Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայրենադարձության և դրա կազմակերպման հիմնահարցերը շարունակում են օրակարգային մնալ Հայաստանի և հայության համար։ Սփյուռքի հայության համար շարունակում է մտահոգիչ լինել ինքնության պահպանման, ասիմիլացման խնդիրը, ընդ որում` առավել խոցելի են երիտասարդ շերտերը։ Այսօր էլ շարունակվում են քննարկումներն ու բանավեճերը պետություն-սփյուռք հարաբերությունների, հայրենադարձության կազմակերպման հնարավորությունների շուրջ, սակայն խոշոր հաշվով էական առաջընթաց այդ հարցերում այդպես էլ չունենք։ Այդ առումով հետաքրքիր կլինի անդրադառնալ միջազգային փորձին, տվյալ դեպքում՝ հրեաների, ինչը կարող է ուսանելի լինել և նպաստել առկա մարտահրավերների դիմակայման գործում հայության շրջանում առավել արդյունավետ աշխատանք տանելուն։
Կարծում ենք, որ Իսրայել հրեաների հայրենադարձության կազմակերպման հարցերում սկզբունքային կամ առանցքային է եղել մոտիվացիա ասվածը, ինչը թերևս սխալ է դիտարկել մեկ ամբողջական պրիզմայով։ Հայրենադարձության մոտիվացիան տարբեր ժամանակահատվածներում տարբեր շարժառիթներ է ունեցել, որոնք և կփորձենք համակարգել։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հրեության հայրենադարձության մոտիվացիան ենթադրել է մի քանի առանցքային բաղադրիչներ կամ գործոններ:
Պատմական հիշողությունն ու կորուսյալ հայրենիքի խորհուրդը
Երկհազարամյա պետականազուրկ և աշխարհացրիվ պայմաններում լուծելով իր գոյապահպանման խնդիրը՝ հրեա ժողովրդի պատմական հիշողությունում ավելի քան արժևորվեց հայրենիքի խորհուրդը։ Կորուսյալ հայրենիքի գաղափարը արտացոլվում է նաև եբրայերենում «սփյուռք» հասկացությունում. «սփյուռք» եզրի ստուգաբանությունում դրված է հոգևոր-կրոնական, գաղափարական իմաստ։ Հրեությունում «հրեական սփյուռք» եզրը հայտնի է «գալութ» անվանմամբ, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «արտաքսում» և բնորոշվում որպես հրեական պետության սահմաններից դուրս հրեա ժողովրդի հարկադրական գոյակցում։ Հրեա ժողովրդի պատմության տարբեր դարաշրջաններում «գալութ» ձևակերպումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Չունենալով պետականություն, հրեության շրջանում շատ էին «գալութ» երևույթի կողմնակիցները։ Նրանք հրեության անվտանգությունը պայմանավորում էին հրեական համայնքների հզորացմամբ։ Ուշ միջնադարում, պայմանավորված լուսավորության առաջընթացով, նաև հրեության համար բնակության միջավայրում առավել արդյունավետ ինտեգրվելու և իրավունքների սահմանափակումները մասնակի վերացնելու հնարավորություններ ստեղծվեցին։ Մյուս կողմից` առաջացան «գալութ»-ին ընդդիմադիր գաղափարական կազմակերպված շարժումներ, որոնք հետագայում հրեական ազգային-հոգևոր վերածննդի հիմքը դարձան: Հոլոքոստից հետո այդ շարժումները գործեցին ավելի համակարգված ու կոնցեպտուալ։
Մասնակցություն պետականության վերականգնմանը
Հայրենադարձությունը կրում է ազգային գաղափարախոսության, հոգեղենության խորհուրդը։ Հրեաների հայրենադարձության գործընթացը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «վերելք», «հառնում»։ Ասել է թե՝ հայրենադարձությունը դիտվում է որպես ժողովրդի փրկություն, վերածնունդ, որի անվտանգության ապահովման միակ երաշխիքը հրեական պետականության կերտումն է։ Նկատենք, որ հրեությունում «արտագաղթ» եզրը ստուգաբանվում է որպես «վայրէջք»։ Հրեությունում և հատկապես Իսրայելում երկրից արտագաղթելը բացասական ընկալում ունի, արտագաղթած հրեաներին համարում են քաղաքացիական դասալիքներ։
Հրեության պետականության գաղափարն ուղղակի կապ ունի զինվորականության հետ։ Հրեության մեջ զինվորականի կերպարը մշտապես ընկալվել է որպես հրեական պետականության շարունակականության, հրեա ժողովրդի պաշտպանության երաշխիքներից մեկը։ Իսրայելի պաշտպանության բանակում զինվորականների մոտիվացիան ունի ազգային-հոգևոր հենք: Հրեական սփյուռքի, հատկապես` կրոնավոր ու պահպանողական ընտանիքներից սերող շատ երիտասարդներ պետությանը, երկրի զինված ուժերում ծառայությունը դիտում են որպես հոգևոր պարտքի կատարման հնարավորություն։
Հակասեմականությունը և հայրենադարձությունը
Սփյուռքում գոյակցման ամբողջ ընթացքում հրեությունը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է բռնությունների ու հետապնդումների, որոնք ունեցել են կրոնական, ազգային շարժառիթներ։ Դա ստիպել է սփյուռքում բնակվող հրեությանը գոյապահպանման ու անվտանգության ապահովման հարցերն ուղղակիորեն պայմանավորել պետականության վերականգնման գաղափարի հետ։ Պատմագրության մեջ հրեաների նկատմամբ զանգվածային բռնությունների ու հետապնդումների մասին առաջին հիշատակումները վերաբերում են մ.թ. 38 թվականին Ալեքսանդրիայում տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ տեղի իշխանությունները, դրսևորելով ազգային ու կրոնական խտրականություն, փորձում էին խոչընդոտել հրեաների` քաղաքացիական իրավունքներ ստանալուն։ Միջնադարում քրիստոնեական և իսլամադավան երկրներում հրեական համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքը, նրանց իրավունքների սահմանափակումները սփյուռքի քաղաքական-գաղափարական ու կրոնական առաջնորդներին դրդում էին փնտրել հրեության գոյապահպանման այլընտրանքային, առավել արդյունավետ տարբերակներ` առաջնակարգ նշանակություն տալով հարմարվողականությանը։ Ի տարբերություն հնագույն շրջանի, միջնադարում հրեությունում արմատներին վերադարձի, հայրենադարձության հարցերը ժամանակի ընթացքում մասամբ կտրվում էին իրականությունից՝ ստանալով ավելի շուտ տեսական, պատկերավոր բնույթ։
Հրեությունում հայրենադարձության առաջին երկու խոշոր ալիքները պայմանավորված էին Ռուսական կայսրությունում իրականացված զանգվածային բնռություններով։ Արդյունքում` 1882-1903թթ. և 1904-1914թթ. Պաղեստին հայրենադարձվեց, համապատասխանաբար, 35 և 40 հազար հրեա։ Հայրենադարձության երրորդ ալիքի (1919-1923թթ.) հետևանքով Էրեց-Իսրայել (Իսրայել երկիր) հայրենադարձվեց ևս 40 հազար հրեա, որոնց առաքելությունը տեղում գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն էր։ Չորրորդ ալիքը (1924-1929թթ.) պայմանավորված էր Լեհաստանում ու Հունգարիայում հակասեմականության վերելքով, ինչի հետևանքով հայրենադարձվեց շուրջ 82 հազար հրեա։ Այդ հարցում զգալի դեր կատարեց Լեհաստանում սկսված տնտեսական ճգնաժամը, դրան հավելենք նաև արհեստագործական ու առևտրական ոլորտներից հրեաներին դուրս մղելու` տեղի իշխանությունների քաղաքականությունը։ Հայրենադարձության 5-րդ ալիքի (1929-1939թթ.) կազմակերպմանը նպաստեցին 1929թ. սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը, 1933թ. Գերմանիայում նացիստների իշխանության գալը։ 1933-1939թթ. Կենտրոնական Եվրոպայից հայրենադարձվեց շուրջ 250 հազար հրեա։
Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԻԿՎԲ) տվյալներով` 1948թ. Իսրայել պետության հիմնադրումից հետո մինչ օրս ավելի քան 130 երկրից հայրենադարձվել է շուրջ 3.2 մլն մարդ։ Ընդ որում` 1990-ականներից սկսած, հետխորհրդային տարածքի հրեա բնակչության հայրենադարձությունը, որը հայտնի է որպես Մեծ հայրենադարձություն, ընդհանուր հայրենադարձների 43%-ն է՝ 1.35 մլն մարդ։ 2000-2014թթ. հայրենադարձների թվով առաջատար էր ՌԴ-ն, որին բաժին է ընկնում հայրենադարձների 21.3%-ը։ Զգալի էր հայրենադարձների թիվն Ուկրաինայից (18.4%), ԱՄՆ-ից (10.1%), Ֆրանսիայից (9.6%) և Եթովպիայից (9.4%)։ Հայրենադարձվածների գրեթե կեսի՝ 45.5%-ի բնակության վայրը հետխորհրդային տարածքն է։ Ըստ տարածաշրջանների ու մայրցամաքների հաշվարկի` 2000-2014թթ. կտրվածքով, ամենաշատը հայրենադարձվել են Արևելյան Եվրոպայից՝ 54.1%, որին զգալի տարբերությամբ հաջորդում է Արևմտյան Եվրոպան՝ 14.1%։ Բարձր են նաև Հյուսիսային Ամերիկայից և Աֆրիկայից հայրենադարձված հրեաների ցուցանիշները՝ համապատասխանաբար, 11.7 և 10.5%։
Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոն կանխատեսումներ է ներկայացվում 2040թ. դրությամբ Իսրայելի հրեա բնակչության ու ոչ հայրենաբնակ հրեության թվաքանակների վերաբերյալ։ Իսրայել պետության ղեկավարությունը նախատեսում է առաջիկա տասնամյակներին աստիճանաբար ավելացնել երկրի բնակչության թվաքանակն ինչպես ի հաշիվ Իսրայելում ծնելիության աճի, հայրենադարձության արդյունավետ կազմակերպման, այնպես էլ հասարակության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման քաղաքականության շնորհիվ։ Ըստ այդ հաշվարկների` Իսրայել պետության և հրեական սփյուռքի բնակչության ցուցանիշները 2025-2027թթ., համապատասխանաբար, կկազմեն 7.65 և 7.77 մլն, իսկ հետագա տարիներին նախատեսվում է, որ Իսրայել պետության հրեա բնակչության թվաքանակը կգերազանցի 10 մլն-ը, իսկ հրեական սփյուռքի թվաքանակը, համաձայն ԻԿՎԲ կանխատեսումների, կնվազի մինչև 6.92 մլն։ Սա նշանակում է, որ համայն հրեության մարդկային-մտավոր, ֆինանսական-տնտեսական պոտենցիալի կուտակման և վերարտադրության ապահովման հարցում հրեությունն արդեն առաջնորդվում է ոչ թե ցանցակենտրոնության, այլ, ավելի շուտ, միակենտրոնության սկզբունքով։
Կարեն Վերանյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ