Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունների դեմ առաջին հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին։ Դա արել է Հայ Յեղափոխական Դաշնակությունը։ Կարգախոսը հետևյալն էր՝ «Պետք է զարգանանք՝ չզիջելով»։ Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այդ հավաքի նպատակը այդ օրերին այն էր, որպեսզի մենք հնչեցնենք բոլոր սպառնալիքները, մտահոգությունները, որ կան և գոյություն ունեն Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դա արել ենք Նիկոլի հեղինակության ամենաբարձր պիկի ժամանակ՝ 2019 թ. մայիսին, երբ դեղին քարտ ցույց տվեցինք։ Այդ ժամանակ, երբ մեր ասածը տեղ չէր հասնում, և չէինք կարողանում մարդկանց բացատրել, ինչ-որ տեղ հասկանալի էր, որովհետև բոլորին թվում էր, որ եկել է մի փրկիչ, որն ունի բոլոր հարցերի պատասխանը, և լուծելու է ժողովրդի և պետության առջև կանգնած բոլոր խնդիրները։ Մենք դեռևս այն ժամանակ ասում էինք, որ ոչ՝ սա փրկիչ չէ, սա մի արկածախնդիր է, որը չի կարող սպասարկել և չի սպասարկում Հայաստանի ու Արցախի շահերը, և կոնկրետ բարձրաձայնում ենք այն բոլոր խնդիրները, որ գոյություն ունեն», - նշել է նա:
Պատգամավորը շեշտեց, որ հրապարակային խոսել են արտաքին քաղաքականության մասին, բանակի վերականգնման, հայրենիքի պաշտպանության։
«Բայց այն ժամանակ, երբ մեզ չէին հասկանում, դա ինչ-որ կերպ հասկանալի էր, որովհետև մարդիկ այլ իրականության մեջ էին։ Բայց պատերազմից հետո, երբ մենք չենք կարողանում մեր հանրությանը բացատրել վտանգները, այստեղ պրոբլեմ է, և այս պրոբլեմը ես չեմ ուզում թողնել ժողովրդի վրա։ Այս պրոբլեմը Հայաստանի քաղաքական ուժի և էլիտայի խնդիրն է, որ չենք կարողացել հասարակության հետ խոսել այնպես, որ ոտի հանենք»։
Նա նշեց, որ իրենց մեղադրում են աթոռակռիվի մեջ.
«Կա դասական, դասագրքային ճշմարտություն է։ Քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողին առաջին բանը դա են սովորեցնում, որ գոյություն ունի իշխանություն և ընդդիմություն։ Այն ընդդիմությունը, որ չի ձգտում իշխանության գալ և իրականացնել իր ծրագրերը, դա ուրեմն ընդդիմություն չէ, դա իշխանության սպասարկող ուժ է, կամ չգիտեմ ինչ։ Բայց ի՞նչ է ասում այսօրվա իշխանությունը, ասում է իրենց պայքարը իշխանության համար է, այլ ոչ թե հայրենիքի։ Մենք ասում ենք, որ մեր գլխավոր նպատակը իշխանության համար չէ, բայց իշխանափոխությունը անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար»։
Պատգամավորն ավելացրեց, որ, բոլոր այն ուժերը, անհատները, ովքեր ունեն կամք, վճռականություն, փորձառություն, պատասխանատվություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար, իսկ լծակներ ունեցողները իշխանության ղեկին գտնվողներն են, որոնք երկիրը հետևողականորեն տանում են դեպի կործանման։
«Այսինքն, սա պայքար չէ իշխանության համար, բայց իշխանությունը անհրաժեշտ պայման է հարցեր լուծելու համար»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։