կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 20:05
Հասարակություն

Երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա է. Սեյրան Օհանյանը` ԵՊՀ-ում

Երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա է. Սեյրան Օհանյանը` ԵՊՀ-ում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կարևորելով ուսանողների հետ նմանատիպ հանդիպումները, Սեյրան Օհանյանը կարևոր և ոգևորիչ է համարել ուսումնական հաստատություններում արիության դասերի, զինված ուժերի և զինծառայության հետ կապված քննարկումների, մեծարման և հիշատակի միջոցառումների անցկացումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդության գաղափարական ու հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման առումով: Խոսելով բուհերի հետ պաշտպանական գերատեսչության համագործակցության առանձնահատկությունների մասին, Սեյրան Օհանյանը ընդգծել է հանգամանքը, որ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունում, և ուսումնառության ավարտից հետո նրանցից շատերը ցանկություն են հայտնում իրենց գիտելիքները ծառայեցնել ՀՀ զինված ուժերի զարգացմանը: Երևանի պետական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքը արդյունավետ է գնահատել նաև ռեկտոր Արամ Սիմոնյանը: 
Ներկայացնելով ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ պետության անվտանգության ապահովման և զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն էլ հայրենասիրական դաստիարակությունն է, և ապրիլյան մարտական գործողություններն ապացուցեցին, որ հատկապես երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ու հայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա է: «Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում բազմաթիվ երիտասարդներ աչքի ընկան հերոսությամբ: Այդ հերոսներից շատերն այսօր այս դահլիճում նստած են, նրանց մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում: Նրանք այն հերոսներն են, որ բանակում իրենց ծառայությունն անցնելուց հետո՝ լինելով ֆիզիկական դժվար վիճակում, շարունակում են սովորել, կրթվել, քանի որ մենք մեր ապագան տեսնում ենք ոչ թե բռնի ուժի կիրառմամբ, այլ խելացի պաշտպանությամբ մեր երկրի անվտանգությունն ապահովելու մեջ»,- նշել է Սեյրան Օհանյանը: Խոսելով քառօրյա մարտական գործողությունների դասերի մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ կատարվել են համապատասխան վերլուծություններ, ուսումնասիրություններ, վերհանվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը: 
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: 
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև խրախուսել է համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների: Սեյրան Օհանյանի կարգադրությամբ ԵՊՀ-ում ուսանող և ներկա դրությամբ պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող երեք զինծառայողներ խրախուսվել են 10-օրյա արձակուրդով: