Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արայիկ Հարությունյանը, ում կերպարն անջնջելիորեն միահյուսված է 2020-ին աղետ և ողբերգություն բերելու և կատարվածի համար աններելի մեղավորության հետ, ինչպես հայտնի է, որոշեց չթողնել Արցախի նախագահի պաշտոնը: Նաև այդ պատճառով է, որ նրան երբեմն-երբեմն «Արցախի Նիկոլ» են անվանում՝ բնորոշելով իր դիրքորոշումը, կեցվածքը, պահվածքը, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո:
Գլուխը՝ քարը, այդքան քաղցր է Արցախի նախագահի պաշտոնը, թող մինչև վերջ պահի, բայց գոնե իրեն նախագահի, երկրի ղեկավարի պես պահի: Չէ՛, Արայիկ Հարությունյանը շարունակում է «կոֆե խմել»: Չնայած, այն, ինչ նա արեց ապրիլի 30-ին, խորքում շատ ավելի վատ «մեսիջ» է, քան մերձռազմաճակատային «կոֆե խմելն» էր:
Ի՞նչ է արել: Գաղտնիք չէ, ինքն է հպարտ-հպարտ տարածել տեղեկությունը. «Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան...»:
Ստո՛պ: Արայիկ Հարությունյան, դու Արցախի նախագա՞հն ես, թե՞ «քաղաքացիական» ակԾիվիստ: Սա ի՞նչ քաղաքական մայմունություն է, կներեք: Արցախի նախագահը միջազգային հանրությանը իր դիրքից պետք է կոչեր անի, այլ ոչ թե գնա, ստորագրության շոու անի, ի տարբերություն իրեն՝ ոչ մի լծակ չունեցող մարդկանց հուսահատական ճիչերի տակ:
Երկրորդ, որպես Արցախի նախագահ՝ ի՞նչ ես արել համապարփակ շրջապատման մեջ հայտնված (քո և քո «շեֆ» Նիկոլ Փաշինյանի մեղքով, նկատենք) հայության պաշտպանության համար, ինչի մասին, ի դեպ, երդում էլ ես տվել: Ի՞նչ ես արել՝ եղած հնարավորություններով առավելագույն պաշտպանվածության աստիճան ստանալու համար: Թե՞ մենակ բյուջետային միջոցները տնօրինելն է Արցախի նախագահի առաջնահերթությունը:
Առհասարակ, Արայիկ Հարությունյանն, ի՞նչ է, չգիտե՞ր, որ իր սիրելի Նիկոլ Փաշինյանը դեռևս Պրահայում Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ է վերջնականորեն հանձնել Արցախը՝ այն ընդունելով որպես «ադրեջանական տարածք»: Լավ, չգիտե՞ր: Բայց Նիկոլ Փաշինյանի վերջին բացահայտ հայտարարություններից հետո էլ չիմացա՞վ: Ձայն հանե՞լ է Արայիկ Հարությունյանը: Ո՛չ:
Նա ընդամենը շարունակում է «կողքից» դամքաշություն անել Արցախը հանձնելու նիկոլական «քաղաքականությանը», որը նաև տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու նպատակն է հետապնդում:
Արայիկ Հարությունյանն, ի դեպ, որոշ բաներ այնուամենայնիվ, արել է: Օրինակ, տեղական «սորոսականներից» Տիգրան Պետրոսյանին նշանակել է իր խորհրդատու: Հզոր ու բնութագրական քայլ է, ոչինչ չես ասի:
Այնպես որ, ապրիլի 30-ին Արայիկ Հարությունյանը պետք է ոչ թե «քաղաքացիական նախաձեռնության» կոչին միանար՝ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը», այլ պիտի հայտարարեր՝ «Ո՛չ ինձ, Արայիկ Հարությունյանիս»:
Այդ քաղաքացիական նախաձեռնությանը միանալը քաղաքական երկերեսանություն է: Մնում է, որ մի հատ էլ Նիկոլ Փաշինյանը գար Ստեփանակերտ ու նույն նախաձեռնությանը միանար (կգա, ինչպես չէ): Քանի՞ գրոշ արժե Արայիկ Հարությունյանի այդ ցուցադրականությունը, եթե նա Նիկոլ Փաշինյանի «գիծը» տանողն է, եթե չի հակադրվում Փաշինյանի քաղաքականությանը:
Աբսուրդ է, էլի. կոչ են անում՝ «ոչ Արցախի էթնիկ զտմանը», բայց կես թթու բառ չեն ասում նրանց, ում մեղքով ու պատճառով բանը հասել է այդ «էթնիկ զտմանը»: Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է Արցախի «էթնիկ զտման» համահեղինակը, իսկ Արայիկ Հարությունյանը, եթե համահեղինակ էլ չէ, ապա առնվազն դրա գործակիցն է:
Չէ, բայց մի պահ պատկերացրեք, որ ասենք 1992-ի օգոստոսին Արցախի ղեկավարները քաղաքացիական ակցիաներ անեին՝ բոլոր ուժերը լարելու և թշնամուն հետ մղելու կենսական խնդիրները լուծելու փոխարեն:
Եթե ստեղծված իրավիճակում դու ընդամենը քաղաքացիական ակցիայի կարող ես միանալ, էլ դու ո՞ւմ ես պետք՝ քո զբաղեցրած պաշտոնում (սա հռետորական հարց է): Այդ պաշտոնը հո միայն անձնական բարեկեցություն ապահովելու համա՞ր չէ (սա էլ է հռետորական հարց):
Աղբյուրը՝ 7or.am