կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 16:55
Առանց Կատեգորիա

Հայրենադարձության օրակարգին պետք է պատրաստվել համալիր մասնագիտական ծրագրերով

Հայրենադարձության օրակարգին պետք է պատրաստվել համալիր մասնագիտական ծրագրերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:


-Պարոն Գանդահարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սփյուռքն այսօր լսելի չէ կառավարության համար, և պետք է ստեղծվի մի կազմակերպություն, որը կներկայացնի Սփյուռքը: Ինչպե՞ս եք գնահատում այս գաղափարը:

-Սփյուռքի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու և վերակառուցակարգելու խնդիր կա։ Կարծում եմ՝ այդ կազմակերպությունը, որը նշում եք, կարելի է ձևավորել կարճաժամկետ և երկարաժամկետ դրվածքներով։ Առաջին հերթին պետք է վերսկսել քննարկումներ անցկացնել համահայկական խորհուրդ ձևավորելու ուղղությամբ, որին կներառվեն սփյուռքյան դասական կառույցների ներկայացուցիչներն ու Սփյուռքի մասնագիտական մարդուժի ներկայացուցիչները։ Համահայկական խորհուրդը կունենա նաև մասնագիտական ոլորտի հանձնաժողովներ։ Հիմնական գործառույթը այս հանգրվանին կլինի խորհրդատվական։ Ինչպես որ զուտ հայաստանյան օրակարգով աշխատում է հանրային խորհուրդը, այնպես էլ համասփյուռքյան և համահայկական օրակարգով էլ կզբաղվի համահայկական խորհուրդը։ Կազմում կլինեն ՀՀ-ի, Արցախի պետության և Սփյուռքի հասարակական, հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է երկարաժամկետին, մենք ի վերջո պետք է ունենանք երկպալատ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն Սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիություն ունեցող զանգվածների ընտրովի ներկայացուցիչները և ովքեր արդեն իրավական առումով կմասնակցեն համահայկական հնչեղություն ունեցող օրակարգերի քննարկմանն ու որոշման գործընթացներին։ Խորհրդատվականից իրավական հարթություն անցումը պիտի լինի հեռանկարային առաջադրանք։

-Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել Սփյուռքի հնարավորություններից:

-Ներկա փուլի մասին խոսելիս անպայման պետք է նկատի ունենալ անցյալի փորձը։ Կարծում եմ՝ կարևոր ճանապարհ ենք անցել համահայկական օրակարգերի առումով կազմակերպված համախմբվածություն իրականացնելով. նկատի ունեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի բրգաձև կառույցներն ու Սփյուռքի նախարարության առընթեր գործած տարբեր ոլորտների համահայկական ընկերակցությունները։ Ներկա փուլը դեռևս նախապատրաստական հանգրվանում է։ Ռազմավարության մշակման ուղղություններից ամենաարդիական հնչեղությունը կարող է ունենալ հայրենադարձությունը՝ նկատի ունենալով, թե որոշ աշխարհագրական միջավայրերում ստեղծված իրավիճակի իբրև հետևանք շարունակելի հայրենադարձության միտումները, պաշտոնական Երևանի առաջադրանքը՝ տնտեսական թռիչքաձև զարգացում ապահովելու և թե արտագաղթի տեմպերի նվազեցման համար հատուկ քաղաքականության կիրառման նախագծերը։ Բայց հայրենադարձության օրակարգին պետք է պատրաստվել համալիր մասնագիտական ծրագրերով՝ իրավական, տնտեսական, բնակեցման, հակաճգնաժամային ծրագրերի իրացման, կրթական և այլն։ Հայրենադարձության տարբերակների վրա աշխատելը, կարծում եմ, գործնական կլինի հայեցակարգային որոշակի փոփոխություններ ընդունելով։ Հայրենադարձության ներառյալ՝ Հայաստանում սովորելը, Հայաստանում բժշկվելը, բնակարան վերցնելը, ներդրում անելը, դրամատնում հաշիվ բացելը։ Ուզում եմ ասել, բացի հիմնական տեղափոխությունից, մանավանդ այսօրվա գլոբալացված աշխարհում մարդ անհատը մի քանի հասցե կարող է ունենալ՝ բնակարանային և թե աշխատանքային առումներով, իսկ սփյուռքահայի հասցեներից մեկը անպայման պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը։

-Ձեզ համար պա՞րզ է, թե նոր կառուցվածքով ինչպես է կառավարությունը աշխատելու Սփյուռքի հետ։

-Դեռևս վերջնական պարզ չէ։ Առավելապես պատկերացնում եմ, որ համակարգողի դեր պիտի վերցնի գրասենյակը՝ տարբեր նախարարությունների աշխատանքները Սփյուռքի հետ նկատի ունենալով. անպայման կունենա նաև նախաձեռնողական գործառույթներ՝ հայաստանակենտրոն Սփյուռքի ձևավորման ուղղությամբ, հատկապես երիտասարդական, մարզամշակութային և կրթության ոլորտները նկատի ունենալով, ինչպես նաև ներդրումային դաշտում սփյուռքահայ գործարարներին ներգրավելու անհրաժեշտությունը։

-Կառուցվածքային փոփոխությունները ինչպե՞ս եք գնահատում, հատկապես մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների միավորումը ԿԳ-ին:

-Ես կողմ եմ, որ կրթությունն ու մշակույթը գործեն իբրև առանձին գերատեսչություններ։ Մեր երկիրը գուցե մրցունակ չլինի աշխարհում տնտեսության, աշխարհաքաղաքական մեծ օրակարգերում ազդեցություն ունենալու առումով, բայց մեր մշակույթը գերմրցունակ է համաշխարհային առումով, և մենք թե՛ հայկական աշխարհին և թե՛ համաշխարհային մակարդակի վրա մշակույթ արտահանող երկիր ենք։ Այս գերմրցունակության նշաձողերը պահպանելու և նոր աստիճանաչափեր նվաճելու համար անհրաժեշտ է առանձին գերատեսչություն։ Կարծում եմ՝ անհրաժեշտություն կա, և դրա նախադրյալները կան տարածաշրջանում լավագույն ուսումնական միջավայրի ձևավորման։ Սփյուռքահայության հայրենիքի շուրջ համախմբման կարևորագույն ուղիներից մեկը Հայաստանում սովորելու և մասնագիտանալու հնարավորությունների ստեղծումն է, որը նաև ուսումնական բարձր մակարդակի ապահովում է ենթադրում։ Կրթության ոլորտը ևս, առանձին գերատեսչությամբ կենտրոնացած զուտ կրթական խնդիրներով, կարծում եմ, ավելի շատ արդյունք կտա։

Գ.Մ.