Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գեղարքունիքի մարզի 92 համայնքներն ունեն 27 աղբավայր, որոնցից 5-ը` Սեւանի, 5-ը` Գավառի, 12-ը` Մարտունու, 2-ը` Վարդենիսի, 3-ը` Ճամբարակի տարածաշրջաններում:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեցին Հայաստանի քաղաքաշինության նախարարությունից, դրանք չվերահսկվող, տարերայնորեն ձեւավորված աղբավայրեր են: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, դրանք չեն համապատասխանում բնապահպանական եւ սանիտարական նորմերին` հանդիսանալով ջրի, հողի եւ օդի աղտոտման աղբյուրներ: Մասնագետները նշում են, որ այդ աղբավայրերը խոչընդոտում են Սեւանի էկոհամակարգի վերականգնմանն ու պահպանմանը:
Պարզից էլ պարզ է, որ Սեւանի ներկայիս էկոլոգիական վիճակը պայմանավորված է ոչ միայն լճային բնական բացասական գործընթացներով, այլեւ լճի ջրհավաք ավազանում արդյունաբերության, գյուղատնտեսության եւ տնտեսության այլ ճյուղերի` էկոլոգիապես չհիմնավորված գործունեության հետ: Արդյունքում` լճում անհամեմատ ավելացել են թունավոր նյութերի քանակները, անթույլատրելի մեծությունների են հասել Սեւանը թափվող գետերի մեխանիկական, քիմիական, կենսաբանական աղտոտման ծավալները:
Էկոլոգիական իրավիճակի բարդությունը հիմնականում պայմանավորված է լճի ջրհավաք ավազանի ուրբանիզացված միջավայրով. մարզում գոյություն ունի 92 համայնք, որոնց բնակչությանը ամռանը ավելանում են հանգստացողները:
Ըստ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանի` մարզում աղբավայրերի ստեղծման ժամանակ հաշվի չեն առնվել բազմաթիվ սահմանափակումներ` մակերեւույթային ջրերի հոսքը, հեղեղաբեր գետակները, թռչունների ձվադրման վայրերը, գրունտային ջրերի բարձր մակարդակը եւ այլն: Հաշվի չեն առնվել նաեւ ուժեղ քամիները, որոնք տարածում են աղբը:
Ի դեպ, կառավարության առաջիկա նիստում քննարկման կդրվի «Սեւանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի» որոշման նախագիծը: Հետագայում աղբավայրերում հավաքված աղբը կտեղափոխվի եւ կմշակվի Գագարինում ստեղծվելիք աղբամշակման գործարանում: