կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 12:20
Հասարակություն

Կարծում եմ՝ Իրանին կհաջողվի դուրս գալ ստեղծված իրավիճակից. Կարեն Խանլարյան

Կարծում եմ՝ Իրանին կհաջողվի դուրս գալ ստեղծված իրավիճակից. Կարեն Խանլարյան

Իրանահայ պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև վերջին շրջանի սրացումները դժվար թե ռազմական գործողությունների վերածվեն: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների հարաբերություններում նկատվող լարվածությանը:

«Չեմ կարծում, որ ամերիկացիները նման քայլի գնան: Թրամփի վարչակազմի օրոք ամերիկացիները փորձում են «զոռբայական» տարբերակով հարցերը լուծել, բայց Իրանի վարչակազմը և ժողովուրդը, կարծում եմ, չեն ընկրկելու այդ «զոռբայության» առջև»,- ասաց նա:

Նա նկատեց, որ այն, որ ամերիկացիները պարբերաբար բարձրացնում են բանակցելու հարցը, նշանակում է, որ նրանք չեն ցանկանում ռազմական գործողությունների անցնել:

Իսկ բանակցությունները, ըստ իրանահայ պատգամավորի, մոտ ապագայում հնարավոր կլինեն, Իրանը դրանց դեմ չի լինի, եթե ԱՄՆ-ն հրաժարվի իր առաջ քաշած նախապայմաններից:

«Դրանք ոչ մի բանակցային տրամաբանական գործընթացի նախապայման չեն կարող լինել, ոչ մի տրամաբանություն չկա դրանց մեջ: Բայց չեն էլ հրաժարվում դրանցից, մյուս կողմից էլ ակնկալում են, որ պետք է բանակցություններ լինեն: Այնինչ բանակցությունները պետք է լինեն առանց նախապայմանների»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն հարգող ոչ մի պետություն նման նախապայմանների պարագայում բանակցային սեղանի շուրջ չի նստի:

Նա նաև մատնանշեց, որ բանակցություններ արդեն Իրանի հետ տարիներ առաջ տարվել են, Իրանի հետ Միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն Միացյալ Նահանգներն է, որ Թրամփի վարչակազմի օրոք, հրաժարվել է իր պարտականությունների կարարումից և դուրս է եկել արդեն կնքված համաձայնագրից և հայտարարել իր նախապայմանների մասին:

«Ես կարծում եմ, որ ներկա պայմաններում ոչ մի տրամաբանություն չկա բանակցությունների անցնելու, դրանք արդյունավետ չեն լինի»,- ասաց նա:

Կարեն Խանլարյանը նաև համաձայնեց, որ Միջուկային համաձայնագրին միացած մնացած երկրները փորձում են այս գործընթացում աջակցել Իրանին՝ իրավիճակը հանդարտեցնելու: «Տեսնում ենք, որ եվրոպական եռյակը (նկատի ունի՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային- Tert.am) և Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են իրենց հերթին փորձում են ամերիկացիներին հետ բերել բանակցությունների շրջագիծ, բայց ամերիկացիները, կարծես, անդրդվելի են: Ցավով եմ ասում, բայց կարծես, իրենց քաղաքական էլիտայում էլ քաղաքական երկվություն կա․ նրանք էլ են փորձում ԱՄՆ գործադիր մարմնին ճնշումներով վերադարձնել այդ շրջագիծ: Չեմ կարող ասել, թե ինչու՝ իմպերիալիզմի հատուկ դրսևորում է, թե ինչ է, բայց ամերիկացիները չեն փորձում զիջել և նախապայմանները բռի կերպով դնում են սեղանին»:

Իրանը չի պատրաստվում դուրս գալ Մերձավոր Արևելքից, ինչպես ցանկանում է ԱՄՆ-ն, քանի որ, ըստ Կարեն Խանլարյանի, Իրանի ներկայությունը Սիրիայում, Իրաքում եղել է տվյալ պետությունների հրավերով: «Նրանք հրավիրել են Իրանին, որ իր ներկայությամբ օժանդակի կայունությանը, և այդ երկրները դեռ չեն հրաժարվել իրենց այդ հրավերից»,- ասաց նա:

Թե որն է հիմա Միացյալ Նահանգների նպատակը, ըստ պատգամավորի՝ հիմա ամերիկացիները կարծես թե փորձում են բացառել Իրանում վարչակազմի փոփոխության հարցը:

«Ես կարծում եմ, որ Իրանի գխավոր նպատակը Իրանին՝ միջինարևելյան տարածաշրջանի գործընթացներից չեզոքացնելն է: Եվ այստեղ ԱՄՆ-ի շահակիցը Իսրայելն է: Երկուստեք փորձում են Իրանին հանել այդ հավասարակշռությունից, ինչը, բխում է իրենց շահերից: Պետք է նաև նկատի առնել Թուրքիային և Սաուդյան Արաբիային այս գործընթացներում: Նրանք էլ են շահակից, որ Իրանը դուրս գա այս տարածաշրջանից․ նրանք բավականին նեղություն են քաշել և էներգիա են վատնել Միջին Արևելքի վիճակն ապակայունացնելու հարցում՝ իրենց շահերն ապահովելու համար: Իրանն էլ, բնականաբար, իր խնդիրներն ունի, և չեմ կարծում, որ հեշտ կլինի նրան հետ կանգնեցնել խաղաղություն ապահովելու գործընթացից»,- ասաց նա:

Ինչպե՞ս է դիմագրավելու Իրանն ամերիկյան պատժամիջոցների արդյունքում տնտեսական ծանր մարտահրավերների դեմ: Կարեն Խանլարյանը նկատեց, որ Իրանն արդեն հայտնվել է տնտեսական խնդիրների առջև, նա նշեց, որ ցավալին այն է, որ պատժամիջոցները, ինչպես օրինակ՝ դեղերի նկատմամբ կիրառվողները, նաև խախտում են մարդու իրավունքները:

«Նրանք անգամ նման քայլի են գնում իրենց պարտադրանքները թելադրելու համար, ինչն անընդունելի է: Նորից պետք է կրկնեմ՝ իրեն հարգող որևէ պետություն մինչև վերջ պետք է պայքարի նման պահանջների դեմ»,- ասաց նա:

Ըստ Կարեն Խանլարյանի՝ այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ Իրանը հզոր պետություն է և ունի տնտեսական, արդյունաբերական հնարավորություններ: «Իրանին ծնկի բերելը կարելի է բացառել: Այս տարբերակներով դա անելն անհնար է: Իրանը կմնա կանգուն: Ես սա ասում եմ՝ վերջին տարիներին Իրանի քաղաքականության մեջ լինելու արդյունքում: Մի ժամանակ ամերիկացիները կարծում էին, որ այդ պատժամիջոցներով իրանական վարչակազմին նեղվածության մեջ դնել, բայց իրականությունն այն է, որ դրանով ոչ միայն վարչակազմին, այլ նաև Իրանի ամբողջ ժողովրդին են նեղվածության մեջ դնում, և դա տրամաբանորեն հանգեցնելու է ոչ թե ընկրկման, այլ դիմադրության, և այդ դիմադրությունը գոյություն ունի և փորձում են պահպանել այն: Կարծում եմ՝ Իրանին կհաջողվի ստեղծված իրավիճակից դուրս գալ»,- ասաց նա:

Ինչպիսի՞ն են այս իրավիճակում հայ-իրանական հարաբերությունները: Կարեն Խանլարյանի տպավորությամբ՝ Հայաստանի անկախացումից հետո հայ-իրանական հարաբերությունները եղել են բավականին բարձր մակարդակի վրա, և այս ընթացքում միմյանց օգնելու բազմաթիվ փաստեր են արձանագրվել:

«Երբ Հայաստանն է գտնվել վատ իրավիճակում, Իրանն է օգնել, հակառակ պարագայում ևս, Իրանը օգնել է Հայաստանին: Այդ օժանդակության սպասելիքը երկուստեք գոյություն ունի, և երկու կողմերի քաղաքականությունն էլ բավարարում է սպասելիքները»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրներն այլ ճանապարհ չունեն, քան փոխհարաբերությունների ռազմավարական մակարդակը բարձրացնելն է:

Հեղինակ` Հռիփսիմե Հովհաննիսյան