Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 14:01
Աշխարհ

Չեմ ցանկանա թանձրացնել գույները, բայց պետք է կառավարել ռիսկերը. իրանագետը` ՀՀ-ԻԻՀ բիզնես շրջանառության մասին

Չեմ ցանկանա թանձրացնել գույները, բայց պետք է կառավարել ռիսկերը. իրանագետը` ՀՀ-ԻԻՀ բիզնես շրջանառության մասին

Եթե Մերձավոր Արևելքին սահմանակից Հայաստանը նույնպես դիտարկենք այդ տարածաշրջանի մի մաս, ապա ակնհայտ է, որ այս տարածաշրջանում ընթացող գործընթացները մեզ չեն կարող չհետաքրքրել, հատկապես` այն բոլոր զարգացումները, որոնք կապված են մեր հարավային հարևանի` Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իսկ այնտեղ տեղի են ունենում հետաքրքիր, որոշ դեպքերում` անհանգստացնող գործընթացներ, որոնց պետք է հետևենք ակնդետորեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա` Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից կարևոր են Իրան-ԱՄՆ հարաբերությունները, որովհետև հենց այս երկու պետություննների միջև հարաբերություններն են, որ ուղղակիորեն ու անուղղակի ազդում են նաև Հայաստանի ներքին որոշակի գործընթացների վրա:

«Գաղտնիք չէ, որ երկու երկրների հռետորաբանությունում բավական լարում կա, անհանգստացնող գործողություններ: Նահանգները տարածաշրջանում զորքերի ավելացման սպառնալիք է հնչեցնում, Իրանի պահապանների կորպուսը հայտարարվում է ահաբեկչական կառույց, ինչից բխում է, որ թե՛ Իրանի ներսում, թե՛ Իրանից դուրս այդ կառույցն ԱՄՆ-ի դեմ կարող է զանազան գործողություններ ձեռնարկել: Իր հերթին, Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի զինուժը միտված է Մերձավոր Արևելքում  ահաբեկչական գործողություններ իրականացնելուն: Նախագահների մակարդակով հռետորաբանության փոխհրաձգություն կա: Բոլորովին վերջերս էլ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ չի բացառում պատերազմը, բայց ցանկանում է բանակցել: Իրանում հնչում են  թե՛ սպառնալից հայտարարություններ, թե՛ բանակցություններին պատրաստ լինելու կոչեր, պարզապես իրանցիները մի կարևոր նախապայման են դնում, այն է` Միացյալ Նահանգների գործերն ու խոսքերը պետք է համապատասխանեն միմյանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Միացյալ Նահանգներն է խախտել Միջազգային միջուկային համաձայնագիրը»,- ներկայացրեց իրանագետը` հավելելով, որ իրանական կողմի դիրքորոշումներում էլ կան տարակարծություններ: Մասնավորապես` եթե Իրանի գործադիր իշխանության առաջին դեմք` նախագահ Հասան Ռոհանին թեև նախապայմաններով, բայց խոսում է բանակցությունների մասին, թե ենթադրում են ԱՄՆ-ի վերադարձ միջուկային համաձայնագրին ու պատժամիջոցների ռեժիմի չեղարկում, ապա Իրանում որոշում կայացնողը` հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, գոնե հռետորաբանության մակարդակով հայտարարում է` կողմնակից չէ Միացյալ Նահանգների հետ բանակցելուն:

Ոսկանյանն ընդգծեց, որ այս համատեքստում որոշակի ռիսկեր են առաջանում նաև Հայաստանի համար, իսկ իրանագետները միշտ են զգուշացնում, որ հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել բանկային համակարգը` կապված Հայաստան-Իրան առտևտրաշրջանառության և, ընդհանրապես, բիզնես շրջանառության հետ:

«Պարբերաբար ականատես ենք լինում նման խնդիրների ծագման: Սկզբից խնդիր առաջացավ Իրանի քաղաքացիների` հայաստանյան բանկերում ունեցած հաշիվների հետ, թե ինչպես հարթվեց խնդիրը, տեղեկություն այդ մասին, կարծես, չտարածվեց, չիմացանք` կարգավորվե՞ց, թե՞ ոչ: Բոլորովին վերջերս էլ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների, այլ նաև բեռնափոխադրումների հետ կապված խնդիր ենք ունենալու, ինչը, բոլորիս է հայտնի, կենսական նշանակություն ունի մեր երկրի համար` հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը: Չեմ ցանկանա գույները թանձրացնել, բայց ռիսկերը պետք է կառավարել ու հետամուտ լինել, որ հասկանանք` ինչպիսի գործընթացներ են ընթանում Իրանի շուրջ»,- ամփոփեց իրանագետը: