կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 16:05
Հասարակություն

Իշխանական պատգամավորները չեն պատասխանում` Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ

Իշխանական պատգամավորները չեն պատասխանում` Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ

Լրագրողներն այսօր դարձյալ հարց ուղղեցին խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցին` Սահմանադրական դատարանում, ի վերջո, ճգնաժամ կա՞, թե՞ ոչ, նաև` ի՞նչ կարծիք ունեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ին հասցեագրված նամակի վերաբերյալ, որում ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակներ է նա առաջարկում:

Մակունցը պատասխանեց` ակնհայտ է, որ ստեղված իրավիճակը խնդրահարույց է,  մասնագիտական հանրույթն էլ ոչ միակարծիք է երևույթի նկատմամբ: ««Իմ քայլը» խմբակցությունը,- նշեց Մակունցը,- դեռևս հստակ դիրքորոշում չունի, թե ինչպես ենք տեսնում հարցի հանգուցալուծումը: Հնարավոր է հանդես գանք բոլորովին այլ առաջարկով, որն այս պահին դեռևս քննարկման փուլում է»:

Խմբակցության ղեկավարի խոսքով` ըստ երևույթին, ԱԺ աշնանային նստաշրջանում հարցին լուծում կտրվի: Իսկ այժմյան հարաբերական դադարը, ըստ Լիլիթ Մակունցի, վկայումն է այն բանի, որ հեշտ վիճակում չեն: «Չենք շտապում քայլեր անել, որ իրավիճակն էլ ավելի չբարդանա։ Խնդիրներն ու մոտեցումները բազմակողմանի են, և մեր դիրքորոշումն իրավական լուծում տալն է: Կարևորում ենք նաև, որ միջազգային պարտավորության շրջանակում խնդրահարույց որևէ որոշման չհանգենք»,- շեշտեց նա:

Ի վերջո, Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ: Լրագրողները հարցն ուղղեցին նաև ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Նա չպատասխանեց հարցին, նշեց միայն, որ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, իսկ խնդիրն ԱԺ-ինը չէ, դա ՍԴ-ին և դատական իշխանությանը վերաբերող հարց է: