կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 13:51
Տնտեսական

Գյուղնախարարի հավաստմամբ` անմշակ հողերի քանակը կրճատվել է

Գյուղնախարարի հավաստմամբ` անմշակ հողերի քանակը կրճատվել է

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար 31 հազար 298 տոննա ազոտական պարարտանյութեր են տրամադրվել գյուղացիական տնտեսություններին, որն ամբողջապես բաշխվել է տնտեսություների մեջ եւ բավարարել է բոլորի պահանջարկը. ծրագիրն այսօրվանից ավարտվեց. այսօր կառավարությունում հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Բացի այդ, նշեց գյուղնախարարը, ձեռք է բերվել 17 միլիոն 343 հազար տոննա դիզելային վառելիք, որից բաշխվել է 11 միլիոն 776 հազարը, մնացածի վերաբերյալ պահանջարկ չկա:

 

«Մենք արդեն վերահաշվարկ ենք կատարում մատակարարող կազմակերպութան հետ, եւ այն սուբսիդիան, որը տրամադրվել էր նախօրոք` 511 միլիոնի չափով, պետք է վերադարձվի պետբյուջե»,- հայտնեց Սերգո Կարապետյանը:

 

Նա տեղեկացրեց, որ ներկրվել եւ գյուղացիական տնտեսություններին են տրամադրվել 446 տոհմային երինջներ` եվրոպական երկրներից: Սերմերի, հատկապես` հացահատիկային կուլտուրաների առումով, ներկրվել են 850 տոննա գարնանացան գարու, 95 տոննա եգիպտացորենի, 400 տոննա կորնգանի եւ 52 տոննա առվույտի սերմեր:

 

«Բոլորը միասին մոտավորապես 10 հազար հա լրացուցիչ ցանքեր են կատարվել: Բացի այդ` լրացուցիչ ցանքերը, մենք արդեն 2 տարի է, ինչ մեր առջեւ խնդիր ենք դրել` անմշակ հողերի ծավալները կրճատել, ու եթե 2010 թվականին ունեինք 37 տոկոս չմշակվող հողեր, որը կազմում էր 166 հազար հա` 448 հազար հա-ից, այս տարի արդեն ունենում ենք 27 տոկոս չմշակվող հողեր` 3 տարիների ընթացքում լրացուցիչ մշակել ենք 46 հազար հեկտար հող: Սա լուրջ ցուցանիշ է գյուղատնտեսության համար, հատկապես` մեր սակավահող երկրի պայմաններում»,- ասաց գյուղնախարարը:

 

Նրա ներկայացմամբ` մթերումների գործընթացը շարունակվում է, հատկապես` ծիրանինը: Գյուղնախարարը հավաստիացրեց, որ նախարարությունն արդեն լուրջ աշխատանքներ է տանում դեղձի ու խաղողի մթերումները նույնպես անխափան կազմակերպելու ուղղությամբ:

 

«Արդեն բոլոր վերամշակող կազմակերպությունների հետ բանակցություններ են վարվում, եւ այն սպասելիքները, որ կան` նրանց պահանջարկն ավելի շատ է, քան սպասվող բերքը: Այնպես որ` մթերումների առումով խնդիրներ չեն լինի»,- հայտարարեց գյուղնախարարը: