կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 15:15
Իրավական

Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել

Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել,բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը, դիմելով դատարան, խնդրել է Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ: 

Դատական նիստում դիմող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գ. Թադևոսյանը պնդելով ներկայացված դիմումը դատարանին հայտնել է, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 2017թ. հուլիսի 7-ը կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը, ըստ որի՝ բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 2020թ. հուլիսի 7-ը վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:
Բանկը 2018թ. հունիսի 22-ին վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ նրան տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: 
Բանկի կողմից 2018թ. հուլիսի 26-ին բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել:
2018թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի պարտքը  «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ, կազմել է  1 միլիոն 012 հազար 260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491 միլիոն 209 հազար 462,30 ՀՀ դրամ, որից օվերդրաֆտի օգտագործված գումար 920 հազար 705,43 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումար 49 հազար 342,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս 31 հազար 681,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ 10 հազար 530,74 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ ժամկետանց (կետանցի) օրերի քանակը կազմել է 254 օր:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ներկայացուցիչը խնդրել էր դատարանից Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ: 

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը դատարան է ներկայացրել առարկություններ այն է, որ իրենք չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաև գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին,  համաձայն չեն բանկի կողմից ներկայացված օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ, առարկել են նաև բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը և այլն:

Դատարանը ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանք և գործի մյուս տվյալները  գտել է, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ներկայացուցչի դիմումը ենթակա է բավարարման:

Դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում: 
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարվելու դեպքում, այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: