Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը երեկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որում առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։
«Երկիր մեդիա»-ի հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Սիմոն Մաղաքյանն ասել է, որ Կոլորադոյի Սենատն այն ընդունել է միաձայն` 35 անդամների կողմից: Նա նաև հիշեցրել է, որ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսն այս ամսվա սկզբին ապրիլը հայտարարել էր ցեղասպանությունների իրազեկման ամիս։
Նշենք, որ վերոնշյալ փաստաթղթում խոսվում է հայերի, հրեաների և մնացած ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունների մասին` դատապարտելով ազգային, ցեղային և կրոնական հողի վրա կատարված հանցագործությունները։
«Նահագապետի` ապրիլին ընդունած հռչակագրում նշվում է նաև Կոլորադոյի նահանգապետարանի տարածքում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված խաչքարի մասին: Այն Ջուղայում ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակ է: Ի դեպ, երեկ ընդունված բանաձևում հիշատակվում է Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանության մասին, որն իրագործվել է 1997 և 2006 թվականների ընթացքում ադրբեջանական իշխանությունների կողմից»,- ասել է Մաղաքյանը:
Ըստ զրուցակցի` հռչակագրում նշվում է նաև, որ Ցեղասպանության հետևանքներից է այն տնտեսական շրջափակումը, որի զոհն են Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչին պետք է վերջ տրվի:
«Շնորհակալ ենք Կոլորադոյի Սենատի անդամներին, առանձնահատուկ` Դոմինիկ Մորենոյին և Ջեյք Թեյթին, որոնք ղեկավարեցին այս բանաձևը: Շնորհակալ ենք նաև տեղի համայնքին և ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին: Նշեմ, որ սա 9-րդ անգամ է, որ Ամերիկայում նահանգային օրենսդիրն ընդունում է Արցախի Հանրապետության անկախության փաստը,- ընդգծել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչը:- Իրադարձությունը կարևոր է ոչ միայն ամերիկահայերի, այլ նաև Հայաստանի ու Արցախի համար: Իսկ Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլև մեր հայրենիքի իրավունքների պաշտպանության պայքարը շարունակելու օր է»: