կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 14:05
Հասարակություն

Ոստիկանությունն, իհարկե, ունի տվյալներ, թե ովքեր են կանգնած ապօրինի ծառահատման հետևում. փոխոստիկանապետ

Ոստիկանությունն, իհարկե, ունի տվյալներ, թե ովքեր են կանգնած ապօրինի ծառահատման հետևում. փոխոստիկանապետ

Ոստիկանությունն իր օպերատիվ գործողությունների ընթացքում, իհարկե, հավաքել է տվյալներ, թե ովքեր են կանգնած ապօրինի ծառահատման հետևում. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ոստիականության պետի տեղակալ, գնդապետ  Վարդան Մովսիսյանը` անդրադառնալով հարցին, թե ովքեր են կանգնած ապօրինի ծառահատման ստվերային բիզնեսի հետևում:

«Ես չեմ կարող դա հրապարակել, քանի որ դեռ քննության և ուսումնասիրության ընթացքում է: Հետո ի՞նչ իրավունքով կարող ենք, դեռ չհաստատված, մարդուն կասկածյալ կամ մեղավոր ճանաչել»,- ասաց նա:

Ճշտող հարցին` դա, ի վերջո, հրահրվե՞լ է ինչ-որ մեկի կողմից, գնդապետն արձագանքեց. «Այն, ինչ կազմակերպվում է, կոչվում է բիզնես: Ինչպես լսեցիք, վարչապետը նշեց, որ այդ սևագործ աշխատանքն իրականացնողները, երևի չեն հարստացել, եթե մենք նայենք նրանց իրավիճակին, բայց մի խումբ մարդիկ, որոնք ղեկավարել են ու ստվերում են գտնվել, հարստացել են»:

Հարցին` պարբերաբար նման գործողություններ տեսնում ենք ինչ-որ կազմակերպված անձանց կողմից, հարց չի՞ ծագում, թե ինչու այս տարիների ընթացքում երբեք չի բացահայտվել այդ կոռուպցիոն սխեման, և հիմա նոր է այն գործի դրվում, փոխոստիկանապետը պարզաբանեց. «Մենք այն հանրապետությունն ենք և այն ազգաբնակչությունը, որ շատ լավ տեղեկացված ենք այդ պրոցեսներից: Այնպես չէ, որ այդ պրոցեսներն ապօրինի ծառահատման ուղղությամբ չեն իրականացվել ոստիկանության կողմից, դրանք եղել են ակտիվացման փուլում: Այն, ինչ եղել է մինչև իրավիճակի փոփոխությունը,  առանձին քննարկման խնդիր է: Բացասական երևույթները եղել են, կոռուպցիոն երևույթները եղել են: Լոռու, Տավուշի մեր անտառների հատվածներում նման երևույթներ, իհարկե, մոտ 30 տարի եղել են»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից: Տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով  ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:  

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: