Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հայտարարությունից հետո այլ բան չի մնում, քան քահ-քահ ծիծաղել:
Կառավարության այսօրվա նիստում նախարար Պապիկյանը, անդրադառնալով երեկ Իջևանում տեղի ունեցած դեպքերին, ասել է, թե մարզպետն իջևանցիներին այլընտրանքային աշխատանք է առաջարկել, բայց նրանք հրաժարվել են, քանի որ, փայտի գներից լավատեղյակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, առաջարկվող վարձատրությունը` օրական առավելագույնը 15 հազար դրամ, 1 խմ վառելափայտի գինն է:
««Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել: Առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն»,- ասել է նախարարը:
Yerkir.am-ը կապ հաստատեց «Արարատ ճանշին» ընկերության հետ` պարզելու` արդյո՞ք ընկերությունում 200 թափուր աշխատատեղ ունեն: Մեզ հետ խոսեց ընկերության հաշվապահ Վարդանը: Նա հաստատեց, որ իրենց ընկերությունը, այո, նախարարի նշած չափի օրավարձ տալիս է իր աշխատակիցներին, բայց հրաժարվեց պատասխանել, թե այս պահին քանի՞ թափուր աշխատատեղ ունեն:
«Տնօրենը հանդիպման է, ես հիմա նրան զանգել չեմ կարող: Երեկոյան, երբ կավարտի աշխատանքը, կներկայացնեմ հարցը, ու կապ կհաստատենք ձեզ հետ»,- պատասխանեց հաշվապահ Վարդանը:
Նշված չափի օրավարձով աշխատանք գուցե ունեն ընկերությունում, դա գրավոր հարցումից հետո կարող ենք պարզել, բայց խիստ կասկածում եմ, որ ճանապարհաշինարարությունում աշխատող բանվորը օրական թեկուզ 8000 դրամ աշխատավարձ ստանա:
Անկախ «Արարատ ճանշին» ընկերության տնօրենի պատասխանից`վստահ կարող եմ նշել, որ մարզերում մարդիկ անգամ 30 հազար դրամ աշխատավարձով են աշխատում: Իսկ մայրաքաղաքի միջին դասի բնակիչների չնչին տոկոսն է օրական 8000 դրամ վարձրատրություն ստանում: Դա կարող եմ փաստել սեփական օրինակով: Նախարար Պապիկյանը կա'մ ինչ-որ բան շփոթել է (իշխանությունների գործելաոճին բնորոշ է թվեր խառնելը), կա՛մ ամպագոռգոռ հայտարարություն է անում, որը վաղ թե ուշ հերքելու է: Բացի այդ` Իջևանի ու հարակից բնակավայրերի հատվածում կատարվող ճանապարահաշինարարական աշխատանքներն այդ ի՞նչ ծավալի են, որ ընկերությունը պատրաստ է 200 մարդու աշխատանքի վերցնել: Եթե խոսքն, ընդհանուր առմամբ, աշխատանքի ընդունելու մասին է` Տավուշի մարզից դուրս, ապա եթե անգամ այդ մարդիկ մերժել են առաջարկը, ապա դա տրամաբանական է` թե տնից-տեղից կտրվելու են, արտագնա աշխատանքի կմեկնեն: Թե իրականում ի՞նչ է նկատի ունեցել հարգարժան պարոն նախարարը, չգիտեմ, բայց այն, որ օրական 15 հազար դրամ վարձատրությունով «արքայական» աշխատանքի մասին շատերս ենք երազում, փաստ է:
Վրույր Սևակ