կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 14:47
Մշակույթ

Մինիստրը, որն ատրճանակով ծեծեց էլեկտրիկին, ՀԳՄ նախագա՞հ. Արտեմ Հարությունյան

Մինիստրը, որն ատրճանակով ծեծեց էլեկտրիկին, ՀԳՄ նախագա՞հ. Արտեմ Հարությունյան

Ով ասես` ուզում է ՀԳՄ նախագահ լինել. մի մինիստր կար, ով ատրճանակով ծեծեց մի էլեկտրիկի, եւ այժմ ուզում է ՀԳՄ նախագահ դառնալ: Խոսքը Հովիկ Հովեյանի մասին է. միջակ գրող է եւ սկսել է ծխամորճով ման գալիս: Այսօր լրագրողների հետ զրույցում այս ամենը պատմեց գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը` անդրադառնալով ՀԳՄ նախագահի առաջիկա ընտրություններին:

 

Ըստ նրա` ՀԳՄ նախագահի մյուս թեկնածուն Դավիթ Մուրադյանն է, որը, Հարությունյանի բնութագրմամբ, կարծես երկնային տեգ լինի` ուղղված դեպի երկինք ՀԳՄ:

 

«Սա դեռ ամենը չէ. Ռազմիկ Դավոյանի անունը նույնպես շրջանառվում է` որպես ՀԳՄ նախագահի թեկնածու: Դավոյանը կործանեց գրողների միությունը: Նա վերջին քսան տարում ոչինչ չի գրում: Մերուժան Տեր-Գուլանյանը, ում անունը նույնպես շոշափվում է, նույնպես ծխամորճի տեր է: Ով էլ ՀԳՄ նախագահ լինի, առաջին հերթին պետք է ծխամորճից ազատվի»,- ասաց Հարությունյանը:

 

Հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել, պատասխանեց. «Ղարաբաղյան թութ կերած ինտելեկտն ափսոս չէ՞` գնա ՀԳՄ նախագահ դառնա»:

 

Հարությունյանի կարծիքով` Լեւոն Անանյանը սոսկալի ժառանգություն էր ստացել` 400 գրող, որոնց մեծ մասն անգամ հազիվ ընթերցող լիներ: Գրողը հիշում է` Անանյանը բողոքում էր, որ թունավորվում է, եւ մարդկային խաժամուժը սպանում է իրեն:

 

Ըստ Հարությունյանի` ՀԳՄ անդամների մեծ մասը չգիտի` ինչ ասել է գրականություն. «Նրանք սպիտակ թուղթը տեսնում` գրգռվում ու ինչ-որ տողեր են գրում: ՀԳՄ նախագահը նախ պետք է նրանցից ազատվի: Նախագահը պետք է լինի կիրթ, մշակութային դեմք, գրական որոշակի ժառանգություն ունենա, իմանա գրողի վիճակն ու սպասումները»:

 

Արտեմ Հարությունյանը, ճիշտ է, չտվեց իր նախընտրելի թեկնածուի անունը, սակայն այսպես բնութագրեց նրան. «Նա գրական բարձր ճաշակ ունի, ինքնուրույն է, հալալ մոր կաթ է կերել, ինչի մասին փաստում են նրա շրթունքները»:

 

Գրականագետ Սուրեն Աբրահամյանն էլ, իր հերթին, նշեց, որ ՀԳՄ-ն առաջին հերթին պետք է ազատվի ինքնաբավությունից: Ըստ նրա` ՀԳՄ-ն չպետք է դիտարկել որպես հասարակական կազմակերպություն, ՀԳՄ-ն ստեղծագործական միություն է:

 

«ՀԳՄ-ն պետք է օգնի թացը չորից, գրողը ոչ գրողից տարբերել: Մեր արգանդը դեռ չի չորացել, շատ լավ գրողներ ունենք, ուղղակի պետք է շնորհանդեսային շքերթը վերանա: ՀԳՄ նախագահը պետք է իր մեջ ուժ գտնի եւ ընդդիմանա ցանկացած միջամտության ու կարողանա քաոսը հաղթահարել»,- ասաց Աբրահամյանը: