Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: Սևանից հավելյալ ջրառ չի եղել, ասաց նա, ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ`հավելյալ ջրառ չի եղել:
Բնապահպանների ահազանգին, թե հավելյալ ջրառի պատճառով են գալիս Սևանի հիմնական խնդիրները, նախարարն արձագանքեց` կարևոր մի քանի գործոն կա, օրինակ` կեղտաջրերի հոսք, ափամերձ տարածքների աղտոտ վիճակ ու անտառային տարածքներ, հյուրանոցներից ու ռեստորաններից դուրս եկող կոյուղիներ և այլն:
«Ջերմաստիճանն էլ նշանակություն ունի: Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ հունիսն աշխարհում երբևիցե ամենաբարձր ջերմաստիճանով ամիսն էր, տեղումները բավական քիչ էին մայիսին Սևանում. 36 մլն խորանարդ մետրի չափ է ավելացել, այն դեպքում, երբ պատմական նվազագույնը 33 է եղել: Բացի դրանից` քամիների պատճառով գոլորշիացում է եղել: Ուզում եմ տեղեկացնել, որ Սևանի պահպանության ու ջրի մակարդակի բարձրացման համար որոշ գործողություններ արդեն իսկ արել ենք, ու կարծում եմ` երկու-երեք տարվա ընթացքում մինչև 1901.5 կբարձրացնենք մակարդակը: Ինչքան հնարավոր է, նվազեցվել է ջրառը: Կարող եմ ասել, որ հենց հիմա` հունիս-հուլիս ամիսներին, Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, սովորաբար օգոստոսին էին սկսում աշխատել»,- նշեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է կարծիքին, թե Սևանի խնդիրը «կանաչելն» է, նախարարն ասաց, որ դա կապված է կապտականաչ ջրիմուռների հետ: «Դրանց սնուցող նյութեր են լցվում լիճ՝ օրգանական ֆոսֆոր, ազոտ, որոնք ունեն տարբեր աղբյուրներ: Դիմել էինք Գերմանիայի կրթության և հետազոտական ինստիտուտ, նախնական հետազոտություններ են արել, և կառավարությունը խախտումների վերաբերյալ որոշ տվյալներ արդեն ստացել է: Ըստ այդ ուսումնասիրությունների, օրինակ, ֆոսֆորի տվյալները լճի ջրում ավելացել են։ Երեք մաքրման կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, իսկ ահա ջրի որակի լավացում չեն իրականացնում։ Ֆոսֆորի քանակն այժմ նվազում է, և ըստ մասնագետների՝ առաջիկա 7-10 օրում ջրի կանաչ գույնը կվերանա»,- նշեց նա:
Էրիկ Գրիգորյանն ընդգծեց, որ քաղաքացիները նույնպես չափից շատ են աղտոտում լիճը, օրինակ` 10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ ու կենցաղային այլ տեխնիկա շատ չէին օգտագործվում, ու մեծ քանակությամբ քիմիական նյութեր լիճ չէին լցվում: