կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 15:48
Քաղաքական

Որ ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական չպետք է ունենա, ոչ մեկ բան չէր անում, թե՞ սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն. Էդմոն Մարուքյան

Որ ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական չպետք է ունենա, ոչ մեկ բան չէր անում, թե՞ սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կառավարության կազմում 12 նախարարություն ընդգրկել։

Թեմային անդրադառնալով`«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթում կրկին հստակեցրեց, որ իրենք դեմ են կառավարության նման կառուցվածքին։ Նա մասնավորապես նշեց. «Ապակենտրոնացման հետ կախված ելույթ լսեցի, թե «Իմ քայլ»-ի խոստումներն իրականացվում են, և ապակենտրոնացում է տեղի ունենում, մինչդեռ մենք էստեղ խոսում ենք սուպերնախարարությունների մասին։ Ես զարմանում եմ, սիրելի’ գործընկեր, որ նման բան եք ասում, տեղի է ունենում կենտրոնացում, ապակենտրոնացում չի լինում: Մյուս սիրելի գործընկերն ասում է՝ էլի ԱԱԾ-ի ու ոստիկանության չարչրկված հարցն են քննարկելու: Չէինք ուզում անդրադառնալ, բայց Ձեր ելույթից հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, հիմա ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները»,- ասաց նա, հավելելով` «Լուսավոր Հայաստանը» միայն ուժայինների վրա չի շեշտադրում կատարում` երկիրը գյուղնախարարություն պետք է ունենա, որը ՀՆԱ 1 %-ն է գեներացնում:

Մարուքյանը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ելույթները լսելով, եկել էր այն համոզման, որ  նրանք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վերադարձի մտավախություն ունեն։ «Ձեր ելույթներից տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դառնա ԱԱԾ պետ, հետո ԱԱԾ-ն վերամիավորի ոստիկանության հետ, հետո դառնա ՊՆ նախարար, հետո` վարչապետ, հետո` նախագահ, հետո` վարչապետ։ Էս ինչի՞ մասին են էս քննարկումները, ախր էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում, Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել է»,- շեշտեց նա`միաժամանակ դիմելով քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներին` հարցնելով, թե ինչո՞ւ չեն կատարել Նիկոլ Փաշինյանի խոստումը, որի համաձայն` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։

«Կամ` երբ Դավիթ Սանասարյանի դեմ գործ հարուցեցին, ձեր մի հատվածը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, թե՛ մեր քաղհասարակության, սկսեցին պնդել՝ գործը ԱԱԾ-ի քննչականից տվեք ՀՔԾ-ի քննչականին: Բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական չպետք է ունենա, պետք է միանա քննչական ընդհանուր մարմնին, ոչ մեկ բան չէր անում, թե՞ սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, վարչապետը ոնց էր ասել՝ բա էս ինչ ախպերություն է»,- ասաց Մարուքյանը`արտահայտելով իր տեսակետը, թե կառավարության նման կառուցվածքը վատ հետևանքներ է ունենալու: