կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-24 13:38
Հասարակություն

Միասնականության գաղափարը կարևորելով` գիտաժողովը տեղին եմ համարում. Աշոտ Մելքոնյան

Ճակատագրի բերումով, դեռևս 4-րդ դարից սկսած, մեր ժողովուրդը բաժանված է եղել Արևմտյան ու Արևելյան Հայաստանների: Ցավոք, դա նաև 16-րդ դարում կրկնվեց, ու 17-ում Հայաստանը կրկին վերաբաժանվեց, այս անգամ` Սեֆյան Պարսկաստան ու Օսմանյան կայսրության միջև. ՀՅ Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից նախաձեռնված  «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» գիտաժողովի ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը մշակութային, հոգեբանական ու զանազան այլ առումներով բաժանվեց երկու մասի, ու շատերի մոտ տպավորություն եղավ, թե երկու լեզու ստեղծեցինք, այնինքն` դրանք հայերենի երկու ճյուղերն էին` արևմտահայերենն ու արևելահայերենը: Իսկ գրաբարից հրաժարվելը, ըստ Մելքոնյանի, մեր միասնությունը խարխլող հանգամանք էր:

«Ցավոք, այս քաղաքական բաժանվածությունն ու 17 տարվա ազգային ազատագրական շարժումները 20-րդ դարի պետականության վերականգնման շրջանում իրենց հետքը թողեցին, ու միայն 1918-ին, երբ կյանքի կոչվեց Առաջին հանրապետությունը, նոր միայն հնարավոր եղավ ընդհանուր շարժում ծավալել մեկ միասնական պետություն ստեղծելու առումով: 1917-ի մայիսին, երբ Արևմտահայերի ազգային խորհուրդը ստեղծվեց, սետպեմբեր-հոկտեմբերին` Արևելահայերինը, կողմերից յուրաքանչյուրն իր դժգոհություն էր հայտնում` ինչո՞ւ ենք երկփեղկված ձևով շարունակում համատեղ պայքարը հայոց պետականության վերականգնման կամ ազգային ազատագրական խնդիրները լուծելու առումով: Իսկ Արևմտյան Հայաստանից հարյուրհազարներով Արևելյան Հայաստանում հավաքվածներն իրենց  դժգոհությունն էին հայտնում, թե ինչո՞ւ է փոքրիկ Հայաստանը կոչվում Հայաստանի Հանրապետություն, չէ՞ որ դա ստվեր էր գցում Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև Հայաստան ասելիս, ինչպես Թումանյանը կասեր, առաջին հերթին հասկանում ենք մեր էրգիրը` Արևմտյան Հայաստանը: Անդրանիկ Զորավարը, Պողոս Նուբարն ու արևմտահայ այլ գործիչներ պահանջում էին, որ այն կոչվի Երևանի Հանրապետություն կամ Արարատյան Հանրապետություն»,- պատկան փաստերը հիշեցրեց մեր զրուցակիցը:

Մելքոնյանն ասաց նաև, որ 1919-ի փետրվարին Արևմտահայերի երկրորդ համագումարը խնդիր դրեց` մեկ միասնական պետություն ստեղծելու անհրաժեշտություն կա, ու դրա հիման վրա ապրիլի 27-ին կառավարությունը նախապատրաստեց Միացյալ Հայաստանի ակտը, որն ընդունվեց 1919-ի մայիսի 28-ին` պետության հռչակման տարեդարձի օրը:

«Այդ նույն ոգով մեր գործունեությունը շարունակվեց Փարիզի վեհաժողովում, իսկ Սան Ռեմոյի կոնֆերանսում մեծ տերություններին համոզեցին, որ Հայկական հարցի լուծումը ենթադրում է Հայաստանի երկու հատվածների միավորում: Հենց դրա հիմքի վրա էլ 1920-ի օգոստոսի 10-ի Սևրի դաշնագրով ենթադրվում էր, որ 70 հազար քառակուսի կմ տարածք ունեցող ՀՀ-ին պետք է միավորվեն ևս 4 նահանգներ` Տրապիզոնը, Բիթլիսը, Էրզրումն ու Վանը, այսինքն` կյանքի  է կոչվելու Միացյալ Հայաստանի գաղափարը»,- շեշտեց նա:

Ակադեմիկոսը, զուգահեռներ անցկացնելով այսօրվա իրականության հետ, ասաց, որ այդ երկփեղկումը ժամանակ առ ժամանակ հասարակության մեջ գլուխ է բարձրացնում, ու նման վտանգ մենք տեսնում ենք Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միջև: «Ամեն վայրկյան լսում ենք` Արցախ-Հայաստան: Չի կարելի նման բան ասել, պետք է ասել` Արցախ-Հայաստանի Հանրապետություն, որովհետև Արցախը Հայաստան է, թեև դեռևս Հայաստանի Հանրապետություն չէ: Ամենավտանգավորը` բանը հասել է այնտեղ, որ մարդիկ առանձնացնում են «Արցախի ու Հայաստանի ժողովուրդ», պատկերացնո՞ւմ եք: Այսինքն` ստացվում է, որ արցախահայությունը բոլորովին այլ ժողովուրդ է, ոչ թե հայ ժողովրդի մի հատվածը: Եվ այս տեսանկյունից դիտարկելով` Միացյալ Հայաստանի ակտի 100-ամյակով կարևորում ենք միասնության գաղափարը, ու այս գիտաժողովը տեղին է»,- ասաց մեր զրուցակիցը: