կարևոր
4570 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-28 14:22
Հասարակություն

24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան

24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան

ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, երկրորդում «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 18.1 մլրդ դրամ հարկով։ Երրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որը վճարել է 15.6 մլրդ դրամ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության նման ցուցանիշները վերաարտահանման արդյունք են։ 10-րդ հորիզոնականն էլ զբաղեցնում է «Վայլդբերիզ» ընկերությունները՝ 4.2 մլրդ դրամով։

Խոշոր հարկատուների ցուցակում արձանագրված տեղաշարժերը Հայաստանի տնտեսության վիճակի հիմնական ցուցիչներն են։ Panorama.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե խոշոր հարկատուների ցուցակում արձանագրված տեղաշարժերը Հայաստանի տնտեսության ոլորտի ինչպիսի բացասական միտումների մասին են փաստում։

«Հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի, մասնավորապես հեռախոսների առքուվաճառքով։ Անշուշտ, վերջինիս ցուցանիշը պայմանավորված է վերաարտահանման ծավալների աճով ՝ հաշվի առնելով, որ մի շարք բրենդներ սահմանափակել կամ ընդհանրապես դադարեցրել են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները։ 

Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր այդ առքուվաճառքի գործարքները կազմակերպելու համար։ Հայաստանն այս իրավիճակից օգտվում է և մի շարք ընկերույթուններ բավականին լավ եկամուտներ է գեներացնում, նաև որոշակի հարկեր են վճարում։ Ուշագրավ է, որ 1000 խոշոր հարկատուների ցուցակում կտրուկ իրենց դիրքերը բարելավել է բանկային համակարգը, ինչը դարձյալ պայմանավորված է ռուսական գործոնով՝ տրասֆերտներ, վերաարտահանում, ռելոկանտներ, ռուսների համար թանկ սպասարկման ծառայություններ և այլն։ Վերջիններս դրա արդյունքում կարողանում են բավական մեծ գումարներ գեներացնել և շահառուներն են այս տնտեսական աճի։
Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում ընդգրկվել է նաև «Վալդբերիզը», որը զբաղվում է օնլայն առևտրով, ինչը փաստում է, որ մեր քաղաքացիները ավելացրել են առցանց հարթակներում առքուվաճառքի ծավալները, ինչ էլ իր հերթին մեծ վնասներ է հասցնում տեղական արտադրողներին և վերավաճառողներին։

Եվս մեկ առանձնահատկություն արձանագրենք՝ վերջին տարիներին տոտալիզատորներն տարեցտարի ավելի շատ հարկ են վճարում, ինչը պայմանավորված է նրանց վրա լրացուցիչ հարկեր դնելու քաղաքականությամբ։ Բայց  մտահոգիչ է, որ տոտալիզատորների գրոծունեությունը շարունակում է ծաղկել, քանի որ եթե նրանք ավելացնում են հարկերը, ապա այն նշանակում է նաև, որ շրջանառությունն են ավելացրել, սա այն դեպքում երբ Հայաստանն ունի 24.8% աղքատություն։

1000 խոշոր հարկատուների ցուցակն ուսումնասիրելիս պետք է արձանագրել, որ բավականին մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրել տեղական արտադրողները։ Մսամթերք, սննդամթեք, ալկոհոլային խմիչքներ արտադրողների մի զգալի մասը կրճատել ՝ իր հարկային մուտքերը։ Սրա պատճառն այն է, որ արժևորված դրամի պայմաններում մեր տեղացի արտադրողները կորցնում են իրենց ինչպես ներքին, այնպես էլ արտահանման շուկաները և մեր ապարնքները մրցունակ չեն այս գների պայմաններում։

Այսինքը, մի կողմից ունենք հարկային եկամուտների աճ, մյուս կողմից էլ մտահոգիչ իրավիճակ տեղական արտադրողների մասով։ Սա այն դեպքում, երբ վերջիններս երկրին երկարաժամկետ հարկային մուտքեր ապահովող սուբյեկտներն են։ Նրանց վիճակը տարեցտարի վատանում է, իսկ կառավարությունն այդ ամենն անտեսում է՝ թաքցնելով երկնիշ տնտեսական աճի, կամ հարկային մուտքերի ցուցանիշների տակ, որոնք Հայաստանի տնտեսության որակի, մարդկանց կենսամակարդակի փոփոխության կամ անվտանգության ապահովման ուղղությամբ էական ձեռբերումներ չեն ապահովել։

Մենք այսօր վերամշակող արդյունաբերության մեջ ունենք անկում, եթե ցուցանիշներից հանենք ոսկերչական իրերի վերաարտահանումը։ Ասեմ, որ այս ոսկերչության վեարաարտահնումից հարկային էական ծավալներ չեն էլ գեներցվում, քանի որ ոսկին առանց մաքսատուրք է ներկրվում Ռուսաստանից, ավելացված արժեքի հարկն այս դեպում հետաձգվում է, հետևաբար կարող ենք ասել, որ մենք ունենք ոսկու ծավալների բավական մեծ շրջապտույտ բայց և դրա արդյունքում հարկային եկամուտների աճ չկա և դա է պատճառը որ կառավարությունն հապշտապ ռեժիմով բերել է օրենքի նախագիծ որով ցանկանում է Հայաստանից վերաարտահանվող մետաղների, մասնավորախես ոսկու, արծաթի պարագայում կիրառել արտահանման տուրք , ինչպես նախկինում արեցին պղնձի դեպում»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Աղբյուր` Panorama.am