Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրիեթ Թոփուզյան Բաշօղլուն Վերին Եփրատի ավազանում գտնվող հին հայկական բնակավայրերում շրջելուց հետո իր ստացած տպավորությունները մեծ հոդվածի է վերածել, որտեղ ներկայացնում է նաև շրջանի պատմությունը։ Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածի առաջին մասը։
Հանրիեթ Թոփուզյան Բաշօղլու
Հայոց պատմության մեջ ամենահին բնակավայրերից մեկը՝ Վերին Եփրատի ավազանը, հեթանոսական ժամանակաշրջանից ի վեր մեծ կարևորություն է ունեցել։ Հատկապես Քեմահ-Երզնկա-Թերջան գիծը հեթանոսական ժամանակաշրջանի կարևոր կենտրոն է եղել. այդտեղ Անահիտի, Արամազդի, Միհրի, Նանեի տաճարներն են կառուցվել։ Ներկայում Անահիտի պաշտամունքը շրջանում իր կարևորությունը տարբեր ձևերով պահպանում է։
Մ․ թ․ 331 թ․ հայ իշխանները հռչակում են իրենց անկախությունը և հիմնադրում Մեծ Հայքը՝ Եփրատի արևելքում, Փոքր Հայքը՝ Եփրատի հյուսիսում։ Ըստ հայոց պատմության աղբյուրների՝ 1021 թ․ Վասպուրականի շրջանի թագավոր Սենեքերիմ Արծրունին իր հողերը ստիպված է եղել թողնել Բյուզանդիայի կայսր Բարսեղ Երկրորդին, ու դրա դիմաց ստացել է Սվասի ու Կապադովկիայի շրջանը։ Այսպիսով՝ Վասպուրականի շրջանից գաղթ է սկսվում։ Շրջան են տեղափոխվում 14000-անոց բանակն ու բազում ընտանիքներ։ Առևտրային ու մշակութային ոլորտում մեծ կարևորություն ձեռք բերած շրջանը 12-րդ դարի վերջում մտնել է Սելջուկյան տիրապետության տակ, ապա՝ ենթարկվել Լենկ-Թեմուրի գազանություններին, իսկ երբ Սելիմ Յավուզը Չըլդըրանում հաղթանակ տարավ, շրջանն անցավ Օսմանյան տիրապետության տակ։ 1915 թ․ Ցեղասպանությունից հետո այն մշակութապես և բնակչության ազգային կազմի առումով ամբողջովին փոխվել է։
Շրջայցի սկզբնակետը Սվասն էր (Սեբաստիա)
Վերին Եփրատի ավազանում իմ շրջայցն սկսեցի Սվասից։ Երբ շրջում էինք քաղաքի կետնրոնում գտնվող սելջուկյան ժամանակաշրջանում կառուցված կառույցներով, անհնար էր չհիանալ այդ կառույցների ճարտարապետությամբ՝ հատկապես Դիվրիղի (Տևրիկ) Ուլու մզկիթի դռներով։ Սելջուկյան ճարտարապետությունն ազդվել է հայկական ճարտարապետությունից ու օգտագործել հայ շինարարների տաղանդը։ Հայտնի է, որ 1915 թ․ առաջ շրջանի կենտրոնում կար մոտ 20000 հայ բնակչություն, իսկ գավառներում ու գյուղերում ապրում էր մոտ 80․000 հայ։ Այստեղ էին գտնվում Սուրբ Սարգիս, սուրբ Մինաս, Սուրբ Փրկիչ, Սուրբ Գևորգ, Քառասուն Մանուկ ու Սուրբ Աստվածածին եկեղեցիները, բացի այդ՝ առաջին քրիստոնյա նահատակներից Սուրբ Վլասին պատկանող մի մատուռ։ Սուրբ Վլասի գերեզմանը մուսուլմաններն էլ են սուրբ համարել. այն ուխտատեղի է եղել նաև նրանց համար։ Բացի այդ՝ Սվասի կենտրոնում են եղել երկու հայ բողոքական, մեկ հայ կաթոլիկ եկեղեցիներ, մեկ հիվանդանոց, մեկ թատրոն, գործել է 13 դպրոց, հրատարակվել է երկու տեղական թերթ։ Իսկ 1915 թ․ հետո հետ վերադարձած մի բուռ ժողովուրդն արդեն դպրոցներում չէր կարող սովորել, սրբավայրերը այնպիսի վիճակում էին, որ կարգի բերելը դժվար էր։ Եկեղեցու և դպրոցի շենքերը վերածվել էին զինվորական կայազորի, իսկ 1952 թ․ ամենավսեմ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառավարության որոշմամբ պայթեցվել է ու ոչնչացվել։ Այսօր այդտեղ միայն մի քանի պատերից ու իրենց գոյությունը պահպանել փորձող մի քանի ընտանիքներից բացի ոչինչ չի մնացել։
Դեպի Էղին (Ակն) տանող ճանապարհին ընկած եզակի տեսարաններ
Դիվրիղից ճանապարհ ընկանք դեպի Քեմալիյե (Էղին)։ Մնձուր ու Քեշիշ լեռների միջև՝ դեպի Երզնկա գանցող Եփրատի ափի՝ բազմաթիվ թունելներ, սրածայր ժայռեր ու վիրաժներ ունեցող Թաշյոլն ու Քարանլըք Քանյոնն անցնելով՝ փորձեցինք այնտեղ հասնել։ Անհնար է, որ այդ ընացքում չբարձրանա մարդու ադրենալինի մակարդակը։
Շրջանի ուղղաձիգ ու բարձր լեռներն այնպիսի զգացողություն են ստեղծում կարծես գոթական եկեղեցու մեջ լինես։ 8 կմ երկարությամբ Թաշյոլը տեղ է գտել աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների մեջ։ Ճանապարհի կառուցումը տևել է 132 տարի։ Ականատես ենք լինում քարքարուտների, Եփրատի ուղղաձիգ ժայռուտներից հոսող մեծ ու փոքր ջրվեժների, քարանձավների, ժայռերի վերևից մեզ ողջունող վայրի այծերի, բազեների, յուրահատուկ բնության։ Երբ ճանապարհն ավարտվում է, երևում է Եփրատի երկաթե Շըրզու կամուրջը։ Ժողովրդի մեջ այն հայտնի է «Ատելության կամուրջ» անունով։ Սակայն այդ անունը ինձ չի հիշեցնում Բարբարոս Բայքարայի նույն վերնագրով գրած ազգայնական վեպը, այլ հիշեցնում է 1890-91 թթ. Համիդիե զորաջոկատների կողմից իրականացված կոտորածները, հետագայում՝ 1915 թ., այդ կամրջի վրա կատարված վայրագությունները։ Այն, որ Հին Շըրզու կամուրջը կառուցված է եղել փայտից և ունեցել է ճարտարապետական գեղագիտություն, հասկանում ենք ժամանակաշրջանի նկարիչների նկարներից։ Ներկայում, ցավոք, այդ ինքնատիպ կամուրջը ջրի տակ է մնացել, հենց վերևում անշուք, երկաթից կառուցված Նոր Շըրզու կամուրջն է։ Երբ տեսանք այդ կամուրջը, հասկացանք, որ հինգ րոպե հետո Էղինում ենք լինելու։
Էղին կամ Ակն
Էղին մտնելիս անմիջապես հիշեցի Գարեգին վարդապետ Սրվանձտյանի հետևյալ նախադասությունները, որոնք նա գրել է 1879 թ․ շրջան գալու ժամանակ․ «Հե՜յ, հայտնի քաղաք, մտքովս կանցնե՞ր, որ դու քո այցելուներին այսքան դժվարություն կպատճառես։ Քարերից, խոտերից, վախերից, մեզ արյան ու քրտինքի մեջ թողնող բլուրներից հետո անմիջապես ձորակի գագաթից Էղինն է երևում։ Այն կարծես մի դրախտավայր լինի՝ գեղեցիկ շենքերով ու ծառերով։ Անհրաժեշտ է իջնել մինչև հովտի վերջ, Եփրատի թագավորությանը ողջունել, հետո էլ կամրջով անցնել։ Ահա այդ ժամանակ հասկանում ես, թե դրախտ թվացող քաղաքը ինչքան դժվար ու անանցանելի քարքարուտ մի վայրում է գտնվում։ Մարդ ինչպես որ կդժվարանար պատ կամ աշտարակ մագլցել, մենք այդքան դժվարացանք Էղին հասնելքւ ժամանակ։ Մի հենք ունեինք, այն էլ քարե աստիճաններն էին, շռնդալից, գուռ-գուռ հոսող ջրերը, փողոցում գտնվող պատերից դեպի վեր սլացող ու շրջակայքը գեղեցկացնող ծառերի կանաչ տերևները․․․»։
Էղին անունը ծագում է հայերեն Ակն բառից, որը նշանակում է՝ ջուր, աղբյուր, շատրվան։ Այդ շրջանը արժանի է իր անվանը, քանի որ ամեն անկյունից ջուր է հորդում։ Ժամանակի ընթացքում անունը Էղին է փոխվել, իսկ 1922 թ․ տրվել է Քեմալիյե անվանումը։ Սակայն հնում կիրառված տեղանունները թուրքացնող մտածելակերպը համարում է,որ Էղին անունը թուրքերեն « Աղ յուրթ» բառից է ծագում, որն oրհոնյան ժամանակաշրջանում օգտագործված թուրքերենում ունի «Դրախտի նման գեղեցիկ պարտեզ» նշանակությունը։ Թե որն է Էղին անվան ծագումը, թողնում եմ ձեր հայեցողությանը։
Ընդունված է համարել, որ հին էղինցիները եկել են Վասպուրականի շրջանի Անի քաղաքից։ Օսմանյան ժամանակաշրջանում երկու հարյուր տարի շարունակ այս փոքրիկ արվարձանը պալատին ամիրաներ (պալատին մոտ հայ արիստոկրատ բուրժուաներ), անթիվ գրականագետներ, քաղաքագետներ, երաժշտագետներ ու արվեստագետներ է տվել։ Ջելալիների ապստամբության ժամանակ այդ շրջանի ժողովուրդը գաղթել է այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Իզմիթը (Նիկոմեդիա), Ադըփազարը, Իզմիրը (Զմյուռնիա), Բուրսան, Թեքիրդաղը։ 18-րդ դարից ի վեր այստեղից աշխարհի բազմաթիվ շրջաններ տարատեսակ ապրանքներ են արտահանվել ու ներկրվել։ Հայ ընտանիքները արտահանումը, ներկրումն ու արտադրության հոսքը կարգավորելու նպատակով ընտանիքի անդամներից ոմանց ուրիշ քաղաքներ են ուղարկել, իսկ երիտասարդներին էլ բարձրագույն կրթություն ստանալու համար՝ Ստամբուլ ու արտասահման ուղարկել։ Դարեր շարունակ Մետաքսի ճանապարհը Էղինի ու Էնչիթի (Թոփքափը) մոտով էր անցնում ու Երզնկա հասնում։ Հայտնի է, որ Էնչիթի գյուղում 1915 թ․ առաջ Ոսկու բորսա է եղել։ Աբդուլ Համիդ Առաջինը 1779 թ․ հրապարակում է «Գաղթ դեպի տուն» կոչվող օրենքը, որով արգելվում էր դեպի Ստամբուլ ու Արևմուտք բնակիչների գաղթը, քանի որ այնտեղից հեռացածները այլևս չէին վերադառնում։ Իսկ 1896 թ․ Համիդիե գնդերի կողմից Էղինում իրագործված աղետն ու իսլամացման գործողությունները պատճառ են դարձել Էղինից արտագաղթի։
Առևտրային կենտրոն
Այս շրջանում գյուղատնտեսական հողերը քիչ են, սակայն պտղատու ծառերը բազմազան են ու շատ։ Թթի մշակման հետ մեկտեղ հայերը սկսել են զբաղվել նաև շերամապահությամբ։ Գորգագործությունը, ոսկերչությունը ևս մեծ նշանակություն են ունեցել։ Էղինցի հայ վաճառականները այդ ապրանքները վաճառում էին այնպիսի երկրներում, ինչպիսիք էին Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իրանը։ Էղինցիների ամենահանգիստ ժամանակահատվածը 1750-1850 թթ․ էին։ Այդ ժամանակաշրջանում սուլթանի, սադրազամների (վարչապետ) բանկիրները, ատենապետերը, պալատական ոսկերիչները Էղինից էին։ 20-րդ դարի սկզբին Էղինում մոտ 300 վաճառական կար։ Իրենց հարստության շնորհիվ նրանք 1895 թ․ Համիդիե զորաջոկատներին մեծ գումարներ են վճարում ու փրկվում մահից, սակայն միայն մեկ տարի են կարողանում հանգիստ շունչ քաշել։ Հաջորդ տարի չեմ կարողանում կանխել 3000-ից ավել մարդու սպանությունը։ Ըստ 1914 թ․ եկեղեցական արձանագրությունների՝ Էղինում եղել է 16․741 հայ, 25 եկեղեցի, 3 վանք ու 20 դպրոց, որտեղ ուսանել է 1300 աշակերտ։
Պտղաբերության աստվածուհի Անահիտը
Ներկայում 18 տեսակի թթի ծառ կա, որով հպարտանում էին էղինցիները։ Սակայն նրանից մետաքս ստացող վաճառական չկա։ Անասնապահությամբ զբաղվելը դադարել է կամ դադարեցվել, մանելու թել, գործելու գորգ չկա։ Էղինից 40 կմ հեռավորության վրա ոսկու հանք է գտնվում։ Ոսկի կա, բայց ոսկին մշակող արհեստավոր չկա։ Կարճ ասած՝ եթե հայ չկա, հարստություն էլ չկա։ Հայերից միայն գեղեցիկ տներն են մնացել։ Արժե տեսնել այստեղի տների գեղեցկությունն ու ճարտարապետությունը։ Էղինը լեռան լանջին հիմնադրված վայր է։ Ամեն տեղից աղբյուր ու բարիք է հորդում։ Տների դռների թակիչները արվեստի գործեր են։ Խաչաձև բազմաթիվ դռան զանգերի կողքին թուրքական շամանական ավանդութային սիմվոլներ էլ կան։ Տների հատակի կառուցման մեջ օգտագործված «կավճին» կոչվող քարերը այդ տներին մի առանձին շուք են հաղորդում։ Ակնհայտ է, որ այդ անունն էլ է հայերեն։ Որոշ տների վրա պտղաբերությունը խորհրդանշող կրծքաձև ելուստներ կան։ Դա ոչ այլ ինչ է, քան պտղաբերության աստվածուհի Անահիտի խորհրդանիշը։ Էղինը գտնվում է սեյսմիկ գոտում, ինչի պատճառով այդ շենքերը կառուցելիս ամեն ինչ մտածել են, չափել ու այդ շենքները հասցրել մինչև մեր օրերը։ Տները ծածկված են ուղղահայաց տնկված փայտերով։ Դրա պատճառն այն է, որ ձյունն ու անձրևը շենքերին վնաս չտան։ Ներկայում գեղեցիկ տները տգեղ թղթե ցուցանակներով են ծածկված։ Վերականգնողներն էլ ասում են, որ դա արվել է անգիտակցաբար, սակայն դա լավ պաշտպանական մեթոդ է։ Այդ ցուցանակների շնորհիվ շենքերը փրկվել են վնասվելուց։
Հայերից մնացած միակ եկեղեցին
Էղինի կենտրոնում կանգուն մնացած հայկական միակ կոթողը Օջաք գյուղի մուտքի մոտ գտնվող եկեղեցին է։ 1915 թ․ լքված եկեղեցին նախ վերածվել է գորգագործական հիմնարկի, ապա՝ բանտի։ 1990 թ․ լքված եկեղեցին ներկայում բաժանված է երեք մասի՝ գորգագործական արվեստանոց, թանգարան ու սրճարան․․․ Սուրճս խմելիս սիրտս ցավում էր, սակայն երբ տեսա մնացած ավերակները, փառք տվեցի Աստծուն, որ գոնե այս կառույցը կանգուն է մնացել։
Աբուչեհ գյուղում կամ էլ ներկայիս անունով Աբչահայում, 1914 թ․ արձանագրությունների համաձայն, ապրում էր 1920 հայ (320 տուն). այնտեղ կային Սուրբ Նշան ու Սուրբ Գևորգ եկեղեցիները, գործում էր 3 դպրոց։ 1847 թ․ տարեգրքերում առկա է արձանագրություն առ այն, որ գյուղից դուրս երեք ավերակ եկեղեցի է եղել՝ Սուրբ Թորոս-Սահակ ու Հակոբ անուններով։ Շեփիքյանի արձանագրություններում կա հիշատակում, որ Սուրբ Թորոս մատուռը գտնվում էր գերեզմանատան ներսում։ Երբ գյուղի բարձրադիր հատվածում սուրճ էինք խմում, ասացին, որ ներքևի հատվածը հին հայկական գերեզմանոց է եղել։ Երբ ուշադիր նայեցինք գերեզմանոցի եզրին, տեսանք երկու մեծ քարեր։ Մի փոքր քայլելուց հետո «հեռվում մի գյուղ կա» բանաստեղծության հեղինակ Ահմեթ Քութսի Թեջերի տան առջև հայտնվեցինք։ Այդ տունը հիմա թանգարանի է վերածվել։ Այդ տան կողքին գտնվող դատարկ տարածքը ուշադրություն է գրավում։ Հողատարածքի մեջ և եզրերին կան պատմական նշանակություն ունեցող աստիճաններ, ջարդված սյուների կտորներ։ Երբ մի փոքր ուսումնասիրություն կատարեցի, իմացա, որ այդտեղ եղել է մի հին հայկական եկեղեցի։ Այդ տարածքի եզրերին քարեր տեսանք, որոնց վրա խաչեր կային։ Եկեղեցուց մնացած քարերի մի մասն անմիջապես եկեղեցու հետևում գտնվող ախոռի առջևում էր կուտակված։ Ուշադիր նայելիս տաշած քարերի վրա զարդանախշեր նկատեցինք։
Հայ հոռոմները
Երբ զբոսնում էինք Էղինի շրջակա գյուղերով, հանդիպեցինք մի ժամանակաշրջան Արաֆում ապրած հայ հոռոմներին պատկանող եկեղեցիների։ Ովքե՞ր էին այդ հայ հոռոմները։ Հունական աղբյուրների համաձայն՝ նրանք հայերեն խոսող ու հայերեն գրող հունական համայնքի ներկայացուցիչներն էին, որոնք հույն ուղղափառ պատրիարքությանը կից եկեղեցական ծեսերը կատարում էին հայերեն ու թուրքերեն՝ բայցի երկու մեծ աղոթքից, իսկ աղոթքների թիվը հունական եկեղեցու ավանդույթների համաձայն էր։ Նրանց ծագման մասին կան տարբեր տեսակետներ։ Դրանցից առաջինը հույն պատմաբան Քսենոփոնի «Նահանջ բյուրոց․ Անաբասիս» գրքում է։ Գրքում առկա տեսակետի համաձայն՝ Ալեքսանդր Մեծը Ասիա կատարած արշավանքի ժամանակ, անվտանգության նկատառումներով, հույն զինվորներին թողնում է Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ․)։ Զինվորները շրջանում գտնվող հայ կանանց հետ են ամուսնանում, ձուլվում ու հունարենը մոռանում։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ բուզանդական ժամանակաշրջանում Քաղքեդոնի որոշումները չընդունած հայ ու ասորի համայնքների նկատմամբ կիրառված ճնշումներին դիմակայելու համար մի խումբ հայեր հունացել են։ Սկզբնաղբյուրների համաձայն՝ նրանք ապրել են Արևելյան Անատոլիայի շրջանում գտնվող վեց գյուղերում։ Դրանցից չորսը Էղինի շրջակայքի Վանք (Յաքաքյոյ), Ձորակ (Քարաբուլութ), Մուսեգա (Քոչաչիմեն) ու Շիրզու (Էսենթեփե) գյուղերն են։ Մամսան (Ալաքուշ) Չեմիշքեզեքին (Չմշկածակ-Ակունքի խմբ.) էր կից, իսկ Հոգուսը՝ Քեմախին։ Հայտնի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դեպի Էրզրում (Կարին-Ակունքի խմբ.) ու Երզնկա ռուսների առաջխաղացումը խանդավառությամբ ընդունող Հոգուս գյուղում գտնվող հայ հոռոմները պատերազմի ավարտին՝ ռուսների հետ քաշվելու ժամանակ, նրանց հետ Ռուսաստան են գաղթել, 1924 թ․ պայամանգրով էլ Հունաստան ուղարկված 70 ընտանիք տեղափոխվել է Էղրիբոզի հյուսիսում գտնվող Կաստանիոտիսիա ու հիմնել Նոր Էղինը, 50 ընտանիքի էլ Սելանիկի (Սալոնիկ / Թեսաղոնիկե-Ակունքի խմբ.) մոտակայքում գտնվող Դիավաթա բնակավայր է տեղափոխվել։ Այդ ամենի հետևանքով Հանրապետության հիմնադրման ժամանակ այդ համայնքի որևէ ներկայացուցիչ չէր մնացել։
Գանձագողերը ջարդ ու փշուր են արել եկեղեցին
Շրզը (Էսենթեփե) գյուղում եղել է հայ հոռոմների հոծ բնակչություն։ Գյուղում ավերված շենքերը փորձում են դիմակայել ժամանակի փոորձությանը։ Այնտեղ է գտնվում արտաքուստ բավականին լավ տեսք ունեցող հայ հոռոմների՝ Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին։ Երբ փոքր բակից մտանք եկեղեցի, տեսանք, որ գանձագողերը քար ու քանդ են արել եկեղեցու ամեն անկյուն։ Պատերից, առաստաղից ու հատակից ոչինչ չէր մնացել։ Պատի վրա հայերեն մակագրություն գտանք։ Կարդացինք վրայի հետևյալ գրությունը․ «Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին Աստծո թողտվությամբ վերանորոգվել է Էղինի Վանք գյուղից լուսահոգի Ստեփան ամիրայի որդի Անաստասի կողմից՝ լուսահոգի ծնողների հիշատակին։ Ամիրայի ու կնոջ վրայի հողն ու կառույցը հավերժ մնան, Ամեն։ Ավարտին է հասցվել 1243 թ․, Հայ առաքելական եկեղեցու օրացույցով՝ 1831 թ․ մարտ ամսին»։ Դրա նման որոշ մակագրություններ կան Վանք գյուղի աղբյուրի մոտ ու Էղինի թանգարանում»։ Եկեղեցու արտաքին պատերի վրա մեծ ու փոքր խաչերը դեռևս իրենց տեղում են։ Վերադառնալիս ձեռքս ընկավ տեղական «Հասրեթ» թերթը։ Թերթի մի անկյունում հրապարակված լուրը գրավեց իմ ուշադրությունը։ Այնտեղ նշված էր․ «Եկեղեցին վերականգնվում է ու բացվում որպես սրբատեղի տուրիզմի զարգացման համար»։ Երբ նայեցինք լուրի մանրամասները, տեսանք, որ վերը նշված հայ հոռոմների գյուղ Շըրզըում գտնվող Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին վերակառուցվելու է քաղաքապետարանի կողմից։ Լավ է այն փաստը, որ կանխվում է եկեղեցու հետագա թալանն ու ավերումը։ Հուսով եմ, որ վերակառուցումը կիրականացվի վարպետների կողմից։
104 տարի հետո պապիս գյուղում եմ
Էղինից մոտ 50 րոպե հեռավորության վրա գտնվող Փոքր Արմտան (ներկայիս անվանումը՝ Արմութլու) գյուղ գնացինք։ Արմտանն այժմ Իլինչ շրջանում գտնվող գյուղ է։ Էղինում սրածայր լեռնային տեսարանից հետո Եփրատի ափով առաջ շարժվեցինք։ Հիասքանչ դաշտերի, հովիտների մոտով հասանք Փոքր Արմտան։ Ճանապարհի եզրին գտնվող փոքր գյուղերը Շվեյցարիայի ալպյան գյուղերն էին հիշեցնում, սակայն, ցավոք սրտի, ներսը բոլորովին նրանց նման չէր։ Երբ ասում եմ Արմտան, նախևառաջ մտքիս է գալիս պապս, որին ընդհանրապես չեմ տեսել, ապա՝ գրող Հակոբ Մնձուրու «Արմտան» վերնագրով գիրքը։ Աղբյուրների համաձայն՝ Փոքր Արմտան գյուղում ապրում էր 580 մարդ, այսինքն՝ 75 հայ ընտանիք, այնտեղ եղել է Սուրբ Աստվածածին անունով 1 եկեղեցի ու Մեսրոպյան անունով 1 դպրոց։
Պապս 1902 թ․ ծնված փոքրարմտանցի Գաբրիել Գոգանյանն է։ Նա գյուղի փալանագործ Թորոսի որդին է եղել։ 87 տարեկան մորս պատմածների համաձայն՝ նրանց տունը գյուղի ամենամեծ քարե տներից մեկն է եղել։ Իրենց տան առջևով «Պաղջուր» կոչվող շատ սառը աղբյուր է հոսել։ 1915 թ․ առաջ որոշ ժամանակով նրանք Ստամբուլ են գնացել ու ապրել Սամաթիայում, սակայն պապիկիս հայրիկ Թորոս էֆենդին Արմտանի օդից, ջրից ու գյուղի գեղեցկություններից հետո մեծ քաղաքում չի կարողացել ապրել ու որոշել է վերադառնալ իր գյուղ։
1915 թ․ (Հայոց ցեղասպանություն-Ակունքի խմբ.) հետո տեղի ունեցած իրադարձությունները
Պապս 104 տարի առաջ իր գյուղում 13 տարեկան հասակում ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը։ Իր եղբայրներից Միքայելի հետևից «Ափար, ինձ էլ տար» խոսքերը մինչև մահ չմոռացավ։ Պապս շաբաթներ շարունակ իր ընկերոջ հետ սոված, ծարավ, քարանձավներում թաքնվելով՝ հասել է Արաբկիր։ Այնտեղ մի իմամ պապիս իր տանն է թաքցրել։ Նրան տվել է Քյամիլ անունը։ Նույնիսկ մի Ղուրանի վրա Քյամիլ է գրել ու ապահովության համար ասել է, որ այն միշտ իր մոտ պահի։ Բացի այդ՝ պապիս սովորեցրել է նաև Ղուրան կարդալ։ Մի տարի շարունակ իմամի տանը մնալուց հետո իմամին օգնող իմ պապով սկսում են հետաքրքրվել իմամի աղջիկները։ Իմամը պապիս առաջարկում է ամուսնանալ իր աղջիկներից մեկի հետ։ Պապս այդ առաջարկը չի ընդունում ու ասում է , որ այլևս նրանց տանը մնալը ճիշտ չէ։ Դրանից հետո իմամը ցանկանում է, որ նա գյուղում երկու երեխայի հետ այրիացած մի հայ տիկնոջ մոտ մնա ու օգնի նրան։ Այդ կնոջ ամուսինը զորահավաքի անվան տակ զինակոչվել էր ու այլևս չէր վերադարձել։ Երկու երեխա ունեցող այրի կինն ու պապս երեք տարի միմյանց օգնել են։ Պապս Արաբկիրում փոքր հասակում այս միությունից մի երեխա է ունենում, սակայն նա իր գլուխն է գցած լինում Ստամբուլ գնալու միտքը ու այդ ցանկության մասին բազմիցս հայտնում է այդ կնոջը։ Կինն էլ այդ ցանկությանը ըմբռնումով է մոտենում։
Այն օրը, երբ պապս իմացել է, որ ճանապարհները ապահով են, Ստամբուլ է գնացել՝ չնայած, որ տղան դեռևս մի քանի օրական է եղել։ Անհայտ է, թե ինչու, սակայն նա ոչ իր որդի Գևորգով է հետաքրքրվել, ոչ էլ՝ Արաբկիր լուր ուղարկել։ Ստամբուլում մի նոր կյանք է սկսել ու Թագուհի անունով մի աղջկա հետ ամուսնացել։ Ամուսնության ժամանակ պապս ակնարկել է, որ տղա երեխա ունի։ Սակայն կինը ականջալուր չի եղել, քանի որ մտքով չի անցել, որ այդքան փոքր հասակում պապս կարող էր տղա երեխա ունենալ։ Գաբրիելի ու Թագուհու ամուսնությունից 3 տղա ու 1 աղջիկ է ծնվում։ Տարիներ են անցնում։ Մի օր Գևորգի տան դուռը թակում են: Տան դուռը Թագուհին է բացում ու ապշում Գևորգի ու Գաբրիելի նմանությունից։ Նա հիշում է պապիս խոսքերն ու իր որդուն ասում․ «Միքայել վազի՛ր, սրճարան գնա՛, հորդ ասա՛, որ իր տղան է եկել»։ Այդ տեսարանին ականատես եղած մայրս իր մոր բերանից դուրս եկած երկրորդ նախադասությունը երբեք չի մոռանում․ «Նե՛րս արի, որդի՛ս, սա նաև քո տունն է»։ Ջուրը վերջապես իր հունը գտնել էր։ 1915 թ․ ցավերը, թեև ուշ, բայց երբեմն թույլ են տվել նման գեղեցիկ ու երջանիկ պահեր ապրել։
Այդ երջանկություններից մեկն էլ այն էր, որ տարիներ անց գտել են պապիս քույր Վարդուհուն, որին մահացած էին կարծում։ Սակայն երբ մտածում են, որ ամեն ինչ արդեն կարգին է, «Ունեցվածքի հարկն է» կիրառվում, շատ դժվարությամբ ձեռք բերած կյանքը մի օրում ձեռքներից խլվում է։ Թագուհին պատրաստ էր տալ իր ողջ ունեցվածքը, որ ամուսինը Աշքալե չգնա, ու որ նրան չկորցնի։ Նա չափից շատ մեծ հարկը վճարելու համար իր ձեռքում եղած անշարժ գույքը չնչին գնով վաճառել է։
Արմտանը կարծես լքված լինի
Իսկ պապիս ամենաշատը կոտրել է այն, որ հարկը վճարելուց մի քանի օր անց ներում է կիրառվել։ Այս բոլոր դժվարությունների մեջ 5 երեխային ու ընտանիքի ապրուստը հոգալ փորձող պապիս սիրտը չդիմացավ։ Նա 58 տարեկան հասակում մահացավ։
Ահա ես 104 տարի հետո, կրկին ապրիլ ամսին պապիս գյուղ Արմտանում եմ։ Գյուղի տեսարանը, ներկայացվածի նման, շատ գեղեցիկ է։ Հեռվից տեսնելով քարե տները՝ ոգևորվեցի։ Պատմությունները ճիշտ էին։ Սակայն երբ մտանք գյուղ, ցավոք սրտի, տխուր տեսարանի ականատես եղանք։ Ոչ պտղատու ծառեր կային, ոչ այգիներ, ոչ էլ գուռ-գուռ հոսող ջրեր, կանգուն մնացած որևէ տուն, եկեղեցի, դպրոց չկար։ Գյուղը ամբողջությամբ լքված է։ Քարե շենքերի մեծ մասից միայն պատերն են մնացել, այն էլ՝ խարխուլ վիճակում։ Իմ մայրիկի պատմած՝ բավականին մեծ քարե տները փնտրելու ժամանակ որոնում էի նաև այն տունը, որի տակից Պաղջուրն էր հոսում։ Սակայն՝ ապարդյուն։ Մինչդեռ իր հուշերում ու «Արմտան» գրքում գրված էր, որ գյուղը առատ է աղբյուրներով։ Գյուղում շրջելիս տարեց մի պարոն եկավ ու մեզ հարցուփորձ արեց։ Երբ ես ասացի, որ 104 տարի հետո եկել եմ իմ պապի գյուղ ու նրա տունն եմ փնտրում, նրա շրթուքների վրայով մի թախծոտ ժպիտ անցավ։ Նա ասաց, որ 60 տարի է, ինչ այդ գյուղում է ապրում, ու որ գյուղում երկու տարեց մարդուց բացի՝ որևէ մեկը չի մնացել։ Գյուղում հայերից մնացած քահանայի տուն կոչված ավերակ քարե տունը ներկայում փորձում է դիմակայել ժամանակի փորձությանը։ Քահանայատուն կոչվող մի շենք ևս կար, որի կտուրը չկար, իսկ պատերը ճիգեր էին գործադրում կանգուն մնալու համար։ Կարծում եմ, որ դա Մեսրոպյան դպրոցն է եղել։ Շենքի ապակիներից էլ այդ տպավորությունը ստացա։ Գյուղի բնակիչը պատմեց նաև, որ գյուղի եկեղեցին քանդված է, սակայն ուշադրությամբ նայելիս նկատում ենք, որ ներքին հատվածը պահպանվել է ու մզկիթը կառուցվել է եկեղեցու հիմքի վրա։ Հակոբ Մնձուրու տան տեղը հարցրեցի նրան։ Նա պատասխանեց, որ գրող Մնձուրուն շատ լավ է ճանաչում, սակայն նրա տունը, ցավոք սրտի, չկա. ավերակների է վերածվել։ Իսկ երբ հարցրեցի՝ «Լավ, հոսող ջրերին ի՞նչ է եղել», նա պատասխանեց․ «Ես ինչքան ինձ հիշում եմ՝ այս գյուղում ջուր չի հոսել»։ Հետագայում ավելի շատ ուսումնասիրելուց հետո տեղեկացա, որ երբ գյուղերը լքվել են, ծառերի արմատները ժամանակի ընթացքում ջրի աղբյուրները փակել են, ինչի պատճառով աղբյուրները չորացել են կամ փոխել են հունը։ Ահա այդ գյուղում էլ նույն նախադասություններն եմ ասում, գյուղում հայ չկա, ծառ չկա, բերք չկա, ջուր չկա, արտադրանք չկա, չկա, չկա․․․ Տարբեր զգացմունքեր եմ ունենում․ ցավ, տխրություն, երջանկություն, բարկություն, կարոտ, բաժանություն ու այս բոլորը՝ միաժամանակ։ Կոկորդս խեղդվում էր, աչքերումս՝ մի քանի կաթիլ արցունք, հոգումս թախիծ՝ հեռացա գյուղից։ Մեր դիմաց՝ 1 կմ հեռվում, Մեծ Մրմտան գյուղը տեսանք ու մեքենայով երկու րոպեում հասանք այնտեղ։ Դա էլ Փոքր Արմտանից չէր տարբերվում. ավերակ էր, մինչդեռ հին արձանագրություններում ասվում է, որ այնտեղ 1300 հայ է ապրել, 1 վանք, 1 եկեղեցի, 1 տաճար ու 1 մեծ դպրոց է եղել։ Ցավոք սրտի, այդ ամենից ոչինչ չի մնացել։ Այն Փոքր Արմտանից ավելի վատ վիճակում է, քանի որ քարե շենքերը քանդվել են, դրանց տեղերում անագե կտուրներով, բետոնե տգեղ տներ են կառուցվել, քարե տները ավերվել են, իսկ քարերը օգտագործվել են ախոռների կառուցման մեջ։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net