|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացներն այլևս չեն կարող դիտվել որպես մասնավոր նախաձեռնություններ կամ անհատական կարծիքներ։ Մենք կանգնած ենք պետականորեն համակարգված և վտանգավոր քաղաքականության առաջ, որն իր բնույթով ուղղված է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և պատմական հիմքերի խարխլմանը, գրել է ԱԺ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։
«Գործող իշխանությունը՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գիտակցված և հետևողական քայլերով փորձում է պառակտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հարվածել նրա հեղինակությանը և զրկել այն իր հազարամյակներով ձևավորված համազգային ազդեցությունից։
Սա պարզապես ներքին հակասություն չէ․ սա՝ պետականության դեմ ուղղված քայլ է։
Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պետական համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց վարքով և խոսքով բացահայտ լկտիություն ու արհամարհանք դրսևորում ՝ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ։ Նրանք իրենց ցինիկ հռետորաբանությամբ և գործողություններով, փորձում է ստեղծել հակադրություն՝ եկեղեցու ներսում և հասարակության լայն շերտերում։
Սա վտանգավոր և անթույլատրելի ընթացք է, որը կարող է բերել խորը ներազգային պառակտման և թուլացնել ազգային ինքնության հիմքերը։
Պետք է հստակ և պատասխանատու կերպով արձանագրել․
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարել փորձած ոչ մի իշխանություն երբեք չի կարողացել հաղթանակ տանել։
Պատմությունը շատ դաժան է եղել բոլոր այն առաջնորդների հանդեպ, ովքեր փորձել են պայքարել իրենց ժողովրդի հավատքի, լեզվի և մշակույթի դեմ։ Նույն ճակատագիրն անխուսափելիորեն սպասում է նաև այս իշխանությանը, եթե այն չդադարեցնի այդ վտանգավոր գործընթացը։
Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր ամրոցը։ Այն գոյատևել է առանց բանակի, առանց պետականության, առանց նյութական հզորության, որովհետև ունեցել է մեկ անսասան հենարան՝ հայ ժողովրդի հավատքն ու նվիրվածությունը։ Այդ հավատքը չկարողացան կոտրել սուլթանները, ցարերը, բոլշևիկները և բռնապետերը։
Չի կարողանա կոտրել նաև ժամանակավոր այս իշխանությունը։
Եկեղեցու դեմ մղվող այս քարոզչական և վարչական պայքարը ոչ թե «վերափոխման» նշան է, այլ՝ վտանգավոր հակապետական մտածողության արտահայտություն։ Այն հակասում է մեր Սահմանադրությանը և մեր պետական շահերին՝ քանի որ պառակտում է հասարակությունն այնտեղ, որտեղ պետք է լինի միասնություն։
Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի։
Պետական պաշտոնյաները, որոնք իրենց խոսքով կամ գործողությամբ ներգրավված են այդ գործընթացում, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե այս իշխանությունը շարունակի այդ ուղին, ապա կկրի ոչ միայն քաղաքական, այլև պատմական պատասխանատվություն՝ իր ժողովրդի հոգևոր սյուները խարխլելու համար։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է հայության ինքնության անկոտրում հենարանը։
Այդ հենարանը կոտրել փորձող ցանկացած իշխանություն դատապարտված է պատմական պարտության»,-գրել է պատգամավորը։