կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 15:15
Մշակույթ

Ինչու են մտափոխվել Հասմիկ Պապյանին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել

Ինչու են մտափոխվել Հասմիկ Պապյանին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել

Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն արդեն 4 ամիս է` զբաղեցնում է Կոնստանտին Օրբելյանը: Թատրոնում, կարծես, կրքերը խաղաղվել են, չհաշված այն, որ նոր թատերաշրջանի մեկնարկն ազդարարող ու խոստացված «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան հետաձգվեց անհայտ պատճառներով:

Սակայն ուշագրավ նորություններ են ջրի երես ելել: Պարզվում է` գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվել է նաև օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, ով կարծես դեմ չի եղել կրել ոլորտի առողջացման ու նորացման բեռը: Սակայն զարմանալի կլիներ, որ մշակույթի` արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը մշակույթին օգտակար քայլի գնար` անձնական շահը մի կողմ թողնելով: Նա հայտարարել է, որ պաշտոնն արդեն խոստացել է մեկ ուրիշի` Օրբելյանին:

Ի դեպ, Պապյանի թեկնածության հարցը, ըստ լուրերի, քննարկվել է նաև նախագահականում, և նախագահն էլ, կարծես, ուրախ է եղել Պապյանի` թատրոնում աշխատելու մտքից:

Պատմության սլաքը, սակայն, այլ տեղ է ուղղված. խնդիրն այն է, որ Հասմիկ Պողոսյանին Արմեն Սմբատյանն է ուղղորդել Օրբելյանին նշանակելու հարցում` առաջիկայում օպերայի թատրոնն «իրենցով» անելու ցանկությամբ:

Լրագրողների հետ զրույցում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձան այս թեմային: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նշեց, որ Պապյանը մեր մշակույթին շատ է պետք և մեծ բան կարող է տալ մեր օպերային: «Մենք օպերա սիրող ազգ ենք, Պապյանն էլ պրոֆեսիոնալ է, և եթե նա մտնի օպերա, թատրոնը ոտքի կկանգնի: Այլ հարց է, որ նրա` այստեղ գալը շատերի իրական մակարդակը ցույց կտա, և դրա համար էլ չեն ուզում` նա ղեկավարի, որովհետև կլասը բարձր է»,- ասաց նա:

Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով էլ` Պապյանը հրաշք մասնագետ է, սակայն քանի որ նրա հայրը պատգամավոր չի եղել, դրա համար էլ մեզ մոտ նորմալ գործի չեն դնի նրան: «Մշակույթը պետք է ապակուսակցական լինի, կուսակցական բաներից պետք է դուրս գա արվեստը: Արվեստում չպետք է գործի նաև սովետից մնացած ԽԾԲ` խնամի, ծանոթ, բարեկամ երևույթը, թե չէ` եթե պետք է Սմբատյանը որոշի, թող ուրեմն նա էլ լինի գեղարվեստական ղեկավար, հետո կլինի թատրոնի տնօրեն, հետո` երկրի նախագահ, թող ամեն ինչ իր ձեռքում լինի, լավ է` մի մարդ կղեկավարի ամեն ինչ»,- հեգնանքով նշեց նա:

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը, սակայն, այլ կարծիքի է, ըստ նրա` ստեղծագործող մարդուն պաշտոն պետք չէ: «Պապյանը պրոֆեսիոնալ է, բայց թողեք` նա իր գործն անի»,- ասաց նա: