կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-11 22:02
Հասարակություն

«Մենք պարտավոր ենք օգտագործել յուրաքանչյուր հայի ռեսուրսը, եթե ուզում ենք դուրս գալ այս իրավիճակից»․ Գևորգ Թամամյան

«Մենք պարտավոր ենք օգտագործել յուրաքանչյուր հայի ռեսուրսը, եթե ուզում ենք դուրս գալ այս իրավիճակից»․ Գևորգ Թամամյան

«Մեր երկրի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ կառավարման համակարգում ամեն մեկն իր տեղում չէ։ Կադրերի ոչ ճիշտ նշանակման խնդիրը վաղուց է եղել, պարզապես հիմա այլ երանգ է ստացել։ Ժամանակին Հայաստանում մարդկանց պաշտոններում նշանակում էին քավորսանիկակական, խնամիական և կուսակցական հարաբերություններով, որին փոխարինելու եկավ, այսպես ասած, քայլելու կիլոմետրաժից կախված նշանակումները, ինչի հետեւանքը տեսանք»,- Yerkir.am-ի հետ զրույցում կարծում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը։

Ըստ նրա, այսօր ապրում ենք մեր ազգի ու պետականության համար ծանրագույն պահերից մեկը և կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առջև։ «Նորություն ասած չեմ լինի, որ պետականությունը կորցնելու, ձախողելու բոլոր նախադրյալներն ունենք, բայց չպիտի թույլ տանք, որ դա տեղի ունենա, այլ պետք է կանխենք։ Հեշտ է նստել ու խոսել, դիտորդի դերում լինել, պետք է գործ անել։ Եթե ինչ-որ բան ուզում ենք փոխել, պետք է սկսենք մեզնից՝ անհատից, ամբողջ հասարակությունից։ Պիտի ազգովի փոխվենք։ Սա մեկ օրվա գործընթաց չէ, այլ՝ շարունակական։ Պետք է դասեր քաղենք պարտությունից»,- ասում է Գ․ Թամամյանն ու բերում Գերմանիայի օրինակը, երբ անցյալ դարի 20-ականներին, առաջին համաշխարհային պատերազմի պարտությունից հետո, ծանր օրեր ապրելով հզորացել, դարձել է աշխարհակալ պետություն։ Թամամյանը նաև հիշեցնում է, որ շատ հզորագույն կայսրություններ էլ վերացել են աշխարհի երեսից, օրինակ՝ Ասորեստանը, Բյուզանդիան, Հռոմեական կայսրությունը։

«Բնական է, շատերիս վրա այս իրավիճակը բավականին խորը ազդեցություն է թողել, բայց միակ ելքը պայքարն է»,- վստահեցնում է Թամամյանն ու պնդում․ «Ընտությունները տարբերակ են, այլ բան է, թե ինչպես կընթանան, բայց սա էլ է մեզնից կախված»։

Մեր այն դիտարկմանը, թե այն կարծիքին չէ՞, որ այս իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած և դրսում ուսում առած շատ անձինք ապազգային են, զրուցակիցը նշեց․ «Բնավ, դրսի կրթությունն այստեղ կապ չունի, մենք հաստատ ունենք անհատներ, որոնք դրսում կրթություն չեն ստացել, բայց պակաս ապազգային չեն։ Դրսում կրթություն ստանալը միայն դրական է, այսինքն զարգացնում է մարդուն, այլ բան է, թե այնուհետև տվյալ մարդն իրեն տրված այդ հնարավորությունն ինչպես է օգտագործում: Ազգի մասին պաթոսով խոսելը չեմ համարում ազգային լինելու պատկերավոր տեսակ։ Ազգային մարդ է նա, ով գլուխը կախ իր գործն է անում։ Օրինակ, մի բժիշկ ունենք, որ 40 տարի է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներ է բուժում։ Նա կարող էր աշխարհի լավագույն կենտրոններում հիվանդներ բուժել, բայց մնացել է Հայաստանում, ինձ համար նա է ազգային մարդ, ոչ թե նա, ով ասում է՝ ես ազգային եմ, կենաց է խմում ազգի համար, բայց իրականում, առիթի դեպքում, պետությանը վտանգի է ենթարկում»։

Մանկական ուռուցքաբանն ասում է, որ այսօր հանրության մոտ կա անարդարության, հիասթափության մեծ զգացողություն․ «Մարդիկ արդարության պակասի պատճառով դուրս եկան փողոց և մերժեցին նախորդ իշխանությանը։ Ներկա իշխանությունն էլ ունեցավ իր այլ բնույթի սխալները, այլ կերպ շարունակվեց այդ ծանոթ-բարեկամի իշխանությունը, այստեղ շեշտը դրվեց քայլելու կամ չքայլելու, կուսակցական և ոչ կուսակցական լինելու վրա ու ոչ կոմպետենտ մարդկանցով լցվեցին ոլորտները։ Սկզբնական շրջանում մտածում էինք, երևի կսովորեն կամ ողջախոհություն կցուցաբերեն, փորձ ձեռք կբերեն, բայց փաստացի եղավ հակառակը։ Երկրի նման կրիտիկական իրավիճակում, երբ ուզում ես քո անգլերենի ուսուցչուհուն դեսպան նշանակել ԱՄՆ-ում՝ մի երկրում, որը աշխարհակալ գերտերություններից մեկն է, կարծում եմ՝ այդտեղ արդեն մտածելու խնդիր կա։ Այժմյան վարչապետին վստահեցինք երկրի ղեկը, բայց, ցավոք, նա մեզ տարավ կործանման ճանապարհով։ Մի բան ինձ համար պարզ է՝ ներկա կառավարությունը նախորդ կառավարությունների գործունեության և ձախողումների արդյունքն էր, նա նույնպես ձախողել է և պիտի հեռանա»,- պնդում է Թամամյանն ու չի ժխտում, որ փորձել է իրենից կախված առավելագույնը անել, որպեսզի ներկա թիմը հաջողեր, իսկ երկիրն առաջընթաց ունենար, սակայն, ցավոք, եղել է այն ինչ եղել է:

«Եթե չենք ուզում երկիրը կործանվի, եթե նախկին և ներկա երկու ուժերն անձնականը պետականից վեր չեն դասում, մտածում են երկրի մասին, ապա հավասարապես երկուսն էլ պիտի հեռանան դաշտից՝ ընդունելով, որ ժողովրդի մեծ մասն իրենց չի վստահում։ Պետք չէ պիտակավորել ժողովրդին։ Այստեղ անձնական ամբիցիաները պետք է մի կողմ դրվեն, որովհետև երկիր ենք կորցնում»,- մտահոգված շեշտեց Գ․ Թամամյանը։

Զրուցակցին անհանգստացնում է հասարակության ներկա բևեռացումը․ «Այդպես չի լինում, քանդելով չեն սարքում, եղածի վրա են կառուցում։ Իհարկե, չափից շատ գրավիչ է սև ու սպիտակ անելը, յուրաքանչյուրիս էլ երբեմն կարող է ականջահաճո լինել, բայց պիտի հաշվի առնենք, որ ապրել ենք ժամանակաշրջաններ, որտեղ ամեն մեկս ունեցել ենք մեր մեղքի մեծ կամ փոքր բաժինը։ Ուստի՝ պատմության մեջ չես կարող ամեն ինչ ջնջել, զրոյացնել»։ Այնուամենայնիվ, Թամամյանը կարծում է, որ պետք է փորձենք համախմբվել պետականամետ մտածողություն ունեցող մարդկանց շուրջ, գտնել ուղիներ եւ սխալների վրա սովորել։

«Այստեղ առաջնորդի խնդրի վրա պետք չէ կենտրոնանալ, քանի որ երբ լինում է համախմբում, ապա այդ առաջնորդները ծնվում են։ Պատմությունն ապացուցել է, որ երբ մենք համախմբված ենք եղել, հաղթել ենք»,- համոզված ասաց նա։ Մեր այն հարցադրմանը, թե վերջին պատերազմում էլ համախմբված էինք, ինչո՞ւ չհաղթեցինք, Թամամյանը հակառակը վստահեցրեց․ «Ցավոք, մենք համախմբված չէինք»,- ապա մանրամասնեց․ «Խրամատում ու թիկունքում համախմբված էինք, իսկ պատերազմի ժամանակ որքանո՞վ օգտագործվեց մասնագետների ռեսուրսը։ Համենայնդեպս, ես այդ տպավորությունը չստացա։ Համախմբումը միայն խոսքերով կամ սոցիալական ցանցերում գրելով չի: Երբ երկրի սահմաններում պատերազմ է, չի կարող ներսում լինել սև ու սպիտակի բաժանում, սա միանշանակ բերում է պարտության, ինչին ականատես եղանք։ Մենք պարտավոր ենք օգտագործել յուրաքանչյուր հայի ռեսուրսը, եթե ուզում ենք դուրս գալ այս իրավիճակից: Թե հաղթանակի, թե պարտության դեպքում երկրի ղեկավարն է գլխավոր պատասխանատուն: Չես կարող լինել պատասխանատուն, սակայն պարտության դեպքում՝ մեղավորը չլինել»,- եզրափակեց Գ․ Թամամյանը։