կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-25 18:37
Իրավական

ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: Այդ մասին հինգշաբթի` ապրիլի 25-ին, ռուսական Կոնակովո քաղաքում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը, հայտնում է «Առկա» գործակալությունը:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչն ապրիլի 8–ին բավարարվել է։

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։

Բելյանինովը նշեց, որ «Սպայկա» ընկերության մասով դժգոհություն է ներկայացված հարկերի չվճարման պահով: «Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին», — նշեց Բելյանինովը:

Նա հաստատեց նաև, որ մինչև քրեական գործի ավարտը ոչ մի գործընթաց չի կատարվի: «Դա բաժնետերերի գումարներն են, մենք չենք կարող ռիսկի ենթարկել դրանք: Սակայն մենք արխիվ չենք ուղարկել այդ հարցը, ընդամենը հետաձգել ենք ֆորս մաժորային իրավիճակների պատճառով», — ասաց նա: