայում բնակվող հազարավոր հայերի ցավի նկատմամբ ոչ մի կարեկցանք չպարունակող հայտարարություններն այնտեղ ապրող ժողովուրդներին ոչ մի օգուտ չեն տալու»,- ասել է Փայլանը`  նշելով, որ նման արտահայտությունները թուրքական ազգայնական մտածելակերպի արդյունքն են:

Նա նաև գրառում է արել իր թվիթերյան էջում: «Հայկական Սփյուռքը կեսարիացին, մալաթիացին, պոլսեցին, բուրսացին, թեքիրդաղցին, տիգրանակերտցին (դիարբեքիրցին) է… Նրանց, ում դուք թշնամի եք դարձրել, իմ բարեկամներն են, մեր քաղաքացիներն են։ «Թուրքական թեզեր» հասկացությունը ռասիստական է և ցեղասպան։ Մեր ցավի օջախը Թուրքիայում է, և միայն Թուրքիայում է հնարավոր այն բուժել»,- գրել է Փայլանը: