կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 12:08
Հասարակություն

Կառավարության որոշմամբ` 35 մարզիկի զորակոչից տարկետում տրվեց մինչև 2023 թվականը

Կառավարության որոշմամբ` 35 մարզիկի զորակոչից տարկետում տրվեց մինչև 2023 թվականը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության` 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում մեծ նվաճումներ ունեցող 35 մարզիկի:

Նշենք, որ նրանցից 8-ը ծանրամարտիկներ են, 12-ը՝ ըմբշամարտիկներ, 5-ը՝ բռնցքամարտիկներ, 5-ը՝ սամբոյի մարզիկ, 2-ը՝ թաեքվոնդոյի մարզիկներ, 1-ական` կարատեի, շախմատի և ուշուի մարզիկներ:

Որոշումը հիմնավորվում է այն փաստով, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է:  Հայաստանն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինծառայությունից տարկետում  չստանան։