կարևոր
1714 դիտում, 1 օր առաջ - 2025-06-05 12:17
Հասարակություն

Ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառ կկատարվի

Ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառ կկատարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ կկատարվի։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

«Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2025 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 446.1 մլն մ3»,- նշված է հիմնավորման տեքստում։

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 201.7 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 65.2 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 20.4 մլն մ3 ջրաքանակներով` հաշվի առնելով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի` ՀՀ գետերի 2025թ. գարնանային վարարումների կանխատեսումը: Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 31,3 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 318.6 մլն մ3):

Կառավարության որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 131.8 մլն մ3 ծավալով բացթողում` ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը:

Օրենքով Սևանից սահմանված է 170մլն մ3 ջրառ։ Նշենք, որ 2024 թվականին Սևանա լճից ջրառի ծավալը չի գերազանցել օրենքով նախատեսված 170մլն մ3–ը։