կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-02 18:02
Հասարակություն

Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին` «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրեր

Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին` «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրեր

Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերն են համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին:

Հիմնականում եվրոպական ֆիլմերով հայտնի իտալուհի Օռնելլա Մուտին հանդես է եկել գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմում (1982), նկարահանվել է նաև նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Ռիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:

Նաստասյա Կինսկիին` մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը: «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:

Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան: