Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում հայտարարությունների ժամն է։ Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը․
«Սիրելի հայրենակիցներ,
Աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով էլ իշխանությունն արդեն համատարած նախաձեռնել է հարկ «քերթելու» և «հարկային տեռորի» բացահայտ քաղաքականություն։
Հերթը հասել է արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին։ Եվ այս նպատակին հասնելու համար հիմա էլ հանրությանը մոլորեցնում և պառակտում են՝ այս անգամ իրար հակադրելով ներսում և դրսում աշխատող և հարկ վճարող մեր հայրենակիցներին։
ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, ըստ որի՝ փոխադարձության սկզբունքով մեկ երկրում վճարված եկամտահարկը, շեշտում եմ՝ եկամտահարկը, պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուս երկրում եկամտահարկի հաշվարկից։ Այսինքն՝ լրացուցիչ եկամտահարկ կարող է առաջանալ, եթե աշխատուժը տվող երկրի համարժեք եկամտահարկի դրույքաչափը բարձր է աշխատուժ ընդունող երկրից։
2013թ․-ին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ ՀՀ-ում միացվեցին եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները։ Ձևավորվեց միասնական նոր հարկատեսակ՝ եկամտային հարկ անվամբ։ Սա այլևս նույնական չէ ՌԴ-ում գործող եկամտահարկի հետ, քանի որ վերջինս չի ներառում պարտադիր սոցիալական ապահովության վճարները։
Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին ՌԴ-ում վճարում է եկամտահարկ 13% դրույքաչափով և դրան գումարած՝ այդ երկրում օրենքով սահմանված սոցիալական վճարները։
ՀՀ իշխանությունները, անտեսելով սոցիալական վճարներ վճարած լինելու հանգամանքը, կրկնակի հարկում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ եկամտային հարկի 21% ոչ համարժեք դրույքաչափը, որը փաստորեն բարձր է ՌԴ-ում գործող եկամտահարկի 13%-ից, քանի որ ներառում է նաև նախկին՝ սոցիալական ապահովության պարտադիր վճարները։
Ի դեպ, մինչև հարկային այս փոփոխությունը՝ ՌԴ-ի հետ համարժեք գործող ՀՀ եկամտահարկի նվազագույն դրույքաչափը կազմել է 10%, իսկ միջին դրույքաչափը գրեթե նույնական է եղել ՌԴ-ում գործող եկամտահարկի դրույքաչափին։
Եկամտահարկի համարժեքության ապահովման այս խնդիրը պետք է օր առաջ լուծվի՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով, շանտաժի ենթարկելով կամ նրանց «գլխի տակ փոփուկ բարձ դնելով»։ Պետք է արդարացիորեն բացառվի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կրկնակի հարկման անօրինական պահանջը»։