կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 17:28
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի անսխալականության խոսափող

Սերժ Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի անսխալականության խոսափող

Տեր-Պետրոսյանն այն համոզմունքին է, որ այս երկրում «ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը բռնազավթած մի բուռ հանցագործների ձեռքում»։ Ես այս մարդու ոչ մի արտահայտությունը քաղաքականություն վերադառնալուց մինչեւ այսօր ոչ մի օր չեմ հասկացել։ Թեպետ այնպես չէ, որ իմաստ եմ փնտրել։

 

Այն, ինչ էս իշխանությունն արել է, ժողովրդի հետ է արել, Դուք ինչո՞ւ չեք խոսում տանուլ տված ժողովրդի մասին։ ՀՀՇ համագումարի Ձեր ելույթը նվիրում եք քաղաքական ուժերի արեւմտասիրությանն ու ռուսասիրությանը։ Ինչո՞ւ եք խոսում։ Որովհետեւ հայտնի ձայնագրության մեջ այդ մասին ամենասխալ շեշտադրումներով խոսել է Լեւոն Զուրաբյանը։ Ձեզ ինչո՞ւ է թվում, թե Զուրաբյանին սրբագրելն ավելի կարեւոր է, քան անդունդի ինվենտարիզացիան, այսինքն` կործանված շարժման դրդապատճառները ներկայացնելը։ Երկու պատճառ կա՝ կա'մ հանգստանում եք Ձեր անսխալականության բարձունքներում, կա'մ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել եք, որ աչքաթող չի անելու Ձեր ծրագրերը։

 

Այդ դեպքում Դուք ինչո՞ւ ժողովրդին կոչ չեք անում քվեարկել ՀՀԿ թեկնածուի օգտին, որ Ձեր անսխալականության խոսափողն էր ՀՀԿ համագումարում։ Սակայն կոչ չեք անում, որովհետեւ երբեք ժողովրդի վրա չեք հենվել։ Որովհետեւ չեք ուզում ծախված երեւալ։ Որովհետեւ ոչ մեկին այս ժողովուրդը երբեք այդքան հաճույքով սխալ չի հասկացել, որքան Ձեզ։ Իսկ հաճույքով է սխալ հասկանում, որովհետեւ երբեք նրա հետ բաց խաղաքարտերով չեք խաղացել։

 

Տարիքը Ձեր համակիրներին տեղյակ պահելու թեմա չէ, Դուք մարտահրավերներից խոսեք։ Դուք նրանց տարբերակ ասեք, Դուք նրանց շնչառության պատասխանատուն եք, որովհետեւ մի անգամ այնպես եք շփոթեցրել, որ առանց Ձեզ ճիշտ լինելը նրանց սարսափեցնում է։ Բոլորը հո տեսնում են, որ Ձեր լեզվի ծայրին է Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչը, բայց Ձեզ շրջապատել եք բարեխիղճ հակասերժականներով, որոնք Ձեր ազատությունն ու հավեսը չունեն` առանց կոնկրետ գործի Սերժ Սարգսյանի վրա հենվելու։ Նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում փոխզիջումների գնալ, որոնք մարտի 1-ի հանցագործությունների պատասխանատվությանը հասնելու բանալին չունեն։ Նրանք մարդիկ են, որոնք, ի տարբերություն Ձեզ, հաշվել են Հայաստանը թիզ առ թիզ կորցնողներին, որոնք միայն օրենք են պահանջել, ոչ թե` բիզնես, որոնք սեփական տուն են երազել, ոչ թե՝ «крыша»։ Եվ որոնք երբեք չեն հաշտվի էն մտքի հետ, որ ընտրողին 5 հազար դրամ բաժանողը չի կարող ազնիվ լինել։

 

Փոխարենը անեկդոտներ եք պատմում։ Լիովին հասկանում եմ պայքարից դուրս մնացողի, այսինքն` Ձեր աշխուժությունը։ Ես նույնպես ատում եմ պայքարը։ Ինձ համար, օրինակ, ընտրությունը պայքար է։ Հետեւաբար, ես միշտ որեւէ պայքարից դուրս եմ։ Ինձ վիրավորած պատգամավորին, նախարարին կամ նախագահին ես ներող եմ։ Ինձ հետ պայքարի մեջ մտածին՝ զիջող։ Ես կխուսափեի ծիծաղել ոչ միայն իմ գաղափարների համակիրների, այլեւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների վրա։ Շփոթմունքը բնական իրավունք է, դրանով մարդը չի օժտվում։ Եթե չի շփոթվում, ուրեմն չի էլ ծերանում։ Այսինքն` բնական պրոցեսից դուրս է։ Դուք քաղաքական կենսունակության տարր եք դարձրել Ձեր կողմնակիցներին շփոթեցնելը։ Դուք չեք ասում, որ հաղթելու ոչ մի տարբերակ չունեք այսօրվա Հայաստանի ընտրական գործընթացներում, ինչպես Ռոբերտ Քոչարյանը չի ունենա, ինչպես Կարեն Դեմիրճյանը չուներ, ինչպես ոչ ոք չի ունենա, քանի դեռ իշխանությունը չի վերցնում մի մարդ, որն ինքն իրենից կներկայացներ «անանձնական ուրախություն»։

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ