կարևոր
3436 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-05 15:30
Հասարակություն

Հասարակական կազմակերպությունները՝ բռնի տեղահանված արցախցիների օժանդակության ծրագրերի նախաձեռնող ու մասնակից

Հասարակական կազմակերպությունները՝ բռնի տեղահանված արցախցիների օժանդակության ծրագրերի նախաձեռնող ու մասնակից

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ Մայր հայրենիքում ինտեգրվելու եւ կյանքի կազմակերպումը հունի մեջ գցելու աշխատանքը կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը գործակցում է նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ։ «Լոֆթ» կենտրոնները եւս ակտիվ ներգրավված են այս աշխատանքում։ Կենտրոնների ղեկավար Արևիկ Համբարձումյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում կարևոր է բոլոր ռեսուրսների համախմբումը եւ այս ծրագրի շրջանակում հենց այդպես էլ արվում է՝ բոլորը պատրաստակամ են օգնելու, աջակցելու և համագործակցելու։

Գյումրու, Վանաձորի և մայրաքաղաքի Լոֆթերը դարձել են հավաքատեղի արցախցիների համար

«Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» նախագիծը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ներգրավվածությունը նոր միջավայրում հեշտացնելու և արագացնելու համար է։ Շուրջ 2 ամիս առաջ մեկնարկած ծրագիրը արդեն հաջողություններ է գրանցում՝ ավելի քան 25 ստացված միջոցառում՝ 60 օրվա ընթացքում։

-Ծրագրի հիմքում 3 հիմնական բաղադրիչ է՝ մեր հայրենակիցների իրազեկման, սոցիալականացման և աշխատանքի ու կրթության խրախուսման ուղղությունները զարգացնելն ու այս առումով նրանց աջակցելը։ Այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել ենք դրական ցուցանիշներ գրանցել։ Չնայած ծրագիրը 6-ամսյա է, սակայն մեծ հույս ունենք, որ այն կերկարաձգվի,-ներկայացնում է «Լոֆթ» կենտրոնների ղեկավար Արևիկ Համբարձումյանը։

Նախագիծը իրականացվում է «Լոֆթ» ՀԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով։ Ծրագրի իրագործման համար Հայաստանում գործող 5 Լոֆթ կենտրոններից ընտրվեց 3-ը՝ այն բնակավայրերում, որտեղ բռնի տեղահանումից հետո առավել շատ են կենտրոնացած արցախցիները։ Գյումրու, Վանաձորի և մայրաքաղաքի Լոֆթերը արդեն հասցրել են  յուրօրինակ հավաքատեղի դառնալ արցախցիների համար։

Աջակցության կազմակերպմանը ներառված են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ՀԿ-ներ․ կառավարության ներկայացուցիչ

Միշտ ենք կարեւորում տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանցքային գործառույթների համակարգման գծով խորհրդական Եվգինե Վարդանյանը։ Բռնի տեղահանված անձանց աջակցությունը կազմակերպելիս նույնպես ՀԿ-ների հետ համագործակցում են։

«Հենց սկզբից, որբ տեղահանությունը տեղի ունեցավ, շատ արագ հաստատեցինք համագործակցության տարբեր մեխանիզմներ, որպեսզի կարողանանք ավելի համակարգված տրամադրել անհրաժեշտ աջակցությունը։ Աշխատանքային խմբեր ձեւավորեցինք, որոնցից շատերը մինչեւ հիմա էլ գործում են, որոնք համակարգում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Ներառված են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ՀԿ-ներ ըստ ոլորտների․ եթե, օրինակ, ՀԿ-ն պարենի ապահովությամբ է զգաղվում, ներգրավվում է այդ աշխատանքային խմբում, եթե, օրինակ, հոգեբանական աջակցության՝ մեկ այլ աշխատանքային խմբում»,-մանրամասնում է Եվգինե Վարդանյանը։

Եվ այսպես, փորձում են աշխատանքային խմբերի մեխանիզմով համագործակցել եւ ավելի համակարգված կազմակերպել աջակցության տրամադրումը։

«Ոլորտում ներգրավված եւ ակտիվ ծրագրեր իրականացնող գրեթե բոլոր ՀԿ-ների հետ համագործակցում ենք։ Կան այնպիսի կազմակերպություններ, որոնք լայնամասշտաբ աջակցություն չեն տրամադրում բարեգործական հիմունքներով՝ լինում է, որ անմիջապես համայնքների հետ են գործակցում, բայց խոշոր կազմակերպությունները, որոնք լայնամասշտաբ աջակցություն են տրամադրում բնակչության մեծ խմբերի կամ մարզային բնակավայրերում են աշխատում, նրանց հետ համագործացում ենք»,-ասում է Եվգինե ՎԱրդանյանը։

Համագործակցությունը հաճախ ֆորմալիզացնում են հուշագրերով եւ համաձայնագրերով։

Գործում է  թեժ գիծ 060 658080 համարով․ Արեւիկ Համբարձումյան

-Առանձին բոլոր բաղադրիչների մասով իրականացնում ենք տարբեր միջոցառումներ ու գործողություններ, և, մասնավորապես, իրազեկման մասով արդեն իսկ «Լոֆթ» կենտրոնները դարձել են վստահելի և սիրելի վայր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, որտեղ նրանք անգամ գալիս են պարզապես շփվելու, սոցիալականացվելու։ Այսինքն, մեկ կոմպոնենտը, բնական ձևով, սկսել է նպաստել մյուս կոմպոնենտի իրագործմանը,-նշում է Արեւիկ Համբարձումյանը։

Ծրագրի շրջանակում գործում է նաև թեժ գիծ 060 658080 համարով․ արցախցիները կարող են զանգել ցանկացած հարցով և տեղում մասնագետը աջակցություն կիրականացնի նշված հարցով։ Իսկ եթե հարցը մանրակրկիտ ուսումնասիրություն և լուծում է պահանջում՝ շաբաթվա ընթացքում դրանք հավաքագրվում և տեսակավորվում են, այնուհետև ուղարկվում համապատասխան նախարարություններ՝ դրանց լուծում տրվելու համար։

-Կառավարության տարբեր բաժիններից մենք փորձում ենք ստանալ հարցերի պատասխանները և արդեն գրանցել ենք նման դեպքեր, երբ կա՛մ տեղում հարցին պատասխան և խնդրին լուծում է տրվել, կա՛մ ընթացք է տրվել այդ խնդրի լուծմանը,-ասում է Ա․ Համբարձումյանը։

Ծրագրի շրջանակում ստեղծվել է «ՄԵՆՔուՄՈՒՆՔ» ֆեյսբության խումբը, որտեղ արդեն գրանցվել է 3500-ից ավելի շահառու։ Գործարկվել են նաև #ՄԵՆՔուՄՈՒՆՔ, #ՄԵՆՔուՄՈՒՆՔ_իրազեկ,  #ՄԵՆՔուՄՈՒՆՔ_սոցիալական, և  #ՄԵՆՔուՄՈՒՆՔ_հաջողակ հեշթեգները, որոնցով ևս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են հետևել և տեղեկանալ իրենց համար արվող բոլոր միջոցառումներին։ Ա․ Համբարձումյանը հորդորում է հետևել ֆեյսբության խմբի գրառումներին և մասնակցել տարբեր ծրագրերի՝ սոցիալականացման գործընթացն ավելի հեշտացնելու և տեղի միջավայրի մաս դառնալու համար։

-Մասնակիցներ կան, որոնք շատ ակտիվ են՝ մասնակցում են գրեթե բոլոր միջոցառումներին, հետադարձ կապ ենք ապահովում նրանց հետ։ Ունենք նաև պարբերաբար ավելացող նոր դեմքեր,- արձանագրում է Արեւիկ Համբարձումյանը։

Կառավարությունը ՀԿ-ների հետ գործակցում է ֆինանսավորում կամ, պարզապես, խորհրդատվություն ու տեղեկատվություն տրամադրելով

Բռնի տեղահանված արցախցիների հետ աշխատանքում, եթե, օրինակ, որեւէ ծառայության կազմակերպումը պետք է պատվիրակվի ՀԿ-ին, ապա մրցույթ է  հայտարարվում։ Բայց համագործակցությունը միայն մրցույթներով ու պատվիրակմամբ չի սահմանափակվում․ լինում է նաեւ պարզապես տեղեկատվության փոխանակմամբ, ջանքերը, ռեսուրսները մեկտեղելու ուղղություններով, որի հիմքում ընկած է լինում հուշագիրը կամ համաձայնագիրը կամ նույն աշխատանքային խմբում ներգրավված լինելը։ Այս պարագայում արդեն մրցույթը կամ պատվիրակումը պարտադիր պահանջ չէ, այլ  կա ուղղակի համագործակցություն տեղեկատվության փոխանակման, աջակցությունների քարտեզագրման գործընթաց, որպեսզի հետո հնարավոր լինի կարգավորել եւ կանոնակարգել պրոցեսը՝ այնպես չլինի, որ որեւէ համայնք դուրս մնա։ Նախարարությունը նաեւ ուղղորդում է ՀԿ-ներին այնպես, որ աջակցությունը հավասարաչափ բաշխվի։

«Դիմելու կարգը երկկողմանի է՝ լինում է, երբ իրենք էլ են դիմում, օրինակ, մեյլով կամ բանավոր որեւէ սեմինարի կամ քննարկման ընթացքում եւ դրանից հետո մենք արդեն ընթացք ենք տալիս՝ համաձայնագիր ենք ստորագրում՝ հասկանալով, թե ինչ է առաջարկում տվյալ կազմակերպությունը եւ արդյո՞ք դա մեր իրավասությունների դաշտում է, եթե այո, ապա արդեն մեկնարկում ենք ֆորմալիզացման գործընթացը։ Լինում է, որ մենք տեղեկատվություն ունենք, որ որեւէ ՀԿ մեծածավալ աջակցություն է տրամադրում՝ ինքներս կապվում ենք եւ հրավիրում համագործակցության՝ առաջարկելով ներգրավվել համապատասխան աշխատանքային խմբում՝ հատկապես եթե բռնի տեղահանված անձանց հետ են աշխատում»,-ասում է Եվգինե Վարդանյանը։

ՀԿ-ներին ընտրելիս նախարարությունը հաշվի է առնում թե՛ աջակցելու ցանկության առկայությունը, թե՛ մասնագիտական ներուժը։

«Դրա համար, երբ հայտ ենք ստանում ՀԿ-ից, որ ցանկանում է համագործակցել՝ փորձում ենք հասկանալ, թե ինչ կազմակերպություն է, ինչով է զբաղվում, ինչ աշխատանքներ է իրականացնում։ Մասնագիտական ներուժը որ ասեմ՝ չափում ենք եւ հասկանում ենք, որ պետք է համագործակցենք՝ ոչ, ավելի շատ միտված ենք աջակցելու, եթե ՀԿ-ն ունի նախաձեռնողականություն եւ հնարավորություն, թեկուզ մեր մասնագիտական ներուժի միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողի միջոցով, անհրաժեշտ աջակցությունը տրամադրելու»,-մանրամասնում է Եվգինե Վարդանյանը։

Այն ՀԿ-ները, որոնք ունեն ցանկություն ներգրավվելու այս աշխատանք՝ կարող են զանգել կայքում նշված հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստով՝ ներկայացնել, թե ինչ առաջարկներ ունեն, ինչով են զբաղվում, ինչ ծրագրեր կամ ծառայություններ են տրամադրում կամ պատրաստվում են տրամադրել։ Նախարարությունում խոստանում են՝ անպայման հայտը դիտարկել եւ այդ հայտին համապատասխան առաջ գնալ։

«Ֆինանսավորում լինում է այն դեպքում, երբ պատվիրակման մեխանիզմով է․ հիմա ունենք մի ՀԿ, որը մրցույթով իրակացնում է սոցիալական շտապ օգնության ծրագիրը, իհարկե, այդ պարագայում մենք ֆինանսավորում ենք, եթե ոչ՝ պարզապես փորձում ենք քարտեզագրել՝ որ կազմակերպությունը ինչ ռեսուրս ունի, ուղղորդել, համակարգել եւ նաեւ օգնել, որ իրենք էլ միմյանց ճանաչեն, որովհետեւ ոլորտում ունենք խոշոր կազմակերպություններ եւ կարեւոր է, որ իրենք էլ իմանան՝ որ մեկն ինչ է անում, որպեսզի ճիշտ պլանավորեն իրենց անելիքը»,-ասում է Եվգինե Վարդանյանը։

Նախարարության պաշտոնական մեյլից բացի նաեւ կարելի է դիմել https://e-request.am/hy համակարգով․ բոլոր դիմումները հասնում են նախարարություն եւ դիտարկվում։

Սոցիալականացումը «Լոֆթի» ամենաուժեղ կողմն է

-Սոցիալականացումը «Լոֆթի» ամենաուժեղ կողմն է,- վստահաբար նշում է ղեկավարը։

«Լոֆթը» շուրջ 10 տարի է ՀՀ-ում զբաղվում է հենց մարդկանց սոցիալականացմամբ, միավորմամբ, ներգրավմամբ։ Առավելևս հիմա, ըստ ղեկավարի, դա բոլորիս ուշադրության կարիքն ունի։ Սոցիալականացումը կարևոր է ոչ միայն բռնի տեղահանվածների, այլև ընդունող կողմի համար։ Նրանք ևս պետք է ներգրավվեն և շահագրգռված լինեն մեր հայրենակիցների համար ավելի հեշտ, տրամադրող և ընդունող միջավայր ստեղծելու համար։

Օրեր առաջ Լոֆթ 3 կենտրոններում կազմակերպվել էր արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Ներկայացված էին արցախյան մշակույթին բնորոշ իրեր, հետաքրքիր արտադրանք և, իհարկե, սնունդ՝ արցախյան փախլավա, գաթա, ավանդական թթվի տեսականի և այլն։ Ցուցահանդեսը գլխավորում էր արցախյան խոհանոցի թագուհին՝ ժենգյալով հացը, որի պատրաստումը իսկական արարողություն էր հյուրերի համար։

Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է աշխատանքի և կրթության խրախուսումը, որի շրջանակում արցախցիներին ներկայացվում է հայաստանյան աշխատաշուկան, դրա նրբություններն ու առանձնահատկությունները։ Կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի խոշոր գործատուների, կին գործարարների և բիզնես փորձագետի հետ։

-Հրավիրված հյուրերը իրենց անցած ճանապարհով և փորձով կիսվեցին մեր շահառուների հետ։ Հարց ու պատասխանի ձեւաչափով, իրենց գործունեությունը ներկայացնողի տեսանկյունից կարողացան օգտակար լինել, խրախուսել, մոտիվացնել շահառուներին, որ կարող են և պիտի սկսեն իրենց գործը՝ ստեղծագործեն և նոր ընկերություններ ձևավորեն կամ ընդունվեն մեկ այլ կառույցում աշխատանքի,-նշում է Արեւիկ Համբարձումյանը, և վստահեցնում, որ նման միջոցառումները շարունակվելու են։

Սնունդի տրամադրումից մինչեւ բիզնես խորհրդատվություն՝ ծրագրերը տարբեր են

Կառավարություն-ՀԿ-ներ գործակցությամբ օժանդակության ծրագրերը շատ տարբեր ուղղություններով են՝ սկսած սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ տրամադրելուց մինչեւ զբաղվածության ապահովում, սոցիալական ներառում, խնամքի կազմակերպում։ Եվգինե Վարդանյանն ասում է՝ եթե կան այդ ոլորտներում գործող ՀԿ-ներ, պատրաստ են քննարկել համագործալցության հնարավորությունները։

«Մենք շատ ակտիվ համագործակցում ենք «Առաքելություն Հայաստան»-ի, Հայաստանի սոցիական աշխատողների ասոցիացիայի հետ, միջազգային կազմակերպություններից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ․․․ իսկապես շատ են։ Դա կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ մենք ասում ենք մեր կարիքը կամ պահանջը, օրինակ, սա է, իրենք հետո նոր կարողանում են ծրագրերը մշակել, դոնորներին դիմել՝ հաշվի առնելով ոլորտում առկա կարիքները, այլ ոչ թե պարզապես իրենց ցանկությամբ»,-պարզաբանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը։

Որպես հաջողված համագործակցության օրինակներ նշում է, ասենք, սննդի քարտերի փորձարկումն ու տրամադրումը շուրջ 5000 տեղահանված անձի՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցելով․ դրանք բանկային քարտեր էին, որոնց միջոցով տեղահանված անձինք կարող էին սննդամթերք գնել Հայաստանում։ Նմանատիպ մի ծրագիր էլ արել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ հագուստի տրամադրման վաուչեր, որից էլ Արցախից տեղահանված 0-9 տարեկան երեխաներ են օգտվել։ Զբաղվածության ծրագրերով են ակտիվ համագործակցում տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք, օրինակ, փոքր բիզնեսի հիմնադրման հարցում են փորձում օգնել, վերապատրաստումներ անելու հարցում։ «Դիմոքրսի ինթրնեյշընըլ» ՀԿ-ն մտադիր է ՀԿ-ներին ֆինանսավորել, որ նրանք էլ օգնեն Արցախից տեղահանված անձանց բիզնես ծրագրեր մշակելու, դրամաշնորհ ստանալու, բիզնես հիմնելու եւ այլ գործընթացներում։

Իրինա Հայրապետյան

Աննա Բալյան

Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է:  Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: