կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-17 14:02
Հասարակություն

Հայաստանում իրականացվում են անապատացման դեմ պայքարի ծրագրեր

Հայաստանում իրականացվում են անապատացման դեմ պայքարի ծրագրեր

Հայաստանում հողերի 80 տոկոսից ավելին ենթարկվում է դեգրադացիայի, որից 43 տոկոսը՝ անապատացման: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը նշեց, որ տարբեր մազերում պատճառները տարբեր են:

«Օրինակ, Սյունիքում ընդերքօգտագործման խնդիրն է, Արարատյան դաշտում դա կապված է ոռոգման, դրենաժային համակարգի աղակալման հետ: Խնդիրները տարբեր են, սակայն ի վերջո այդ բոլորը բերում է հողերի դեգրադացման, անապատացման»,-ասաց Աշոտ Վարդևանյանը:

1997 թվականից Հայաստանը միացել է Անապատացման դեմ պայքարի կոնվենցիային, և այս ընթացքում ակտիվ աշխատանք է կատարվել: Աշխարհագրական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանի խոսքով, հողերի դեգրադացիան և անապատացումն աշխարհի մակարդակով գլոբալ խնդիր են:  

«Հայաստանն առավել անապատավտանգ երկիր է համարվում, թե իր աշխարհագրական դիրքից ելնելով, թե հողօգտագործման, բնօգտագործման գործընթացով: Բնական երևույթներից բացի, մարդու գործոնը ևս հաշվի առնելով, կարող ենք ասել, որ Հայաստանը գերշահագործված տարածք է, հողային ռեսուրսների բնական վիճակի վերարտադրողականության առումով բավական խնդիրներ ունեցող տարածք է մեր երկիրը»,-ասաց Աշոտ Խոյեցյանը: Նա նշեց, որ նախարարությունը իրավական, կազմակերպչական, կառավարչական առումով գործընթացներ կատարել է, սակայն խնդիրը շարունակում է խորանալ: Մասնագետի խոսքով, հողերի աղակալման, էռոզիայի, ճահճացման, ոչ նպատակային օգտագործման խնդիրը հասել է այն աստիճանի, որ ակտիվ միջամտության անհրաժեշտություն կա: 

«Հողը ոչ միայն բնության կարևոր բաղադրիչ է, այլև գյուղատնտեսության, պարենային խնդիրների լուծման կարևոր գործոն: Այստեղ մի հարցի մասին էլ կցանկանայի խոսել, բավարար մակարդակի վրա չէ խնդիրների լուծման գործում համայնքի մասնակցությունը: Այնինչ, համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն ծրագրերի իրականացման, որոշումների կայացման գործում»,-ասաց Աշոտ Խոյեցյանը:

Աշոտ Վարդևանյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացնում տարբեր ուղղություններով: Կոնկրետ ծրագիր է իրականացվում Արարատի մարզի Նարեկ համայնքում. ծրագիրը ֆինանսավորվել է Կորեայի Հանրապետության կողմից: Այն ունի երեք բաղադրիչ՝ կաթիլային ոռոգում, դաշտապաշտպան անտառների հիմնում, բիոհումուսի օգտագործում: Մեկնարկը տրվել է 2018 թվականին, արդյունքները տեսանելի կլինեն 2020 թվականին: Ծրագրում իր ներդրումն ունի նաև համայնքը:

«Համայնքն ընտրել է Արարատի մարզպետարանը, ժամանակին այս համայնքը այգեգործության լավ մշակույթ ուներ, հիմա հողերը չորանում են: Այժմ մենք քայլեր ենք ձեռնարկում, որ հողերը վերականգնվեն, ջրային ռեսուրսների կառավարումն էլ առավել արդյունավետ դառնա»,-հավելեց Աշոտ Վարդևանյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին գրանտային միջոցներով կիրականացվեն 4 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր: