Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր ազգ-ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձևը հայրենի հողում սեփական ազգային անկախ պետականության գոյությունն է և նրա բնականոն զարգացումը: Պատմական հարուստ անցյալ ունեցող հայ ժողովուրդն իր պատմական բնօրրան Մեծ Հայքում վաղնջական ժամանակներից տարբեր հաճախականությամբ կերտել է հայկական պետականությունների (թագավորությունների) հարուստ ընտրանի, նույնիսկ աշխարհակալ տերություններ, ի մասնավորի՝ Արտաշիսյանների և Բագրատունիների: Այդ ամենը հավաստում է, որ ներկայումս հայ ժողովուրդն իր սեփական պատմական հայրենիքի՝ Մեծ Հայքի պահանջատիրության հարցում ունի անվերապահ պատմական, քաղաքական ու բարոյական իրավունք:
Մեծ Հայքը, որն աշխարհագրորեն նույնանում է Հայկական լեռնաշխարհի հետ, հայ ազգի պատմական Հայրենիքն է, նրա կենսատարածքն ու բնօրրանը, ինչը նրա համար սուրբ է ու հավերժական: Այնտեղ են արարվել հայ բարձրարժեք մշակույթը, հայոց մայրաքաղաքները, ձեռագիր մատյանները, միջնադարյան համալսարանները, ճարտարապետական կոթողները, նյութական ու հոգևոր այլ մեծ արժեքները, որոնք մաս են կազմում համաշխարհային պատմության, մշակույթի ու քաղաքակրթության: Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրել են վերելքների, սակայն նաև` անկումների ու կորուստների ժամանակաշրջաններ: Ավելի ուշ՝ Հայոց պետականության կորստից հետո, հետագա դարերը հայ ժողովրդի ու նրա քաղաքական մտքի համար բնորոշվեցին օտար նվաճողներից Հայրենիքի ազատագրման տեսիլքներով, երազ-լեգենդներով, քաղաքական ծրագրերով ու ազգային-ազատագրական կռիվներով, որոնց արդյունքում, ի վերջո, արդեն նոր ժամանակներում՝ դարավոր ընդմիջումից ու հարատև ոգորումներից հետո, վերականգնվեց Հայոց անկախ պետականությունը՝ նոր բովանդակությամբ ու արժեհամակարգով: Եվ դրա արտահայտությունը եղավ արդեն 100-ամյա Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ իբրև պատմաքաղաքական շրջադարձ Հայոց նորագույն պատմության մեջ:
1918թ. Մայիս 28-ին՝ Հայաստանի անկախության հռչակումից և Առաջին աշխարհամարտի հաղթական ավարտից հետո, պետականության առաջին քարերը դնելուն զուգընթաց, ստեղծված միջազգային նպաստավոր իրադրության պայմաններում, ցեղասպանված և Հայրենիքի մեծագույն մասը կորցրած մի փոքր հողամասի վրա նորահռչակ հանրապետության և աշխարհասփյուռ հայության համար պատմական հնարավորություն ստեղծվեց իրագործելու հայոց դարավոր երազանքը՝ դարեր շարունակ բռնակալ տերությունների կողմից արհեստականորեն բաժանված Հայրենիքի ու ազգի միասնացման՝ Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը: Առաջին Հանրապետությունը դարձավ այն հիմնասյունը, որը հնարավորություն ընձեռեց պետական ինստիտուցիոնալ մակարդակով բարձրացնելու Միացյալ Հայաստանի պահանջը: Եվ այդ քայլի իրավական մարմնավորումը եղավ Հայաստանի անկախության հայտարարման առաջին տարեդարձի օրը՝ 1919 թ. Մայիս 28-ին, Հայաստանի կառավարության (վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանի) պաշտոնապես հրապարակած հռչակագիրը՝ Միացյալ Հայաստանի անկախության մասին: Այդ պատմական ակտում մասնավորապես ասվում էր. «Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն»: Դրանով միջազգային ատյաններում հարց բարձրացվեց, դիվանագիտական մեծ ջանքեր թափվեցին, որպեսզի արդեն փաստացի առկա Հայաստանի Հանրապետությանը՝ իբրև Անտանտի «փոքր դաշնակցի» կցվեր հայոց պատմական հայրենիքի արևմտահայ առնվազն մի քանի նահանգ, և արդյունքում միջազգայնորեն ճանաչվեր Միացյալ և Անկախ Հայաստանը:
Արձանագրենք նաև, որ Միացյալ Հայաստանի գաղափարն իր ծրագրային ամրագրումը ստացավ 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհ. ժողովի կողմից: Այդ նույն համաժողովը բանաձևեց նաև, որ Ղարաբաղը և Զանգեզուրը «անբաժան մասն են Անկախ և Միացեալ Հայաստանի Հանրապետության»: Եվ նորընտիր Բյուրոյին հանձնարարվեց «բոլոր քայլերը առնել Զանգեզուրն ու Ղարաբաղը միացնելու հանրապետությանը»: Եվ 100 տարի է, ինչ ՀՅԴ-ն իր դրոշի վրա պարզել է «Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի» նվիրական նպատակը: Պետք է նկատի առնել, որ այն ժամանակ Միացյալ Հայաստանի նպատակը ոչ թե քաղաքական ռոմանտիզմ էր, այլ միանգամայն իրատեսական ու իրականանալի գործընթաց:
Միացյալ Հայաստանի մասին պատմական ակտը միջազգային իրավապայմանագրային ձևակերպումը ստացավ 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրում: Այնուհետև ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի նոյեմբերի 22-ի իրավարար վճռով գծվեց հայ-թուրքական սահմանը: Ընդ որում` Անտանտի հաղթանակած 12 երկրների, այդ թվում` նաև Հայաստանի և պարտված Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրի մի ամբողջ բաժին՝ 88-93 հոդվածներով, վերաբերում էր Հայաստանին, որով Միացյալ Հայաստանի տարածքը կազմելու էր ավելի քան 160 հազար քառ. կմ՝ ելքով դեպի Սև ծով: Անգամ 1920 թ. նոյեմբերին օրակարգ բարձրացվեց Հայաստանի՝ Ազգերի լիգային (ներկայիս ՄԱԿ-ի նմանակը) անդամակցելու հարցը:
Բայց, ցավոք, արտաքին հետագա ռազմաքաղաքական իրադարձությունների կտրուկ շրջադարձերի, մեծ տերությունների շահերի բախումների հետևանքով այն չկենսագործվեց: Առաջին հերթին բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման ու գործակցության հետևանքով ոչ միայն Միացյալ Հայաստանի վերաբերյալ պայմանագրային պահանջը չկատարվեց, այլև 1920 թ. աշնանը նրանց բիրտ ռազմական միջամտության հետևանքով բռնազավթվեց ՀՀ տարածքների մի զգալի մասը, Հայաստանը գործնականում բաժանվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև, կորցրեց իր անկախությունը, իսկ Ռուսաստանին բաժին հասած հատվածը՝ իբրև «չարյաց փոքրագույն», խորհրդայնացվեց: Նման պայմաններում Անտանտի տերությունները կորցրին հետաքրքրությունը Սևրի, ասել է թե` Հայկական հարցի նկատմամբ, քանզի Հայաստանի խնդրում կենսագործել Սևրի պայմանագիրը` կնշանակեր էլ ավելի ընդարձակել ու հզորացնել իրենց համար հակառակորդ ու թշնամի համարվող բոլշևիկյան Ռուսաստանին: Տերություններից և ոչ մեկը փորձ չարեց ստանձնել Հայաստանի մանդատը (հովանավորությունը), ինչը կապված էր ռազմաֆինանսական մեծ ծախսերի և քաղաքական այլ ռիսկերի հետ:
Անտանտի տերությունների Լոնդոնի՝ 1921 թ. փետրվար-մարտի խորհրդաժողովում հարց բարձրացվեց արևմտահայ գաղթականության համար Արևմտյան Հայաստանում կամ Կիլիկիայում գոնե ստեղծել «Ազգային օջախ», սակայն այդ գաղափարը դարձյալ մնաց «օդից կախված»: Դրա փոխարեն, «դաշնակից» տերությունները, բնականաբար, իրենց մեծապետական շահերի թելադրանքով, հերթով բարեկամանալով քեմալականների հետ, 1923 թ. հուլիսի 24-ին Թուրքիայի հետ կնքեցին Լոզանի հայավնաս պայմանագիրը, որով անգամ արգելվում էր տարագիր հայությանը վերադառնալ իր բնավեր հայրենիք:
Այդուհանդերձ, 100-ամյա հեռվից քննելով ու վերագնահատելով Միացյալ և Անկախ Հայաստանի պատմական ակտը և դրա իրագործման համար թափված ջանքերը, կարելի է արձանագրել, որ հայ ժողովրդի՝ երազած Հայրենիքի վերատիրման իրավապայմանագրային մարմնավորումները եղան Սևրի պայմանագիրը և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի գծած իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Այդ փաստաթղթերը հայ ժողովրդի դարավոր պայքարի ու անվիճելի իրավունքների անժամանցելի ճանաչումն էին Արևմտյան Հայաստանի նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից, որ այն ժամանակին կյանքի չկոչվեց:
- Միացյալ, Անկախ Հայաստանի գաղափարը անբաժանելի է ՀՅԴ-ից: Իբրև հավասարազոր խորհրդանիշ՝ այդ գաղափարն անբաժան է Դաշնակցություն կուսակցությունից, այնպես ինչպես նրանից անբաժան են «Ազատություն կամ մահ», «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսները, Եռագույնի խորհուրդը և այլն: 1920 թ. Հայոց անկախ պետականության կորստից հետո էլ` մինչ օրս, ՀՅԴ-ն հայ քաղաքական, թերևս, եզակի կուսակցությունն է, որ, հավատարիմ իր ծրագրային պահանջին, եղել ու շարունակում է մնալ ամենահետևողական պահանջատերը, Վահան Նավասարդյանի խոսքերով ասած` «անքթիթ պահակը Հայ Դատի»` նպատակ դնելով «կերտել Միացյալ և Անկախ Հայաստան»:
- Միացյալ Հայաստանի գաղափարի կրողը հայ ժողովուրդն է: 1920 թ. անկախությունը կորցնելուց հետո էլ խորհրդային ամբողջատիրության անցած 70 տարիների և հետխորհրդային 30 տարիների ընթացքում հայ ժողովրդի մեջ չմարեց ազատության, անկախության և Միացյալ Հայաստանի գաղափարը, վկան` ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի մերօրյա անկախ հանրապետության գոյությունը հույս է ներշնչում` պետական ու հանրային մակարդակներով հետամուտ լինելու հայ ազգային նվիրական գաղափարների, այդ թվում` Միացյալ Հայաստանի իրագործմանը, և այդ գաղափարի նյութականացման մի մասնիկ կարելի է համարել ներկայիս Արցախի Հանրապետությունը:
- 100 տարիների հեռվից Միացյալ Հայաստանի տեսլականը արդիական է նաև այն իմաստով, որ հայկական հողերի պահանջատիրության խնդիրը կապվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հատուցման անժամանցելի պահանջի հետ: Հայ ժողովրդի՝ իր սեփական հայրենիքում ցեղասպան լինելը և նրա տարածքների մեծագույն մասի բռնազավթված լինելը միջազգային իրավունքով և մարդկային ու բարոյական չափումներով հիմք են տալիս, ի փոխհատուցումն այդ մեծագույն ոճրի, պահանջատեր լինել իր պատմական հայրենիքի վերադարձին:
- Մեծ Հայրենիքի՝ Անկախ և Միացյալ Հայաստանի գաղափարը չմեռավ, այն առավել կենսարթուն է գաղթաշխարհում՝ հայրենազրկված աշխարհասփյուռ հայության հոգում և գիտակցության մեջ, մի գաղափար, որ մնում է արդիական և անմիջականորեն կապվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, պահանջատիրության և փոխհատուցման հետ: Այդ գաղափարը մնում է աշխարհասփյուռ բազմամիլիոն հայության ազգային ինքնության պահպանման, կենսունակության ու հարատևության միջոց ու կռվան՝ որպես իր ամբողջացած պատմական հայրենի հողում հավաքվելու, ապրելու և արարելու նպատակ: Դժվար չէ կռահել, որ եթե մոռացության մատնվի այդ գաղափարը, ապա աշխարհացրիվ գաղութահայությունը, Հայրենիք վերադառնալու հեռանկար չտեսնելով, կարող է արդի գլոբալացվող աշխարհի պայմաններում անխուսափելիորեն ձուլվել ու փոշիանալ: Այլ խոսքով` Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը՝ իբրև Հայոց Ազգային գաղափարախոսության մաս, հոգևոր սնունդ է առաջին հերթին Սփյուռքի ինքնապահպանության համար՝ մի գեղեցիկ օր իր ամբողջացած Հայրենիք վերադառնալու հեռանկարով:
- Այդ գաղափարը պետք է կենսարթուն պահել նաև միջազգային ատյաններում, պետական, հանրային և այլ խողովակներով, առանց վաղեմության ժամկետի, հետամուտ լինել և իրազեկ պահել միջազգային հանրությանը, որ 20-րդ դարասկզբին օսմանյան պետությունը հայերի հանդեպ իրականացրել է աննախընթաց ցեղասպանություն իր իսկ սեփական հայրենիքում: Ուստի հայ ժողովուրդն ունի բոլոր հիմքերը պահանջատեր լինելու իր կորսված հայրենիքին՝ Արևմտյան Հայաստանին: Յուրաքանչյուր կենսունակ ազգ-ժողովուրդ ունի պատմականորեն ձևավորված որոշակի ազգային քաղաքական իդեալ: Այդպիսի իդեալ ունեն հրեաները, հույները, ռուսները, լեհերը, անգամ` թուրքերը և այլն: Ազգային-հավաքական իդեալ չունեցող և դրան չձգտող ժողովուրդը ապագա չի ունենա: Համայն հայ ժողովրդի համար, այլ նպատակադրումներից զատ, կարծում ենք, եղել ու կմնա կորսված հայրենիքի վերատիրման գաղափարը: Եվ այդ գաղափարն է նաև ապրելու, արարելու, կենսունակ լինելու, հեռանկար ունենալու, զարգանալու ու հարատևելու ուժ և իմաստ տալիս հայ ազգին: Հենց սրանում է Միացյալ և Անկախ Հայաստանի պատմական ակտի 100-ամյա խորհուրդը:
Ուրեմն պայքար` հանուն մեր դարավոր արդար Դատի, կեցցե´ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը:
Արարատ Հակոբյան
պ. գ. դ., պրոֆեսոր