Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Սևանը պետք է փրկենք, որևէ այլ տարբերակ չունենք. այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը` խոսելով Սևանա լճի օրհասական վիճակի մասին:
Անդրադառնալով ձկնային պաշարների ու դրանց կարևորության թեմային` կենսաբանը նշեց. «Մենք պետք է դիտարկենք ձկնային պաշարները ոչ միայն որպես սնունդի աղբյուր, այլև որպես էկոհամակարգի վերին օղակ, այսինքն` սննդային շղթայի վերին օղակ: Դա ի՞նչ է նշանակում` որ ձուկը, սնվելով ջրային օրգանիզմներով, կլանում է այդ օրգանական նյութը, և եթե մենք որսանք այդ ձուկը, մենք դրանով իսկ ջրի մեջ կքչացնենք օրգանական նյութը, կնվազեցնենք ծաղկման պրոցեսները: Բայց սրա համար մենք պետք է ունենանք ձկան և խեցգետնի բավարար պաշար, որն այսօր չկա»:
Գաբրիելյանի խոսքով` թեև հնարավոր չէ կանխել ստեղծված իրավիճակը, այնումենայնիվ, կարելի է ձեռնարկել որոշակի գործողություններ: Նա մանրամասնեց, որ կա հստակ չորս կետ, որոնց լիարժեք կատարման դեպքում մի քանի տարվա ընթացքում Սևանա լճի վիճակը կբարելավվի: «Առաջինը` պետք է ունենանք լճի մակարդակի բարձրացում, ոչ մի դեպքում չի կարելի իջեցնել լճի մակարդակը: Երկրորդ` պետք է ջրային ավազանից օրգանական նյութը, կենսածին տարրերի` ֆոսֆորի մուտքը լիճ կասեցնել կամ գոնե նվազեցնել: Ի՞նչ ուղղությամբ. գետերի վրա մաքրման կայաններ պետք է կառուցվեն: Այսօր մի քանի կայաններ կան, բայց դրանք ավելի շատ մեխանիկական մաքրում են իրականացնում, որն, իհարկե, բավական չէ: Քիմիական նյութեր են ներմուծվում, որոնք մեխանիկորեն չեն նստեցվում հիմնականում: Երրորդ` պետք է շարունակել ափամերձ գոտիների նոր ջրածածկ տարածքների մաքրումը, քանի որ վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով դադարեցվել են մաքրման աշխատանքները: Չորրորդ` պետք է ձկան պաշարներն անպայման վերականգնել և հասցնել բավարար քանակի, որ թույլատրվի դրանց արդյունագործական որսը»,- ասաց մասնագետը:
Թե ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Սևանա լճի վիճակը լիովին կարգավորելու համար, Գաբրիելյանը դժվարացավ հստակ ժամկետներ նշել: Նրա կարծիքով` դա կախված է իրականացվող միջացառումների որակից ու մակարդակից: «Ասել, որ 100 տոկոսանոց լավ կարվի այդ ամեն ինչը, շատ կասկածելի է»:
Անդրադառնալով օրերս մեծ աղմուկ հանած թեմային` կապված Սևանա լճում ջրիմուռների ծաղկման հետ, Գաբրիելյանը նշեց, որ ամբողջ լիճը չէ, որ ծածկված է այս գործընթացի համար պատասխանատու ջրիմուռներով: «Որոշ ծանծաղուտ տեղերում է հիմնականում խիտ ծաղկումը նկատվում»,- նշեց նա` ավելացնելով, որ այդտեղ լողալ չի կարելի, քանի որ տոքսիկ ջրիմուռները կարող են մի շարք մաշկային հիվանդությունների ու տարատեսակ խնդիրների պատճառ դառնալ:
Yerkir.am-ի հարցին, թե, ի վերջո, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, Գաբրիելյանը պատասխանեց. «Բոլորս ենք մեղավոր: Խոսում ենք Սևանի մասին, որ պահպանենք, սիրում ենք, բայց երբ տեղը գալիս է, ոչ ոք քայլ չի անում, որ Սևանի վիճակը լավացնի: Բոլորն էլ աղտոտում են իրենց կողմից: Սևանի ափի ժողովրդին հարցնում ես, ասում են` դա մեր Սևանն է, բայց մեր Սևանն աղտոտողը նրանք են. լվացք են անում, չգիտեմ` ինչեր են թափում, չեն մտածում, որ այս օրը կընկնենք: Բա որ մեր Սևանն է, եկեք պահպանենք: Նույնն էլ` քաղաքի ժողովուրդը. գնում են այնտեղ, քեֆ են անում, աղբը թողնում ու գնում: Բա ո՞վ է մեղավոր: Ե՛վ կառավարությունն է մեղավոր, և՛ ժողովուրդն է մեղավոր, բոլորս էլ մեղավոր ենք»:
Կենսաբանը շեշտեց նաև, որ այն բոլոր մարմինները, որոնք պատասխանատու են Սևանա լճի պահպանության համար, պետք է զբաղվեն իրենց գործով, որ թե խոսեն ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակից, ասեն` վատ են ապրում: «Ձեր գործը պահպանությունն է, ուրեմն բարի եղեք ու պահպանեք: Մնացած հարցերով թող զբաղվեն համապատասխան մարմինները»,- ասաց նա:
Գնահատելով ոլորտում պատկան մարմինների վերջին տարիների գործողությունները, ինչպես նաև անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված այն հայտարարություններին, թե շրջակա միջավայրի ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանը նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, հետևաբար` նրանից ակնկալիքներ ունենալ պետք չէ, Գաբրիելյանն ասաց. «Կապ չունի` նա հին կառավարություն է եղել, թե` ինչ: Այնպես չէ, որ նոր կառավարության անդամներն ամեն ինչ լավ են անում... Դրանից չէ կախված: Համենայն դեպս, ես կասեի, որ Սևանի ուղղությամբ ինչ եղել է առաջ, այսօրվա օրով ոչ մի բան չի փոխվել: Ինչպես որևէ միջոցառում չի կատարվել, որ լավացվեր իրավիճակը, այդպես էլ մինչև այսօր ոչ մի բան չի արվել: Դրա համար ոչ միայն բնապահպանության նախարարությունն է պատասխանատու, այլ կան այլ մարմիններ, որոնք նույնպես պատասխանատու են` մարզպետարանները, Ազգային պարկը, ոստիկանությունը, գյուղատնտեսության նախարարությունը, ջրային կոմիտեն... Բոլորը պատասխանատու են: Այստեղ որ` ոչ թե Էրիկ Գրիոգորյանի անձի խնդիրն է, այլ մեր նոր կառավարության մոտեցման հարցն է»,- եզրափակեց Գաբրիելյանը: