Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գալուստ Գալուստյանի վկայությունը
Արաբկիր
Արաբկիրցի Գալուստ Գալուստյանը պատմում է 15.000 հայ բնակիչ ունեցող իր քաղաքի մասին, որտեղ հայերն աչքի էին ընկնում դպրոցներում և արհեստներում: Մինչև որ կառավարության կազմած հատուկ խմբերը՝ չեթեները, սկսեցին հայերի տներում խուզարկություններն ու վայրագությունները, հատկապես` հայ կանանց և աղջիկների նկատմամբ: Տամարդկանց բանտարկել էին, տանջել, ապա տարել ու խեղդել Եփրատի ջրերում: Օրեր անց կանանց, երեխաներին ու տարեցներին տեղահանել են դեպի Մալաթիա՝ փորձելով իսլամացնել:
«Արաբկիր կը գտնուի Խարբերդի վիլայէթին մէջ, Եփրատի արևմտեան կողմը, ունի 25000 բնակիչ, որոնց 15000-ը հայեր են և միայն 10000-ը` թուրքեր, իսկ գիւղերը մեծ մասամբ քիւրտեր են:
Հայերը ամէն տեսակէտով կը գրաւէին առաջնարկարգ դիրքեր թէ՛ դպրոցներու և թէ՛ արհեստներու կողմէ: Արհեստները շատ լաւ յառաջ գտցած են և բոլորը հայերու ձեռքն է:
700 խանութ ունի Արաբկիրը, որոնց 550-էն աւելին հայերու ձեռքն է: Թիւրքերը բնաւ արհեստ չունին, միայն քիչ թուով վաճառականներ կան:
Հայերը ունին ազգ. բարձրագոյն ուսումնարան մը: Կայ նաև բարձրագոյն դպրոց մը աղջիկներու համար: Կայ նաև միջնակարգ վարժարան մը, ուր կ՚ուսանին 300-է աւելի աշակերտներ: Իսկ ասոնցմէ զատ կան 10 հատ թաղային վարժարաններ: Աշակերտութեան ընդհանուր թիւը կը հասնի 1200-ի:
Կառավարութիւնը կազմեց «չէթէ»ներու խումբերը, որոնք տեղացի հարուստ թուրքերէն էին և պիտի զբաղէին հայերու գործերով (զէնք հաւաքել): Այս նոր չէթէներու խումբերը մինչև իրիկուն խուզարկութիւններ կը կատարէին հայերու տուները, խուզարկութիլններէն զատ, մէկ ծայրէն միւսը ամէնաստորին միջոցներով կը ծեծէին հայ կիները, հայ հարսերը, հայ պատանիները և նոյնիսկ հայ երեխաները որպէս զի զէնքերը բերեն և յանձնեն իրենց, և եթէ մէկը յանդգնէր խօսք մը ըսելու, անմիջապէս հրացանի և կամ գաւազանի հարուածներով կը գլորէին գետնին: Մէկ խօսքով, ամէն հայ, երբ կը լսէր չէթէ բառը, կարծես մարմնով դող ելած կ՚ելլէր արդէն:
Պատմեմ փոքր դրուագ մը, որ կատարուած է անգութ չէթէներու կողմէ հայ 14 տարեկան աղջկայ մը վրայ: Ինչպէս ամէն օր չէթէները թաղէ թաղ կը խուզարկէին զէնք գտնելու պատրուակով, դարձեալ օրին մէկը պաշարեցին թաղ մը: Կարգով տուները խուզարկելէն վերջ եկան և դուռ մը զարկին: Այդ տունը կը բնակէր 14 տարեկան աղջիկ մը մինակը. 2 տարի առաջ իր հայրը և մայրը մեռած էին և ինք կը հոգացուէր իր ազգականներէն: Երբ չէթէները ներս կը մտնեն, կը հարցնեն, թէ ուր են հօրդ զէնքերը ևն., ևն.: Աղջիկը շուարած և վախցած, չի կրնար խօսիլ անոնց դէմ: Չէթէները կը հարկադրեն, որ տան ամէն մէկ ծակը և ծուկը ցուցնէ իրենց, որպէսզի իրենք փնտռեն և գտնեն: Խեղճ աղջիկը, ստիպուած, կառաջնորդէ չէթէներր իրենց տունը ցուցնելու: Երեք անձինք կ՚ընկերանան աղջկան: Աղջիկը կը ցուցնէ բոլոր սենեակները և տան ամէն յարկերը: Երբ կիյնան վար ու վարի մութ մառանը կը նային ճրագով, աղջիկը երբ ներս կը մտնէ այդ մառանն ալ ցոյց տալու, կը հետևին, և երբ բոլոր ներս կը մտնեն, չէթէներէն մէկը աղջկան ձեռքի ճրագը կը մարէ, իսկ միւս երկուքն ալ կը յարձակին աղջկան վրայ և բերանը գոցելով, որ ձայն չհանէ, իրենց վայրագ կամքը կատարելէն վերջ միայն դուրս կու գան, և գալով իրենց ընկերներուն քով, իրենց ըրած քաջագործութիւնները կը պատմեն: Աղջիկը 8 օր հիւանդ պառկելէն վերջ անլեզու, 8-րդ օրը կը մեռնէր` անշուշտ այդ վայրագներու արարքին վրայ:
Չէթէները իրենց ցերեկուայ խուզարկութենէն զատ ունէին ևս իրենց գիշերուայ աշխատանքը, այն էր` հայ բանտարկեալները ծեծել աննկարագրելի տանջանքներու տակ: Բանտին մէջ բանտարկեալներէն շատերը ամիսներով ծեծէն, բռնութիենէն տխեղծ, հիւանդ վիճակի մէջ էին:
Չէթէները իրենց գիշերուայ աշխատանքը կը սկսէին իրիկուայ ժամը 1-ին և [կը շարունակէին] մինչև 8-ը (ը. թ.):
Զաւակը հօրը ծնկանց վրայ կը ծեծէին, և երբ հայրը զաւակին ցաւէն կու լար, կը զարնէին այնչափ գաւազան, ինչքան որ կը զարնէին զաւակին: Եւ այսպէս, հայերու ոտքերը գամեր գամելով, քահանաներու մօրուքները վառել և փետտել և այլն:
1915 մայիսի 15-րդ օրը 130 հոգիէ կազմուած հայ բանտարկեալներու շարան մը, վիզերնէն երկաթ շղթաներ անցուած, կը տանէին դէպի Եփրատ գետը մեռցնելու համար, բայց թուրք կառավարութիւնը կը խաբէր, թէ անոնք էլայէթը պիտի երթան:
Կը պատմեն, թէ 130 հոգին լեցնեէով բոլորն ալ խարխուլ նաւակի մը մեջ, նաւապետն ալ հետերնին, կը սկսին թիավարել, և երբ գետին մեջտեղը կու գան, խարխուլ նաւակին տակը արդէն առաջուց պատրաստած ծակերը նաւապետը գալով կը բանայ և ինքը գետը նետուելով կը լողայ և կանցնի միւս ափը, և այդ փոքր նաւակէ, որ իրականին մէջ 30 մարդ միայն կրնայ տեղաւորել, մինչ 130 մարդ լեցուած են բուրգի պէս իրարու վրայ – կը սկսի կամաց-կամաց ընկղմիէ և մէջի ժողովուրդն ալ հետը մէկտեղ: 10 րոպէ վերջ նաւակը արդէն ջուրին տակն էր իր հայերով:
Ատկէ 2 օր վերջը 250 անձերէ բաղկացեալ հայեր դարձեալ երկաթ շղթաներով կը տանէին դէպի Եփրատ՝ մեռցնելու: Եւ ահա հայ բանտարկեալները բոլորն ալ տարուեցան Եփրատ գետը, և թափելով մէջը, բոլորն ալ խեղդուեցան, իսկ Արաբկիրի ժողովուրդը (կիները, երախաները) այն համոզումը ունէին, թէ հայ տղամարդիկը դեռ ողջ են:
Ատկէ 2 շաբաթ վերջ թուրք կառավարութիւնը ծանր հրամաններ կը տեղար մնացեալ հայ ընտանիքներուն վրայ, ստիպելով զանոնք, որ իրենց բոլոր գոյքերը ծախեն, ինչու որ Ուրֆա պիտի երթան, կ՚ըսէր: Եւ հայ ընտանիքները, արդէն անտէր, սկսան ծախել իրենց գոյքերը շատ վատ գիներով:
Յունիսի մէջ էր և ահա՛ Արաբկիրի հայ ընտանիքները ճամբայ կ՚ելլէին երթալու դէպի Ուրֆա (Միջագետք): Ճամբայ ելանք յունիսի մէջ և հասանք վերջապէս Մալաթիա, հոն մեզ իսլամացուցին: Զիս հարիւրապետը տուաւ շեյխի մը, որուն քովը մնացի 2 տարի` տաժանակիր մի կեանք:
1917 թ. յունուարի 13-ն էր, երբ շեյխես ձանձրացած` ճամբայ ելայ դեպի Խարբերդ: Ես իբրև իսլամ ունէի արտօնութիւններ: Խարբերդ 3 շաբաթ մնալով, տերսիմցի քիւրտերու հետ ճամբայ ինկայ Երզնկա: 6 օրէն հասա Երիզայի ռուս սահմանագլուխը, ուր վերջապէս ողջունեցի Ազատութեան արշալոյսը և մինչև հիմա ալ կը ծառայեմ ազգիս պըճըլիկներուն կրթութեան:
Բնիկ արաբկիրցի Գալուստ Գալուստեան
1917 յունիս 21
Բաբերդ
Որբու դպրոց»
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 487, թթ. 1-28, բնագիր, ձեոագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 308 -321:
Աղբյուրը՝ armeniangenocide100