կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 16:48
Քաղաքական

Փաշինյանի մոտ անսխալականության սինդրոմ է. քաղտեխնոլոգ

Փաշինյանի մոտ անսխալականության սինդրոմ է. քաղտեխնոլոգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր հեղինակությունն ընկնում է, բայց մյուս կողմից էլ մտածում է` ինչո՞ւ է ընկնում: Փաշինյանի մոտ այժմ անսխալականության սինդրոմ է, ու նրան թվում է, թե ամեն ինչ ճիշտ է անում, իսկ սխալների համար մեղավոր են այդ` իրեն չհասկացող մյուսները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Ինքն իրեն մտածում է. «Չէ՞ որ, ես հեղափոխություն եմ արել, կառավարությունը լրջագույն  բացթողումներ ու ձախողումներ չի ունեցել, բայց, այս ամենին զուգահեռ, ինչո՞ւ է ընկնում իմ վարկանիշը: Գուցե այն պատճառով, որ նախկին իշխանության ներկայացուցիչները «Ֆեյսբուք»-ում ֆեյք էջեր ունենալու վրա միլիոններ են ծախսում, որ մանիպուլացնե՞ն ժողովրդին»: Փաշինյանը համոզված է, թե ինքը միշտ ճիշտ է, շրջապատն է ամբողջովին սխալ, ու պետք է պայքարել դրա դեմ: Հետևաբար` առաջ է գալիս թշնամիներ փնտրելու երևույթը: Եվ եթե ուշադիր հետևեք նրա գործողություններին, ապա միշտ թշնամի է փնտրում»,- ներկայացրեց քաղտեխնոլոգը:

Նա նշեց նաև, որ վարչապետը ոչ թե երկարաժամկետ, այլ իրավիճակային թշնամիներ է փնտրում. օրեր առաջ թշնամին ԲՀԿ-ն էր, այնուհետը` մաքսատան աշխատակիցը, հետո` ՀՀԿ-ն, որն իբրև թե տրանսգենդեր կնոջն անձնագիր էր տվել, չնայած դրա իրավասությունը ոչ թե կուսակությունը, այլ ոստիկանությունն ունի:

«Քաղաքական ուժն իր կողմնակիցներին շուրջը պահելու երկու ձև ունի` կա'մ լուսավոր ապագա ունենալու խոստում ես տալիս, մատնանշում նպատակ-թիրախները, ու մարդիկ գալիս են քո հետևից, կա'մ մատնանշում ես թշնամիներիդ, ինչը նույնպես թիրախավորվում է: Երկուսն էլ վարկանիշը բարձր պահելու տեխնոլոգիաներ են, և տեսնում ենք, որ Փաշինյանը սեփական վարկանիշը բարձր պահելու համար առաջնորդվում է երկրորդ մեթոդով»,- եզրափակեց Բադալյանը: