Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Աշոտ Մինասյանը ապօրինի զենք-զինամթերք պահող լիներ, այս ապաշնորհ իրավական համակարգի ոչ մի հետախույզ չէր կարող գտնել. Yerkri.am-ի հաղորդմամբ՝ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը այսօր՝ Աշոտ Մինասյանին ազատելու պահանջով հրավիրված ասուլիսի ժամանակ:
Գրականագետի խոսքով՝ Աշոտ Մինասյանի էսսեների եւ բանաստեղծությունների մեջ տրոփում է անկեղծ հայրենասերի սիրտը, եւ այդ սիրտը հիմա ուզում են կանգնեցնել՝ հստակ իմանալով նրա ճշմարիտ, իրական արժեքը՝ իմանալով, որ գործ ունեն իրական հայ հերոսի հետ, անհաղթահարելի կամքի տեր հերոսի հետ:
Սրապիոնյանը պատմեց, որ երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինասյանին հաղորդում են, որ որդին շրջափակման մեջ է հայտնվել, պատասխանում է՝ «ավելի կարեւոր հանձնարարություն ունեմ կատարելու». դիրքերի պաշտպանության խնդիր ուներ: Ասաց՝ որեւէ կասկած չկա, որ Մինասյանի կալանավորումը կապված է նրա հերոսական նկարագրի, նրա հայրենասիրական անուրանալի ձգտումների հետ:
«Ես բերեմ մեկ օրինակ՝ տարօրինակ կերպով 44-օրյա պատերազմում զոհվեցին կամ հաշմանդամ դարձան բոլոր այն հրամանատարները, որոնք նախկինում փառքի էին արժանացել իրենց հաղթական գործունեությամբ: Քանի՞ հոգի կարելի է ցույց տալ հայ իրականության մեջ, երբ որդին հոր հետ գնում է պատերազմելու: Աշոտ Մինասյանը հենց այդ հրամանատարն էր: Աշոտ Երկաթի «Երկաթ» մականունը տրվել է՝ երկրին նվիրվածության երկաթյա կամք ունենալու համար»,- ասաց գրականագետը:
Սրապիոնյանի շեշտեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ շատ կասկածելի հանգամանքներում զոհվեց «Սեւ հովազի» լեգենդար հրամանատար, Արցախի հերոս, Ռուստամ Գասպարյանը՝ իր զավակի հետ, իսկ Աշոտ Մինասյանի բախտը բերեց, քանի որ նրա զավակը կարողացավ շրջափակումը ճեղքել եւ հետ գալ:
«Ընտանեկան հերոսության գաղափարը քերում են մեր ուղեղներից՝ Աշոտ Մինասյանի, Ռուստամ Գասպարյանի եւ նրանց նմանների հերոսությունը վարկաբեկելով, մեր հերոսականությունը մեր մեջ սպանելով, որպեսի հանգիստ կարողանան իրագործել իրենց դավադրությունը Սյունիքում: Մամուլում արդեն գրում են, որ Տավուշում էլ են կառուցում այլընտրանքային ճանապարհ: Ես վախենամ՝ այլընտրանքային ճանապարհ կառուցվի նաեւ Երեւանում՝ Նորքից մինչեւ Թոխմախ, եւ հաստատվի, որ ադրբեջանական տարածքներ են եղել: Սրանց խանգարողը հենց այս հերոսներն են, որոնց մեր աչքին ուզում են վարկաբեկել»,- ընդգծեց գրականագետը:
Հիշեցնենք, որ Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) դեկտեմբերի 1-ից կալանավորված է:
Մանրամասները՝ տեսանյութում