Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետական նախարարը, մասնավորապես, նշել է.
«Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր առաջին պաշտոնական այցն Արցախի մայրաքաղաքից սկսելը բնական է համարել: Պաշտոնյան վստահեցրել է՝ Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է:
Հայկ Մարությանը խոսել է առաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև մարզամշակութային կապի խորացումը: Քաղաքապետը դրական է գնահատել կրթության ոլորտում առկա համագործակցությունը՝ հատկապես ուսուցիչների վերապատրաստման առումով:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնումը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ: Հանդիպմանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք: