կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 13:26
Քաղաքական

Սեյրան Օհանյանի վերադարձի գործոնը խիստ գերագնահատված է. քաղտեխնոլոգ

Սեյրան Օհանյանի վերադարձի գործոնը խիստ գերագնահատված է. քաղտեխնոլոգ

Նախընտրական գործընթացը սկսվել է այն պահից, երբ հանրապետության նախագահը ստորագրեց որոշում, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ ընտրություններ. այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ այս պահին հստակ է մի բան, որ ՀՀԿ-ն ընտրություններին կգնա միայնակ:

«Հանրապետականն ունի թույլ և ուժեղ կողմեր: Ուժեղ կողմերից մեկն էլ Կարեն Կարապետյանն է»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ, բացի ուժեղ կողմերից, վարչապետն ունի նաև թույլ կողմեր` նա ավելի շատ մենեջեր է, քան քաղաքական գործիչ:

«Քաղաքականության մեջ մենեջերը պարտվում է քաղաքական գործչին: Եթե վարչապետը մենեջերից չդառնա քաղաքական գործիչ, հետագա տարիների համար հաջողություն չի ունենա»,- նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով` Կարեն Կարապետյանն առաջարկում է Հայաստանի տնտեսության այս կամ այն ոլորտի առողջացում, բայց ամբողջական ծրագիր, որը կօգնի Հայաստանի վիճակի լավացմանը, տնտեսության զարգացմանը, չի արվում: «Վարչապետը Հայաստանին նայում է որպես ԲԲԸ-ի: Նայում է, որ ոլորտն է վատ, փորձում է չեզոքացնել»,- ասաց Բադալյանը:

Ըստ նրա՝ վարկանիշային քվեարկությունը կարող է պրոբլեմ դառնալ ՀՀԿ-ի համար:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալուն և նշեց, որ ԲՀԿ-ն հենց դրան է սպասում, իսկ մյուս քաղաքական ուժերը դեռ բանակցում են:

«Ժառանգություն» կուսակցության գործունեության մասին խոսելով էլ՝ բանախոսն ընդգծեց, որ այստեղ ամեն ինչ պարզ է: «Երբ կուսակցության ղեկավարն ամիսներով այստեղ չէ, կուսակցության վիճակն էլ այս կլինի»,- նշեց նա:

Բադալյանն անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի` քաղաքական դաշտում կրկին լինելու հավակնություններին: «Նրա վերադառնալու գործոնը խիստ գերագնահատված է: Բացի այդ` արտահայտությունը, թե նա մտնում է քաղաքականություն, մեղմ ասած, գրագետ արտահայտություն չէ, քանի որ Սեյրան Օհանյանն առնվազն տասը տարի եղել է քաղաքական պաշտոնում` նախարար է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանը քաղաքական դաշտում չի կարող լոկոմոտիվ լինել: Բադալյանի կարծիքով՝ Սեյրան Օհանյանի վարկանիշի վրա ազդեց նաև ապրիլյան պատերազմը: