կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 15:17
Հասարակություն

Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր. Շվեյցարիայի նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանին

Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր. Շվեյցարիայի նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը, որի կազմում էին 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

Նախագահը ողջունել է միջազգային հեղինակավոր խորհրդատվական կառույցի ներկայացուցիչների այցը Հայաստան և մանրամասներ ներկայացնել վերջին մեկ տարում Հայաստանում կատարված փոփոխությունների մասին: «Մեր երկրի համար կարևոր է բոլոր ուղղություններով զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը: Այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Հայաստանի համար»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին հրավերի համար՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել մեր երկրի զարգացմանը: Նրանք ընդգծել են, որ այցի ընթացքում կձգտեն առավելագույնս տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ:«Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր: Մենք բոլորս հիացած ենք ձեր երկրով, այդ իսկ պատճառով այստեղ ենք», - ասել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը շահույթ չհետապնդող, անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը: Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչական կազմակերպություններին դիմակայումը և գերիների ազատ արձակումը, քաղաքական հաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսական բարեփոխումները, առևտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը և այլն:

Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը: