կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-27 11:14
Առանց Կատեգորիա

Տնտեսական պատժամիջոցները՝ քաղաքական լծակ

Տնտեսական պատժամիջոցները՝ քաղաքական լծակ

Ակնկալիքներ, երբ տեսությունը չի դառնում գործ

Թերևս երկու կարծիք լինել չի կարող այն հարցում, որ ներկայում տնտեսական պատժամիջոցները դարձել են միջազգային հարաբերությունների անբաժանելի բաղադրիչը։ Տեսականորեն, տնտեսական պատժամիջոցները կարևորագույն գործիք են միջազգային հարաբերություններում կայունության ու անվտանգության ապահովման համար։ Մեր պատկերացմամբ` գործնականում տնտեսական պատժամիջոցներն, ըստ էության, ունեն հումանիտար առաքելություն։ Տնտեսական պատժամիջոցների գործառույթները պետք է ուղղված լինեն հակամարտությունների ու ռազմական բախումների, միջազգային ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի սպառնալիքների զսպմանն ու չեզոքացմանը։ Ըստ այդմ` թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում տնտեսական պատժամիջոցների կենտրոնում մարդն է, անհատը, իսկ դրանց կիրառման անհրաժեշտությունը կարող է առաջանալ այն ժամանակ, երբ վտանգվում կամ կարող են վտանգվել մարդը, նրա իրավունքներն ու ազատությունը։ Այդ առումով, տնտեսական պատժամիջոցները ենթադրում են այդ թվում սոցիալական կարևորագույն գործառույթ։ Մյուս կողմից` որքան ընդլայնվում է տնտեսական պատժամիջոցների նշանակությունը և ազդեցությունը միջազգային հարաբերություններում, այնքան մեծանում է ոլորտի խոցելիության սահմանն ու խորությունը։ Մեծանում է առանձին շահերով խմբի կամ խմբերի, կազմակերպությունների ու երկրների կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառման գայթակղությունը։ Ըստ էության, ի տարբերություն այլ ճնշման, ազդեցության լծակների, տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունն ու ՕԳԳ-ն անհամեմատ բարձր են, թիրախային։ Դրանք համեմատաբար քիչ ծախսատար են, հնարավորություն են տալիս խուսափելու ռազմական միջամտությունից ու դրա հետևանքով առաջացող մարդկային, ֆինանսական ու նյութական կորուստներից։ Ասել է թե, կրկին տեսականորեն, տնտեսական պատժամիջոցներն իրենց գործառույթներով ու էությամբ դիվանագիտական կարևորագույն գործիք են։

Ելնելով առկա ռիսկերից ու մարտահրավերներից` առաջնային կարևորություն է ձեռք բերում տնտեսական պատժամիջոցների՝ բազմակողմանի ձևաչափով կիրառման հարցը` հիմնված բացառապես միջազգային իրավունքի վրա։ Ըստ այդմ` տնտեսական պատժամիջոցները կարող են սահմանվել միայն հավաքական որոշմամբ՝ ելնելով միջազգային իրավական հիմքերից։ Միևնույն ժամանակ, իհարկե, սա չի բացառում տվյալ շահերով խմբի կամ խմբերի կողմից միջազգային իրավունքի շրջանցման հնարավորություն՝ այն  պարզ պատճառով, որ նույն այդ միջազգային հարթակի որոշումների կայացման մեխանիզմները կարող են հարմարեցվել առանձին երկրի կամ երկրների շահերին։ Օրինակ` անհրաժեշտության դեպքում տվյալ բանաձևի անցկացման հարցում կարող են գործադրվել և գործադրվում են ուժային-քաղաքական ճնշման միջոցներ, կամ հետկուլիսային պայմանավորվածության ձեռք բերումով ապահովվում է ձայների մեծամասնություն։

Պրագմատիկություն. realpolitik

Մերօրյա միջազգային հարաբերություններում տնտեսական պատժամիջոցներ հիմնականում սահմանվում են միակողմանի սկզբունքով՝ առանձին վերցրած երկրի ղեկավարության համապատասխան որոշման հիման վրա։ Սա պայմանականորեն կարելի է անվանել որպես պատժամիջոցների սահմանման ուժային տարբերակ, քանի որ այդ որոշումը, ըստ էության, հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Որոշման կայացման հարցում հաշվի չեն առնվում միջազգային այլ սուբյեկտների մոտեցումները։ Տնտեսական պատժամիջոցների միակողմանի սահմանումը թեև ենթադրում է պատժամիջոցների ենթարկվող երկրի կամ սուբյեկտի առանձին շահերով խմբերի նկատմամբ տնտեսական բնույթի սահմանափակումներ, այդուհանդերձ, իր էությամբ այն քաղաքական որոշման արդյունք է, ներկայանում է որպես քաղաքական գործիք կամ ճնշման լծակ։ Նշյալ իրողությունն իր հերթին մեծացնում է պատժամիջոցների սահմանման հումանիտար, սոցիալական հետևանքների խոցելիության դաշտը՝ պայմանավորված պատժամիջոցները սահմանող երկրի ղեկավարության քաղաքական, որոշ դեպքերում՝ միանձնյա, կամայական որոշումներով։

Մասնագիտական գրականությունում տնտեսական պատժամիջոցները, որոնք բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ ֆինանսական ու առևտրային, կարող են հետապնդել մի քանի հիմնական նպատակներ, հաճախ ներկայանում են միասնական՝

- տվյալ ոլորտում կամ հարցում պատժամիջոցների ենթարկված երկրի քաղաքական ուղեգծի փոփոխում, այդ թվում՝ իշխանափոխության միջոցով,

- ներքին ու արտաքին լսարանի համար վճռականության կամ քաղաքական կամքի ցուցադրում,

- հակամարտության կամ ռազմական գործողությունների կանխարգելում կամ դադարեցում:

Վերջին տասնամյակների կտրվածքով` միակողմանի սկզբունքով տնտեսական պատժամիջոցների սահմանման ու կիրառման պրակտիկան հայտնի է հատկապես Միացյալ Նահանգներում։ Բերենք օրինակներ։ Իրանի ուղղությամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների միակողմանի սահմանման ավանդույթը, տարբեր շեշտադրումներով, գալիս է դեռ նախորդ դարի 50-ականներից, որոնք շարունակվում են մինչ օրս։ Այսօր թերևս դժվար է հաշվարկել, թե տասնամյակների ընթացքում Իրանի նկատմամբ սահմանված զուտ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներն ի՞նչ տնտեսական հետևանքներ են ունեցել։ Սակայն այն, որ դրանք շոշափելի ազդեցություն են ունեցել երկրի տնտեսության ու հասարակության բարեկեցության վրա, թերևս դժվար է չհամաձայնել։

1960-ականներից սկսած` ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ գործում են Կուբայի նկատմամբ։ Կուբայի պաշտոնական տվյալներով` ավելի քան 4 տասնամյակ տևած ամերիկյան պատժամիջոցների հետևանքով երկրի տնտեսությունն ունեցել է շուրջ 80 մլրդ դոլարի վնաս։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը մեկ անգամ չէ հանդես եկել Կուբայի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների սահմանումը դատապարտող հայտարարություններով ու բանաձևերով, սակայն դրանք, որպես կանոն, իրավաքաղաքական ազդեցություն չեն ունեցել պատժամիջոցների վերացման հարցում։

Տասնամյակների պատմություն ունի նաև ամերիկյան պատժամիջոցների սահմանման գործընթացը Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Այդ պրակտիկան մեկնարկել է 1950-ականներից։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն տնտեսական տարբեր տեսակի և թիրախների պատժամիջոցներ է սահմանել ավելի քան երկու տասնյակ պետությունների նկատմամբ։ Հետխորհրդային տարածքում ամերիկյան պատժամիջոցներ սահմանվել են Բելառուսի, Ուկրաինայի ու Ռուսաստանի նկատմամբ։ Բելառուսում, օրինակ, պատժամիջոցները սահմանվեցին 2004թ.-ին, ինչը պայմանավորված էր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և երկրում ժողովրդավարական գործընթացներին աջակցման, մարդու իրավունքների հարցերով։

Հետաքրքիր կլիներ հաշվարկել, թե որքան է, առհասարակ, գնահատվում ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրների, կազմակերպությունների ու անհատների նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների պատճառած տնտեսական վնասների ծավալը, ինչպես նաև հաշվարկել այն օգուտները, որոնք թողել են այդ պատժամիջոցները՝ ելնելով անվտանգային միջավայրի ապահովման հարցերից։

2018թ. օգոտսոսի սկզբին ԱՄՆ-ն տնտեսական պատամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ, ինչը Վաշինգտոնը կապում էր Թուրքիայում ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնի ձերբակալության հետ։ Փորձագետներից շատերի կարծիքով` ամերիկյան կողմի համար դա ընդամենը պատրվակ էր։ Իրականում ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանումն ուղղակիորեն պայմանավորված էր Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման մասին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համաձայնության հետ։ Ընդ որում` դրանք ամերիկյան առաջին պատժամիջոցներն էին, որ սահմանվեցին ՆԱՏՕ-ի անդամ պետության նկատմամբ։ Ավելին` վերջերս ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը բացահայտ հայտարարեց, որ եթե Թուրքիան չհրաժարվի գնել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, ապա Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ։ Իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման գործարքը հակասում է ԱՄՆ ռազմավարական շահերին և վերջինիս դիտանկյունից ունի անվտանգային կարևոր ուղերձ, այդուհանդերձ, ըստ էության, արդեն սահմանված ու նախատեսվող հնարավոր տնտեսական պատժամիջոցներն ունեն քաղաքական հստակ ենթատեքստ ու բովանդակություն։

Ի դեպ, շատ հաճախ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները ուղղակի կամ անուղղակի տարածվում են նաև այն երկրների, առանձին կազմակերպությունների կամ անհատների վրա, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող երկրի, առանձին շահերով խմբի, կազմակերպությունների հետ։ Այդ առումով և՛ս որքանո՞վ է արդարացված նման տնտեսական պատժամիջոցների սահմանման հանգամանքը, եթե այն առհասարակ արդարացված կարելի է համարել։

Ի տարբերություն տնտեսական պատժամիջոցների սահմանման ամերիկյան միակողմանի պրակտիկայի, միջազգային իրավունքի տեսանկյունից համեմատաբար քիչ խոցելի են ԵՄ-ի կողմից տարբեր պետությունների կամ շահերի առանձին խմբերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որտեղ հաշվի են առնվում ԵՄ անդամ բոլոր երկրների ձայները։

Տնտեսական սահմանափակումների լծակն օգտագործվում է այդ թվում Ռուսաստանի կողմից։ Կես տասնամյակում մասնավորապես մեծ կիրառություն է ստացել ՌԴ արդյունաբերական արգելքը (էմբարգո) տարբեր երկրներից դեպի ռուսական շուկա գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ տեսակի արտադրանքների մուտքի հարցերում։ Տնտեսական սահմանափակումները սկսել են գործել 2014թ. օգոստոսի սկզբին ընդունված` ՌԴ նախագահի «ՌԴ անվտանգության ապահովման նպատակներով տնտեսական առանձին հատուկ միջոցառումների կիրառման մասին» հրամանի համաձայն։ 2014թ.-ից ՌԴ-ի կողմից արդյունաբերական արգելք է սահմանվել ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների նկատմամբ։ Միայն 2013թ.-ին ՌԴ-ի կողմից արգելափակում էր սահմանվել այդ երկիր մատակարարվող, ընդհանուր առմամբ, շուրջ 9.1 մլրդ դոլարի ապրանքատեսակների նկատմամբ (2014թ. ընդունված օրենքը տարածվում էր 2013թ. ապրանքաշրջանառության վրա)։ Փորձագետների մի մասը համարում է, որ մասնավորապես Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած որոշ ապրանքատեսակների՝ ՌԴ շուկա մուտքի արգելքն ուներ հստակ քաղաքական ենթատեքստ՝ պայմանավորված ռուս-վրացական, ռուս-ուկրաինական քաղաքական հարթության տարակարծություններով։

Հայացք Հայաստանից

Հայաստանի տնտեսությունը քանիցս անուղղակի և ուղղակի կերպով տնտեսական վնասներ է կրել մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով։ Սակայն այստեղ խնդիր կա նաև այլ՝ անվտանգային հարթությունում, որն, ըստ մեզ, անհամեմատ շատ ավելի մեծ կարևորություն ունի հայկական կողմի համար։ Խոսքը վերաբերում է նրան, որ մինչ օրս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որևէ երկիր, և առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, անվտանգային նկատառումներից ելնելով, այդպես էլ տնտեսական պատժամիջոցներ չնախատեսեց Ադրբեջանի իշխանությունների ու նրա առանձին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ արցախա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի նախաձեռնման, դիվերսիոն ներթափանցման գործողությունների համար։ Շատ ավելի անհասկանալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների առումով, որտեղ կան հստակ ապացույցներ ռազմական հանցագործությունների մասին, այդ թվում և՝ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Կարծում ենք, որ հայաստանյան փորձագիտական շրջանակներում նույնպես այդ հարցում տնտեսական պատժամիջոցների սահմանման թեմատիկան անհրաժեշտ կերպով ուսումնասիրված չէ և չի բարձրացվում միջազգային ատյաններում։ Շեշտադրումը պետք է լինի այն հարցի վրա, որ նման գործողությունների համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահ երկրների արձագանքը պետք է ունենա իրավական, տնտեսական պատժիչ հստակ գնահատականներ ու հետևանքներ։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ