կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 13:39
Հասարակություն

Անհրաժեշտության դեպքում ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողովը կհրավիրի նաեւ Սերժ Սարգսյանին. Անդրանիկ Քոչարյան

Անհրաժեշտության դեպքում ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողովը կհրավիրի նաեւ Սերժ Սարգսյանին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստ կգումարվի այսօր` ժամը 3-ին, որտեղ կորոշվեն բոլոր հարցերը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ նիստի ընթացքում կքննվեն ապրիլյան պատերազմի հետ կապված` հասարակությանը հուզող հարցերը:

Նա մանրամասնեց նաև, որ որևէ կաշկանդվածություն չունեն նախկին կամ ներկայիս պաշտոնյաների քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրելու հարցում: «Որևէ անձի հրավիրելու հարցում կաշկանդվածություն չունենք` անկախ նրանից` ներկայումս պատգամավոր են, թե` նախկին: Քննելու ենք ամբողջ գործընթացը: Եթե Սերժ Սարգսյանին հրավիրելու անհրաժեշտություն առաջանա, կհրավիրենք»։

Տիգրան Կարապետյանը նշեց նաև, որ նիստին կարող են հրավիրվել նաև Արցախից պաշտոնյաներ: «Քննիչ հանձնաժողովը հրավիրում է, պարտադիր է ներկայանալը, այդ թվում` Արցախի Հանրապետությունից։ Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները ևս շահագրգռված են, որ ապրիլյան հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանան»,- եզրափակեց նա:

Թեմային անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 1in.am-ի հետ զրույցումխոսելով այն մասին, թե արդյո՞ք այսօր կայանալիք նորաստեղծ հանձնաժողովի նիստին ներկա կլինեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, որոնք պնդում են`չնայած այն հանգամանքին, որ իրենք համամիտ են հանձնաժողովի աշխատանքներին, այնուամենայնիվ, հանձնաժողովի համար 40 և ավելի ստորագրություն վերցվել է միայն «Իմ քայլը» խմբակցությունից, և իրենց կարծիքներն անտեսվել են, նա ասաց, որ կա օրենքի ուժով ստեղծված հանձնաժողով: «Օրենքով պաշտպանության և անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի բացառիկ իրավունքը տրված է միայն պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին, և հանձնաժողովն` իր կազմով, որի մեջ կան նաև ընդդիմադիր անդամներ, քննարկելու է այս հարցի աշխատանքային պլանը, թե ինչպես ենք իրականացնելու օրենքով սահմանված լիազորությունները ապրիլյան դեպքերի ուսումնասիրության հարցով: Քննարկումից հետո, բնականաբար»,- պարզաբանեց Քոչարյանը:

Խոսելով հանձնաժողովի նիստերի անցկացման ձևաչափի մասին` նա շեշտեց, որ դրանք հիմնականում փակ կլինեն`հաշվի առնելով թեմայի զգայունությունը և փակ փաստաթղթերի առկայությունը, ինչը, հանձնաժողովի նախագահի խոսքով,  չի նշանակում, որ արդյունքների մասին տեղեկատվություն չի տրամադրվի: «Պարբերաբար կլինեն հաղորդագրություններ, հաղորդումներ և մամուլի ասուլիսներ` անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև հիմնավորված եզրակացություններ, որոնք կներկայացվեն հանրությանը և խորհրդարանին»,- վստահեցրեց Քոչարյանը:

Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներին Արցախի ներգրավվելու ցանկությանը` նա հայտնեց, որ ինքը ողջունում է նմանատիպ տրամադրվածությունը: «Այդպես պետք է մտածի յուրաքանչյուրը: Մեր հասարակության մոտ հարցեր առաջացրած զգայուն թեմաների պատասխանները պետք է գտնենք բոլորս միասին, անկաշկանդ: Հանձնաժողովին էլ պետք է տրամադրվեն բացառիկ բոլոր տեղեկատվությունները, որոնք լույս կսփռեն կուտակված բոլոր կասկածների վրա: Թե ինչքանով են արդարացված կամ չարդարացված այդ կասկածները, կապված է հանձնաժողովի էֆեկտիվ աշխատելու հետ: Չեմ կարծում` կլինի այնպիսի մեկը, որը կխուսափի հանձնաժողովի հրավերների առկայության դեպքում մասնակցելուց»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե քառօրյայի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիր է եղել: «Հաշվի առնելով, որ ես նման աշխատանքի փորձ ունեմ, աշխատանքը մաքսիմալ կկազմակերպվի էֆեկտիվ ու կներառվեն այն մարդիկ, որոնք թեմայի շուրջ ասելիք ունեն հանձնաժողովին: Դա կլինի նախկին  վարչապետ, նախկին նախագահ, զինվորականներ: Ես նկատել եմ, որ պարոն Սեյրան Օհանյանը տեսակետ էր հայտնել, որ ինքն ունի մշակած ինչ-որ փաստաթուղթ, որը խիստ գաղտնի գրիֆով գտնվում է պաշտպանության նախարարությունում, բայց Սեյրան Օհանյանը թերահավատ էր` հանձնաժողովն ինչպես պետք է իրականացնի իր այդ առաքելությունը», - ասաց նա`միևնույն ժամանակ դիմելով պաշտպանության նախկին նախարարին, որ նա պետք է պատրաստ լինի հանձնաժողով գալուն և իր մոտ եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելուն:

Խոսելով հանձնաժողովի կազմում պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց ներգրավվածության մասին` Քոչարյանը պարզաբանեց, որ հանձնաժողովում կա ընդամենը մեկ չծառայած մարդ` Քրիստինե Պողոսյանը:

Անդրադառնալով վերջերս տարածված այն տեսակետին, թե նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին  Ռուսաստանի կողմից ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելը, ըստ որոշ փորձագետների, Ռուսաստանի արձագանքն է ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, Քոչարյանը հավաստիացրեց. «Ոչ մի կապ չի կարող լինել: Պարզապես դավադրության տեսություններով ոգևորված փորձագետները երևի իրենց հերթական պատկերացումներն են ներկայացրել վ: Դա նույնիսկ դավադրության տեսությունից էլ շատ հեռու է, որովհետև Միհրան Պողոսյանն այն մարդը չէ, որ Ռուսաստանն էլ գնա այդպիսի գործարքի: Վաղ, թե ուշ Միհրան Պողոսյանը սահմանված իրավական ճանապարհով պետք է գա և ներկայանա մեր նախաքննական մարմնին, պատասխանի նրանց հարցերին ու փորձի պաշտպանվել մեր արդարադատության համակարգում, որի փոփոխությունների թափանիվը նոր է թափ ստանում: Մենք մտահոգվելու բան չունենք: Ժամանակի խնդիր է: Ու ոչ միայն Միհրան Պողոսյանը, բոլոր նրանք, ովքեր ժամանակից շուտ Հայաստանը լքեցին, խուսափելով արդարադատությունից, նրանք դատապարտված են վերադառնալ կամ ամբողջ կյանքում լինել փախուստի մեջ»:

Եզրափակելով խոսքը` Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձավ նախկին գերագույն գլխավոր հրամանատարի` Սերժ Սարգսյանի` հանձնաժողովի նիստերին ներկա լինելուն: «Մենք կաշկանդված չենք ու որևէ սահմանափակում չենք դնում: Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանից դուրս գտնվող շատերին, որոնք կարող են մեզ օգտակար լինել, մենք անպայման կդիմենք»,- հավաստիացրեց նա: