Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողներին ասաց, որ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է երկու ուժերի` ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև, սակայն այս պահի քարոզարշավը ցույց է տվել, որ այս ուժերի մեջ դեռևս սուր պայքար չի ընթանում, այլ` թաքնված:
«Գոնե բաց հարթակներում, որտեղ ներկայացված են ՀՀԿ ու«Ծառուկյան» դաշինքի անդամները, միմյանց չեն քննադատում: Շատ անգամ այս վիճակը զավեշտի է հասնում, օրինակ` երբ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի վերաբերյալ պրետենզիաներ էին ներկայացնում, անմիջապես կանխարգելեց` ասելով, թե մի' քաղաքականացրեք: Սա է պատճառը, որ հիմնական դերակատարների միջև սուր ընտրապայքար չկա, կարծում եմ` թաքնված պայքար կա, քանի որ ընտրությունները մնում են ընտրություններ, անգամ` նույն կուսակցության անդամներն են բախվում, նույնիսկ` հասավ դանակահարության»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի` այս պահին ՀՀԿ-ի հիմնական թեման դարձել է ապագան, խնդիր է դրված չհիշել անցյալը: «Քարոզչական տակտիկայի հիմքում այն է, որ շեշտը դրվի ապագայի վրա, ոչ թե անցյալի»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հստակեցնելով, որ ամեն ինչ արվում է, որ վարչապետի վարկանիշը կոնվերտացիա արվի ՀՀԿ-ի վրա:
Նրա խոսքով` ՀՀԿ-ի ոճով են շարժվում նաև «Ծառուկյան» դաշինքի անդամները` նրանց մոտ ամեն բան կապվում է Գագիկ Ծառուկյանի անձի հետ:
Հակոբյանը շեշտեց, որ այս անգամ ՀՀԿ-ն փորձում է գրավել նաև երիտասարդներին և ոչ ռուսամետ սերնդին:
««Հայկական վերածնունդ»-ն ավանդական պոպուլիզմով է զբաղված: Միշտ եմ ասել, որ Արթուր Բաղդասարյանն այն գործիչներից է, որը կարողանում է օդում որսալ, թե լսարանն ինչ է ուզում լսել: Այդ առումով ինքն իրեն չի դավաճանում՝ բանակ, արագաչափեր, ավանդներ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախկին այն կուրաժը, դրայվն այնտեղ չկա, նոր քայլեր չկան:
ՕՐՕ-ի մասով ասեմ, որ ի սկզբանե բարդ է նրա վիճակը, քանի որ այս մրցակցության պայմաններում, երբ ոչ իշխանական հարթակում ընտրելու բան կա, նրանց վիճակը բարդ է` ունեցած հետագծի մասով: Այն, ինչի մասին խոսում են, հետո իրենց դեմ է կիրառվում. խոսում ես բանակում չարաշահումների մասին, հիշեցնում են: Կարծում եմ՝ վերջին մի քանի օրը նկատելի է, որ ՕՐՕ-ն ավելի է ագրեսիվանում ու սկսում տեղավորվել արմատական դաշտում:
Ոչ միայն ՕՐՕ-ն, այլև «Ազատ դեմոկրատներ»-ն ու «Ելք»-ը մինչև քարոզարշավի ավարտը կսկսեն արմատականացնել իրենց գաղափարախոսությունը:
ՀՅԴ-ն իր ավանդական կեցվածքի մեջ է, իր ելույթների մեջ մարտավարությունը հնչեցրել է, ասել է, որ իրենք ունեն կայուն ընտրազանգված, և այդ կայուն գաղափարախոսությունը գալիս է հիմնական ընտրազանգված ունենալուց»,- ասաց Վիգեն Հակոբյանը: