Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորագավիթի մաքսատան ծառայողին աշխատանքից ազատելու վարչապետի հանձնարարականն իրավաչափ չէ. նման բովանդակությամբ հանձնարարական տալու իրավասություն վարչապետը չունի: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեի հանձնարարականին Նորագավիթի մաքսատան ծառայողին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Նա նշեց, որ մաքսային ծառայողը պետական ծառայող է և պաշտպանված է միաժամանակ մի քանի օրենքներով՝ Աշխատանքային օրենսգրքով, Հանրային ծառայության մասին և Մաքսային ծառայության մասին օրենքով:
Ավետիսյանի խոսքով՝ միայն ծառայողական քննության արդյունքում հնարավոր էր պարզել մաքսատան աշխատակցի ենթադրյալ մեղքը և նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության:
«Այս դեպքում գործ ունենք աշխատանքային կարգապահական խախտման հետ, և եթե տվյալ արարքը բնութագրվում է, որպես կոպիտ խախտում, օրենքի պահանջով պետք է նշանակվի ծառայողական քննություն , ինչի արդյունքում միայն պետք է պարզվի տվյալ ծառայողի մեղքի առկայությունը կամ բացակայությունը, մեղքի աստիճանը, ինչից հետո միայն հնարավոր է տվյալ ծառայողին ներկայացնել կարգապահական պատասխանատվության՝ օրինակ խիստ նկատողության: Եվ եթե տվյալ ծառայողն առնվազն մեկ տարվա ընթացքում չի ունեցել կարգապահական պատասխանատվություն, ապա միայն խիստ նկատողությունը պետական ծառայողի աշխատանքից ազատման հիմք չէ»,- ասաց նա:
Ավետիսյանը նկատեց, որ եթե անգամ առկա է եղել մաքսային ծառայողի մեղքը, ինչն ըստ նրա վիճելի է, ապա մեկ դեպքի համար պետք է կիրառվեր մեկ կարգապահական տույժ, և նրա նկատմամբ ամենախիստ կարգապահական տուժը պետք է լիներ խիստ նկատողությունը:
Ըստ մասնագետի՝ պետական ծառայողները պետք է պաշտպանված լինեն իրենց պաշտոնի նշանակած անձանց հայեցողությունից և ցանկություններից.
«Մտահոգիչ է ոչ միայն այն, որ անձին պատասխանատվության են ենթարկում՝ օրենքի տառը չպահելով, այլ այն հանգամանքը, որ թիրախում հայտնվում են շարքային ծառայողները, այն պարագայում երբ տվյալ իրավիճակի համար օրենքով սահմանված առերևույթ պատասխանատվություն ունեն նաև բարձրաստիճան պաշտոնյաները: Կառավարության մոտ ուղենիշ է դարձել, որ խնդիրներ արձանագրելիս պատասխանատվության ենթարկում են միայն ստորին օղակի պետական ծառայողները, իսկ բարձրասիճան պաշտոնյաները ջրից չոր են դուրս գալիս»,- ասաց նա:
Նշենք, որ մաքսային ծառայողն արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել: Հարցին, թե այդ պարագայում հնարավոր՞ր է արդյոք վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները, Ավետիսյանը պատասխանեց.
«Ակնհայտ է, որ մաքսային ծառայողի՝ աշխատանքից ազատման դիմումի հիմքում եղել է իր հետ տեղի ունեցած միջադեպը: Այսինքն գործ ունենք վարչապետի հանձնարարականի հիմքով աշխատանքից ազատման հետ: Վարչապետը նման բովանդակությամբ հանձնարարական տալու իրավասություն չունի, այդ հանձնարարականն իրավաչափ չէ: Եթե նա դիմում չգրեր՝ կազատեին աշխատանքից այլ ընթացակարգով, ինչը նա հնարավորություն կունենար դատարանում վիճարկելու»,- ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ նման երևույթները կարող են դառնալ նախադեպ:
Ավետիսյանը հիշեցրեց, որ մաքսային ծառայողներն օրենքով նախատեսված մի շարք երաշխիքներ ունեն, որպեսզի հայեցողական կամ քաղաքական որոշումներով պայմանավորված չկորցնեն իրենց աշխատանքը:
«Պետությունը մի կողմից սոցիալական երաշխիք է տալիս, օրինակ՝ պարգևատրումների միջոցով փորձում է խթանել տվյալ ծառայողի արդյունավետ աշխատանքը, բայց մյուս կողմից էլ օրենքով տրված նրանց նվազագույն երաշխիքները դնում է կասկածի տակ»,- ասաց նա:
Թադևոս Ավետիսյանը միաժամանակ անդրադարձավ պետական ծառայողների՝ իրենց իրավունքներն արդյունավետ իրացնելու խնդրին:
«Մաքսային ծառայողները պետք է կարողանան արդյունավետ կերպով իրենց իրավունքները պաշտպանել, որովհետև նրանք տարբեր ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, նրանց որոշումներից է կախված տարբեր մարդկանց մոտեցումը տվյալ կառույցի հանդեպ և պետական ծառայողները պետք է իրենց իրավունքներն ու օրինական շահերը կարողանան պաշտանել, «վախկոտ» կամ ոչ լիարժեք իրավունքներ իրացնող ծառայողները չեն կարող արդյունավետ գործել նաև այլոց իրավուքնների պաշպանության ոլորտում»,- ընդգծեց Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի համակարգողը:
Հիշեցնենք, որ երեկ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ անկյունում դրված փոշոտ դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր մաքսատան տեսուչին եւ սենյակակից աշխատակիցներին ազատման դիմում գրել։ Այսօր էլ վարչապետը վերահաստատեց իր որոշումը՝ նշելով. «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։