կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-13 14:16
Մշակույթ

Կառլոս Ռեյգադասը լինելու է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրը

Կառլոս Ռեյգադասը լինելու է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրը

Այս տարի Երևանի  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրը կլինի մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Հուլիսի 7-14-ն անցկացվող կինոտոնի շրջանակում կցուցադրվեն անվանի ռեժիսորի լավագույն ֆիլմերը:

Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլիո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և աշխատել ՄԱԿ-ում: 1987-ին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը դիտելուց հետո հասկացել է, որ անհույս սիրահարված է կինոյին:

1997-ին «Գերմարդկայինը» առաջին կարճամետրաժ ֆիլմով Բելգիայում մասնակցել է կինոմրցույթի: 1999-ին սկսել է գրել իր առաջին լիամետրաժ ֆիլմի` «Ճապոնիա»-ի սցենարը, որն սկսել է նկարահանել միայն 2001-ին: Կինոնկարը ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում և հատուկ հիշատակության արժանացել Կաննի «Ոսկե կինոխցիկ» մրցույթում, ինչպես նաև «Մարջան» մրցանակի արժանացել Հավանայի կինոփառատոնում: 2004-ին Ռեյգադասը թողարկել է «Արյունը», որը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ամատ Էսկալանտեն: Ֆիլմը ներկայացվել է Կաննի փառատոնում և մրցանակ շահել «Հատուկ հայացք» ծրագրում: 2005-ին Ռեյգադասը նկարահանել է «Մարտ երկնքում» ֆիլմը: Կինոնկարը Կաննում հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղին»:

2007-ին նկարահանած «Անաղմուկ լույս» ֆիլմի շնորհիվ Կաննում արժանացել է ժյուրիի մրցանակին: «Լույս՝ խավարից հետո» կինոնկարի համար արժանացել է Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակին՝ որպես լավագույն ռեժիսոր: Ռեյգադասը հանդես է գալիս նաև որպես կինոպրոդյուսեր:  

«Ֆիլմ ստեղծելիս սցենարն ինձ համար այնքան էլ կարևոր դեր չի խաղում, այն օգնում է լոկ փոքր-ինչ կառուցել այն, ինչն ուզում եմ փոխանցել հանդիսատեսին»,-մի առիթով ասել է Կառլոս Ռեյգադասը:

Հավելենք, որ հուլիսի 7-14-ը Երևանում անցկացվելիք «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

 Ի դեպ, այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:

Նշենք, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի ունի նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: