կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 17:05
Արցախ

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ԱՀ արդարադատության նախարարի հետ

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ԱՀ արդարադատության նախարարի հետ

ԱՀ Ընտրական օրենսգիրք» եւ «Կուսակցությունների մասին» ԱՀօրենքների նախագծերը՝ քննարկման նյութ

Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունված ԱՀ Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի նախագծերը, բանավոր ներկայացնելու խմբակցության առաջարկությունները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

«Դաշնակցություն» խմբակցության առաջարկությունները «ԱՀ ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ

1.Համապետական ընտրությունների ժամանակ, քվեարկությունը ավարտվելուց հետո, Տարածքային ընտրական հանձնաժողովը, տեղամասերից ստացվող արձանագրությունների էլեկտրոնային տարբերակը անմիջապես ուղարկում է ԿԸՀ, որը դրանք անմիջապես հրապարակում է իր պաշտոնական կայքում:

2.Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, պատվիրատուին:

Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ներառյալ քվեարկության օրը, մինչև ժամը 20.00-ն արգելվում է թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

3.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ:

4.Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները: Ստուգումն ավարտելուց անմիջապես հետո արձանագրության էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է ԿԸՀ:

5.Համամասնական ընտրակարգերի բաց ցանկերով անցկացում:

Բաց ցանկերով համամասնական ընտրակարգի ներդրումը ենթադրում է հետևյալը. Հանրապետության ամբողջ տարածքը դիտարկվում է որպես մեկ ընտրատարածք: Ընտրողն իր քվեն տալով որևէ կուսակցության, միաժամանակ հնարավորություն է ստանում իր նախապատվությունը տալ տվյալ կուսակցության ցանկում ներառված այս կամ այն թեկնածուին: Արդյունքում ստացվում է, որ ոչ թե կուսակցությունն է որոշում մանդատների բաշխման հերթականությունը, այլ՝ ընտրողը, ինչը ժողովրդական առումով մեկ քայլ առաջ է: Սա ռեյտինգի կիրառումն է դասական համամասնական ընտրակարգի տրամաբանության մեջ:

6.Ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում:

7.Կրկնակի քվեարկությունը բացառող միասնական ցանցի ստեղծում:

8.Ընտրություններին հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծում:

Մասնավորապես պատահական ընտրանքով առանձնացված որոշակի թվով տեղամասերի ընտրությունների արդյունքների ստուգման արդյունքում ստացված եզրակացությունը և ընտրությունների արդյունքների՝ տեղամասերի վիճակագրական տվյալների վերլուծությունը կարող է իրավական հիմք հանդիսանալ դատական մարմինների համար՝ ընտրությունների վերանայման հարցը քննելու:

Տարիներ շարունակ ընտրությունների արդյունքների բողոքարկման կամ վերահաշվարկի իրականացման ժամանակ մի կողմից արձանագրվել է, որ կատարվել են խախտումներ և առկա են կեղծիքներ, որոնք, սակայն, մյուս կողմից արձանագրվել է, որ չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Հետևաբար, այս մեխանիզմի ներդրումը հնարավորություն կտա որոշելու նաև այդ կեղծիքների ծավալը:

«Դաշնակցություն» խմբակցության առաջարկությունը «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծիվերաբերյալ

Կուսակցությունների կողմից ներկայացված և ԱՀ արդարադատության նախարարության կողմից հաստատված կանոնադրության, ինչպես նաև ԱՀ օրենքներին համապատասխան՝ կուսակցությունների գործունեության համապատասխանեցման համակարգի սահմանում:

Մտքերի փոխանակություն այլ հարցերի շուրջ

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները Արարատ Դանիելյանի հետ մտքեր են փոխանակել նաեւ Ազգային ժողովի կազմը հաստատող եւ նախագահի պաշտոնում առաջադրվելու օրենսդրական սահմանումների շուրջ:

***

ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացված առաջարկություններին ի պատասխան՝ ասել է, որ կիսում է «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների մտահոգությունները՝ նշելով, որ խմբակցության առաջարկների մի մասն ընդունվելու է, իսկ մյուս մասի ընդունման համար կանցկացվի միջազգային փորձի ուսումնասիրություն:

«Շատ ցավալի է, որ խորհրդարանի մյուս քաղաքական ուժերը մատների արանքով են նայում օրենքի նախագծերին՝ հանդիպումներ չեն նախաձեռնում, առաջարկություններով հանդես չեն գալիս»,- ասել է Դանիելյանը՝ մտահոգություն հայտնելով խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի պասիվությունից: