կարևոր
5581 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-19 16:31
Քաղաքական

Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ

Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ

Որքան գործող իշխանության վարկանիշն ընկնում է, այնքան նման կիրառվող տեխնոլոգիաները շատանում են, այս տեխնոլոգիաների կիրառումը վկայում է, որ ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են, քանի որ իրենք վարկանիշային էական անկում ունեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով հնչող ահազանգերին, թե վերջին շրջանում հավաքների ընթացքում հայտնվել են սադրիչներ, որոնք մասնակիցներին փորձում են դրդել բախումների՝ հատկապես ոստիկանության աշխատակիցների հետ։

«Նման տեխնոլոգիաներ կիրառվում են հենց այն ժամանակ, երբ իշխանություններն սկսում են հասկանալ, որ իրենց հեղինակությունն այլևս դերակատարություն չունի։ Օրինակ, 2018-ին գործող իշխանությունը նման տեխնոլոգիա կիրառելու կարիք չուներ, որովհետև իրենք վարկանիշային առավելություն ունեին ընդդիմադիրների նկատմամբ, իսկ հիմա զգում են, որ էդքան էլ մեծ տարբերություն չկա։ Հենց այդ ցածր վարկանիշը փոխհատուցելու համար էլ նման տեխնոլոգիաների են դիմում»։

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ սա լավ մոռացված հինն է։ «Իրականում, տարատեսակ հավաքներին սադրիչների «գործուղելը» միշտ էլ Հայաստանում տարածված տեխնոլգիա է եղել, դեռ 90-ականներին ընդդիմադիրների հավաքներին գալիս էին գործող իշխանությունների կողմից ուղղորդված մարդիկ, սադրանքներ էին իրականացնում, որպեսզի առիթն օգտագործելով՝ իշխանությունը կարողանա չեզոքացնել իր դեմ պայքարողներին։

Սա պայքարի ոչ արդի տեխնոլոգիաներից է, որը դեռ կիրառվում է։ Հայաստանում, հատկապես ԱՊՀ երկրներում, նման տեխնոլոգիաները մշտապես կիրառվել են, սադրիչները մասնակիցներին դրդում են դրսևորել հատկապես զգացմունքային, էմոցիոնալ գործողությունների, ինչի արդյունքում իրավապահ մարմինները հիմք կստանան նրանց ձերբակալելու։
Քանի որ այսօրվա իշխանությունը շատ չի տարբերվում նախկին համակարգից, որն անվանում են «քրեաօլիգարխիկ», իսկ գործողն առնվազն «քրեա» և ձևավորվող «օլիգարխիկ» համակարգ է, ապա այդ համակարգի մեջ պայքարի ոչ ազնիվ մեթոդներն են կիրառվում»։

Նա նշեց, որ դրա դեմ պայքարելու հիմնական տարբերակն այն է, որ ցուցարարները չպետք է տրվեն սադրանքների։ «Պետք է անմիջապես նկարահանել սադրիչներին, ու ոստիկաններին զգուշացնեն, որ նրանք սադրիչներ են ու պահանջնեն հեռացնել հավաքից։ Բացի այդ՝ կարևոր է նաև նրանց լուսանկարները տարածել լրատվամիջոցներով և ցուցարարների շրջանում, որպեսզի վերջիններս հասկանան, որ գործ ունեն հենց սադրիչների հետ»։